Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Ամեն ինչ նույնն է՝ հակառակորդի ցանկությունները, գործիքակազմը, փոխվել է միայն մեր իշխանությունների ընկալումը

Ամեն ինչ նույնն է՝ հակառակորդի ցանկությունները, գործիքակազմը, փոխվել է միայն մեր իշխանությունների ընկալումը

Thu, 23 Apr 2026 14:45:42 +0400


Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին մի քանի հարց ուղղեցինք (հարցազրույցն ամբողջությամբ` վաղը) Ապրիլի 24-ի խորհրդի հետ կապված:

– Նոր ցեղասպանության վտանգ սպառնո՞ւմ է մեզ այսօր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. հիշելով Արցախը:

-Եթե մենք անգամ մոռանում էլ ենք, թշնամի պետությունները չեն մոռանում: Օրինակ, 44 օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորների մի մասը Էնվեր փաշայի թևկապներ էր կրում: Բաքվի զորահանդեսի ժամանակ Էրդողանը խոսում էր Էնվեր փաշայից, Ստեփանակերտում փողոց անվանակոչվեց նրա անունով: Իսկ ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական և ադրբեջանական իրականության մեջ միշտ արվում է սիմվոլիկ ինչ-որ հակահայկական քայլ: Օրինակ, ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանվեց մի հայ զինծառայող. սպանողը հետո խոստովանեց, որ այդ օրվա խորհրդին ընդառաջ հայ է զոհաբերել: Կարծում եմ, որ Ստեփանակերտի եկեղեցու ավերումն այս օրերին նույնպես սիմվոլիկ քայլ է Ապրիլի 24-ին ընդառաջ: Ինչքան էլ Հայաստանը խոսում է խաղաղությունից և խաղաղությանը նվիրված համերգներ է տալիս, միևնույնն է, Ադրբեջանը ոչ միայն համարժեք քայլեր չի անում, այլ շարունակում է Բաքվի բանտում պահել հայ ռազմաքաղաքական ղեկավարությանը և բացահայտ ավերում է հայկական տաճարներն ու շարունակում իր հակահայ հռետորաբանությունը: Անգամ այս քայլերը ցույց են տալիս, որ այս իշխանության քաղաքականությունն անօգուտ է, սխալ է, անարդյունք է: Վտանգը միշտ կա, քանի որ թուրքը չի հրաժարվում շարունակել ցեղասպանությունը:

-Ո՞րն է թուրք-ազերիական վերջնական նպատակը, ի՞նչ քաղաքականություն են վարում հայերի նկատմամբ՝ բարիդրացիակա՞ն, թե՞ մեզ ոչնչացնելու` որպես ազգ և պետություն:

-Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը տասնամյակներով չի փոխվում, որքան էլ դա ծայրահեղական հնչի: Հայ-թուրքական պատերազմը մոտավորապես 1000 տարի շարունակվում է, այն պահից սկսած, երբ թուրքերը հայտնվեցին այս տարածաշրջանում: Ըստ էության, նպատակ էր դրված հայկական պետականության, հայկական ինքնության վերացման: Հիմա այդ նպատակը կա՞ օրակարգում, թե՞ ոչ. ես կարծում եմ, որ կա: Որովհետև թուրքական և ադրբեջանական թիրախը շարունակվում է մնալ մեր պետականությունը, մեր եկեղեցին, մեր ինքնությունը, մեր պատմական հիշողությունը: Հիմա մենք տեսնում ենք, որ այդ ամենի նկատմամբ հարձակումը կա և’ արտաքին, և’ ներքին ուժերի կողմից: Եկեղեցին թիրախավորվում է և’ թուրքերի, և’ փաշինյանական իշխանության, և’ Ադրբեջանի` Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Փաշազադեի կողմից: Հայկական ինքնությունը, պատմական մեր հիշողությունը, պատմության դասագրքերի վերասրբագրումը և այլն, տեղավորվո՞ւմ է այս ամենի մեջ, միանշանակ` այո: Հետևաբար ես կարող եմ ասել. որ ամեն ինչ նույնն է՝ հակառակորդի ցանկությունները, նպատակները և գործիքակազմը նույնն են, փոխվել է միայն մեր այս պահին գոյություն ունեցող իշխանությունների ընկալելու, ինքնապաշտպանական բնազդների տրամաբանությունը, որը հակասում է օրինաչափություններին և իրական զարգացմանը:

Հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք վաղը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վահագն Ալեքսանյանն ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում

Վահագն Ալեքսանյանն ինձ տեսնելիս դեռ նույն կերպ խեղդվում է, ինչպես երիտասարդ տարիքում Thu, 29 Oct …