Բավական է այդ փափուկ աթոռներին նստեք
Thu, 23 Apr 2026 16:12:21 +0400

Ազգային ժողովի շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը՝ Ասյա Դանիելյանը, հուզված խոսեց իր որդու ճակատագրի մասին՝ պահանջելով իշխանություններից կոնկրետ պատասխաններ։
Նա նշեց, որ իր որդին ընդամենը 18 տարեկան, անփորձ զինվոր էր, և պետությունը պարտավոր է ամեն ինչ անել նրան վերադարձնելու համար։ Մայրը ընդգծեց, որ երկարատև անորոշությունը ծնողների համար անտանելի ցավ է, և յուրաքանչյուր նման ելույթ կրկին բացում է նրանց վերքերը։
Ասյա Դանիելյանը շեշտեց, որ իր պահանջները նյութական չեն․ նա չի խնդրում ո՛չ գումար, ո՛չ հող, ո՛չ էլ տուն։ Նրա միակ պահանջը երեխաների ճակատագրերի բացահայտումն է և նրանց վերադարձը, եթե նրանք գտնվում են գերության մեջ։ Նա կոչ արեց պատասխանատուներին դուրս գալ իրենց պաշտոնական դիրքերից և իրական քայլեր ձեռնարկել՝ անհետ կորածների հարցը լուծելու համար։
«Մենք մեր երեխաներին ենք պահանջում, բացահայտեք նրանց ճակատագրերը, վերադարձրեք նրանց տուն, փրկեք գերության ճիրաններից, բավական է այդ փափուկ աթոռներին նստեք, վեր կացեք ու մեր երեխաներին տուն վերադարձրեք»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր