Հանրությունից թաքցվող տեղեկատվություն կա
Thu, 23 Apr 2026 16:18:55 +0400

Ազգային ժողովի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, որով պահանջվում էր 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակում, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր դիրքորոշումը։
Նա հայտարարել է, որ ի սկզբանե կասկածներ են ունեցել հանձնաժողովի անաչառության վերաբերյալ՝ պնդելով, որ այն գործել է իշխանական քաղաքական ուժի ազդեցության տակ և այդ պատճառով չի կարողացել ապահովել օբյեկտիվ գնահատական։
Օհանյանի խոսքով՝ հանձնաժողովի կազմը և աշխատանքի ձևաչափը չեն ապահովել այնպիսի լայն ու համապարփակ վերլուծություն, որը անհրաժեշտ էր պատերազմի նման խոշոր իրադարձության գնահատման համար։ Այդ պատճառով, ըստ նրա, ընդդիմադիր կողմը չի մասնակցել գործընթացին՝ այն չլեգիտիմացնելու նպատակով։
Նա նաև կարծիք է հայտնել, որ զեկույցի հրապարակման հետաձգումը կամ մերժումը կարող է կապված լինել դրա բովանդակության նկատմամբ իշխանությունների մտահոգությունների հետ։ Նրա գնահատմամբ՝ հնարավոր է այնտեղ լինեն տեղեկություններ, որոնք հանրային քննարկման դեպքում նոր հարցեր կբարձրացնեն հասարակության շրջանում։
«Այս քննիչ հանձնաժողովի աշխատանքների մեջ երևի թե լինելու է տեղեկատվություն, որը իրենց ձեռք չի տալիս, կամ այնպիսի կեղծ տեղեկատվություն, որի հրապարակման դեպքում հանրության մոտ բազմաթիվ հարցեր են առաջանալու, որն այս նախընտրական ժամանակահատվածում իրենց ձեռնտու չէ»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր