«Հրապարակ». Ինձ քննադատում են, վնասում են` վատ բառամթերքով, բայց ես համերաշխ եմ իմ սրտի, հոգու հետ
Wed, 22 Apr 2026 12:45:20 +0400

«Հրապարակի» զրուցակիցն ամերիկաբնակ դերասանուհի, հաղորդավար Գայանե Ասլամազյանն է։
– Դուք ապրում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց ուշադիր հետեւում եք Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ մշտապես հանդես եք գալիս ՀՀ ներկայիս իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ։ Բայց, որքան էլ իրավացի եք Ձեր քննադատություններում, կարծես, ավելի շատ հենց Ձեզ են քննադատում-քննարկում։
– Այո, քննադատում են հենց ինձ, եւ դա շատ է ազդում իմ կյանքի, իմ առօրյայի վրա, որովհետեւ լինեն անձնական, թե աշխատանքային հարաբերություններ, բնականաբար, այդ ամենն ազդում է այդ հարաբերությունների վրա։ Քննադատում են ինձ, վնասում են ինձ՝ վատ բառամթերքով եւ այլն, բայց ես համերաշխ եմ ապրում իմ սրտի, հոգու հետ։ Եվ համարում եմ, որ այդպես ճիշտ է։ Խղճիս ու ինձ հետ արդար եմ։ Դա ավելի արժեքավոր է, քան այն, ինչ անում են նշված որակի մարդիկ։ Ինձ համար արժեքավոր են զոհված հերոսի՝ ինձ ուղղված գրառումը, արցախցու գրառումը, այն մարդկանց, որոնք իրապես գիտակցում են երկրին պատուհասած օրհասական իրավիճակը, հասկանում են կորուստների խորությունն ու չափը։ Մնացած մարդիկ ինձ չեն հետաքրքրում, որովհետեւ նրանց մեկնաբանությունները մնայուն չեն։
– Մեզանում կամաց-կամաց տեղ է գտնում մի միտք, առաջարկ, որ Հայաստանին կին ղեկավար է պետք, որն ավելի հավասարակշիռ, սրտացավ, հեռատես ու շրջահայաց կլինի, քան տղամարդ ղեկավարներն են։ Եվ հետո՝ Նժդեհն էր ասում՝ ազգի ճակատագիրը պետք է որոնել մոր ափերի մեջ։ Օրինակ, Դուք անձամբ կարող էիք ինչ-որ տեղ, ինչ-որ բան առաջնորդելու պատասխանատվություն ստանձնել։
– Կգա այն ժամանակը, երբ կինն իսկապես իր արժանի դիրքն ու գնահատականը կունենա։ Որովհետեւ, ցավոք սրտի, իմ կարծիքով, տղամարդկանց ստեղծած աշխարհն է խարխլել գլոբալ անվտանգությունը, նրանց ստեղծած իրականությունն է մարդկությանը պատճառել պատերազմներ եւ այլն։ Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ես քաղաքականության համար շատ էմոցիոնալ եմ։ Ես կին եմ, մայր եմ, քաղաքացի եմ, որն ունի քաղաքացիական դիրքորոշում, բայց ես մշակույթի մարդ եմ եւ ինձ չեմ պատկերացնում քաղաքականության մեջ: Նաեւ հավատում եմ, որ կլինի այնպիսի մեկը, որի հայացքը կսեւեռվի դեպի Հայաստանի այն պայծառ ապագան ու կգոյավորի այն ապագան, որի մասին մենք՝ բոլորս, երազում ենք։ Ես նաեւ հավատում եմ, որ ունենալու ենք ծաղկուն եւ հրաշալի երկիր, որովհետեւ կա փայլուն երիտասարդություն, որոնց ինչքան էլ ՀՀ ներկայիս իշխանությունը փորձի խոչընդոտել, կեղծ օրակարգերով պիտակավորել, թունավորել, միեւնույն է՝ պայքարը հանուն ծաղկուն Հայաստանի, հաջողությամբ կպսակվի։
– Իսկ ո՞ւմ եք արժանի համարում այդ առանցքային ու բեկումնային պատասխանատվության համար։ Քաղաքական դաշտում սուղ է ընտրությունը, մշակույթի, մտավորականության տիրույթից տեսնո՞ւմ եք նման մարդկանց։ Օրինակ, Արաքս Մանսուրյան, Հասմիկ Պապյան։ Մեծ մասը լռում են, ակտիվ չեն:
– Այո, ճիշտ եք։ Քաղաքական դաշտում սղություն իսկապես կա։ Բայց առավել ցավալի է, որ մտավորականությունն է լռում։ Լուրջ խնդիր է, որ մտավորականները լռում են նման իրավիճակում։ Մինչդեռ հենց մտավորականությունն է մեր ամբողջ պատմության ընթացքում առաջ մղել այն մտքերն ու գաղափարները, որոնցով մենք առաջընթաց էինք գրանցում, արժեքներ ստեղծում։ Իսկ, ահա, այսօրվա նման լռությունը ես մահաբեր եւ հանցավոր եմ համարում։ Կրկնում եմ․ ես կարծում եմ՝ արժանիները կգան, որովհետեւ ունենք փայլուն երիտասարդություն։ Վստահ եմ՝ հայի գենն այնքան ուժեղ է, որ չնայած իշխանությունների դավադիր քայլերին ու հակապետական գործողություններին, նոր սերունդը կպայքարի, կհաղթի եւ Հայաստանի մաքրամաքուր կերպարը կպահպանի։ Եվ կգան այն ժամանակները, երբ արվեստագետներն իրենց բուն առաքելությամբ կզբաղվեն, կստեղծագործեն, գիտնականներն իրենց բացահայտումները կանեն, մարդիկ կապրեն մեր՝ բոլորիս երազած Հայաստանում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր