Այնպիսի գյուղ լինի, որ մի տարի հետո չգան ասեն` դուրս եկեք ձեր տներից, սա տալիս ենք թուրքին
Tue, 21 Apr 2026 21:45:51 +0400

«Հրապարակ»-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացավ, որ Արցախից բռնի տեղահանվածներին բնակապահովման ծրագրի շրջանակներում ապրիլի 20-ի դրությամբ 5673 հավաստագիր է տրամադրվել, որից իրացվել է ընդամենը 2578-ը։ Այսինքն, 5673 ընտանիք դիմել է եւ ստացել, իսկ նրանցից 2578-ն արդեն ձեռք են բերել բնակարաններ` պետության աջակցությամբ, ինչը բավականին փոքր թիվ է 120 հազար արցախցիների պարագայում:
Մեզ հետ զրույցում արցախցի կինը, ով ցանկացավ անանուն մնալ, նշեց, որ հավաստագիր ստացել է, բայց դեռևս չի կարողանում այն իրացնել․ «Հենց լսում են, որ արցախցիենք ու հավաստագրով ենք ուզում տուն ձեռք բերել` «թվեր են կրակում»։ Մեր բարբառից էլ հասկանում են, որ արցախցի ենք։ Եղել է դեպք, որ նույն տան համար զանգել եմ և ես, և հարևանս, ով Արցախի բարբառով չի խոսում, իրեն 2 մլն դրամ էժան են ասել տան արժեքը»,- պատմեց մեր զրուցակիցը։
Նա ընգծեց, որ ՀՀ-ում բոլոր մարզերում ու գյուղերում էլ իրենք դիտարկում են բնակարան ձեռք բերելը, սակայն այլ հանգամանքներ ևս հաշվի առնում են․ «Եթե մեզ հետաքրքրող տունը սահմանամերձ է, առաջինը ուսումնասիրում ենք, թե տվյալ գյուղի վերաբերյալ ինչ խոսակցություններ կան, չլինի էնպես տուն առնենք ու մի ամիս կամ մի տարի հետո գան ասեն` դուրս եկեք ձեր տներից, սա տալիս ենք թուրքին։ Բացի դա, նայում ենք, թե տվյալ գյուղում որքանով է հեշտ աշխատանք գտնելը, որ մի հատ էլ տուն առնելուց հետո չգնանք մեծ քաղաքներ վարձով ապրենք, որ աշխատենք։ Փոքր երեխեք ունենք, նայում ենք նաև էդ գյուղերում դպրոց կա, թե՝ ոչ, իսկ եղածը մնալո՞ւ է, թե՞ փակվելու են։ Դժվար է շատ էս փնտրտուքները, ու ես ձեզ ներկայացնում եմ դեռ միայն առաջնային խնդիրները»։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, տան կառուցման հավաստագրի տրամադրում և գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը կախված է ընտանիքի անդամների քանակից և ձեռք բերվող բնակարանի գտնվելու վայրից։ Մեկ մարդու հաշվով դա կազմում է`
• 5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում,
• 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 452 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկը՝ այստեղ),
• 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում՝ բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
• 2 մլն դրամ, եթե մայիսի 16-ի դրությամբ ունեք գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի, իսկ 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունենալու դեպքում՝ աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։
Ծրագիրն իրականացվում է 3 փուլով։
Նշենք, որ նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով նախատեսվում է, որ եթե զույգն ամուսնալուծված է, ապա երկու առանձին հավաստագիր տրամադրեն։ Նախկինում մեկ ընդհանուր հավաստագրով էր տրամադրվում գումարը։
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր