«Հրապարակ»․ Արևելքում չեն հարգում մարդկանց, որոնք չեն հիշում իրենց անցյալը եւ ուրանում են իրենց նախնիների ստեղծածը

«Հրապարակ»․ Արևելքում չեն հարգում մարդկանց, որոնք չեն հիշում իրենց անցյալը եւ ուրանում են իրենց նախնիների ստեղծածը

Fri, 24 Apr 2026 11:15:41 +0400


Հարցազրույց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ:

-Ցեղասպանության 111-րդ տարելիցն է, ի՞նչ զգացողությամբ ենք այս տարի բարձրանալու Ծիծեռնակաբերդ: Նկատի ունեմ, երբ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն իրենց ժխտողական հայտարաություններով փորձում են մոռացության և ուրացման տանել մեր պատմության ամենաողբերգական իրողությունը:

-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը տասնամյակներ շարունակ ունեցել է միասնականության խորհուրդ, և ապրիլի 24-ին հայության տարբեր շերտերի մոտ վերանում էին բոլոր տիպի անջրպետները, քանի որ դա մի խնդիր էր, որտեղ չկային ներազգային կողմեր, բաժանարար գծեր, տարատեսակ, իրար հակադիր տեսակետներ: Մի հարց էր, որի շուրջ հայ ազգն ուներ կոնսենսուս. իշխանություն, ընդդիմություն, հարուստներ, աղքատներ, գիտնականներ և ոչ գիտանականներ: Ցավոք սրտի, վերջին տարիների գործընթացները և իշխանությունների քաղաքականությունն ու խոսույթը հանգեցրել են այն վիճակին, որ այս տարի ապրիլի 24-ին մենք Ծիծեռնակաբերդ պետք է գնանք այդ միասնականության աղճատվածության զգացումով և այն ընկալումով, որ անգամ այս հարցում մենք` հայերս, իրար հետ ունենք հակասություններ, որ մեր մեջ կան հակադիր թևեր, հակադիր կարծիք ունեցողներ:
Եվ երկրորդ, մենք այս տարի Ծիծեռնակաբերդ գնալու ենք կարծես մեղքի ինչ-որ զգացումով, որ այդ հուշարձանը և հուշարձանի խորհուրդն ինչ-որ առումով պղծված է և արժեքն է նսեմացված: Այն սրբազան լռությունը, որ միշտ լինում էր այդ հուշարձանի շուրջը հավաքված մարդկանց մեջ, այսօր խաթարված է մեր ինքնությունը, մեր զգացմունքները վիրավորող իշխանությունների տարատեսակ գոռգոռոցներով, հայտարարություններով և հակահայկական ձևակերպումներով: Հետևաբար այն զգացողությունները, անգամ խորհրդային շրջանում, որ ունեցել են մեր նախորդները, այս տարի լիովին այլափոխված է և սա խոսում է մեր ներազգային խնդիրների խորացման ու այն մասին, որ Հայաստանի այս պահի իշխանությունները չեն ճանաչում որևէ սահման ներազգային պառակտում մտցնելու հարցում:

– Ցեղասպանության հիշողությունից և պատմական արդարությանը հետամուտ լինելուց հրաժարվելն ի՞նչ հետևանք կարող է ունենալ ցեղասպանված ժողովրդի համար:

– Ցեղասպանության հարցի ուրացումը, ինչպես նաև տարբեր հարցերի շուրջ այս իշխանությունների խոսույթը, որը տարբերվում է մեր պատմության նախորդ գրեթե բոլոր փուլերի խոսույթից և մեր ազգի մեծամասնության մտածողությունից, բխում է պարտված ու թույլ լինելուց: Այսինքն, դա ոչ թե քաղաքական պրագմատիզմի դրսևորում է, այլ պարտված լինելու, վախկոտ լինելու, հակառակորդ ու թշնամի պետության առջև խոնարհված և զիջողի դերում լինելու բարդույթից: Եվ այդ բարդույթին գումարվում է նաև կեղծիքը, սուտը, որ փորձում են այս իշխանությունները ներքին լսարանին ցույց տալ, թե այդ քայլերն անում են ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի պարտադրանքով, այլ անում են իրենց տեսլականի` ավելի լավ Հայաստան տեսնելու հաշվարկով: Դա իրականում կեղծիք է: Այսինքն, այս իշխանությունները և’ պարտված են, և’ վախկոտ են, և’ կեղծարար, որովհետև խաբում են իրենց իսկ հասարակությանը: Խոնարհվում են թշնամուն, հակառակորդին։ Եւ պարտվածության սինդրոմը տարածում են ամբողջ ազգի, պետության և պետականության վրա:
Երկրորդ հանգամանքն այն է, որ Ցեղասպանության փաստի հանդեպ հիշողության որոշակի սրբագրումները Հայաստանի ներսում, չեն կարող բերել իրական խաղաղության, որովհետև Արևելքում չեն հարգում մարդկանց, որոնք չեն հիշում իրենց անցյալը, որոնք ուրանում են իրենց նախնիների վաստակը, ստեղծածը: Ընդհակառակը, հարգում են նրանց, ովքեր հերոսաբար պաշտպանում են իրենց ինքնությունը, իրենց հիշողությունը: Կարող ենք պատմության տարբեր դրվագներում տեսնել, որ Արևելքում հարգվել են այն հայ հերոսները, որոնք աննկուն, աննահանջ պայքարել են իրենց ազգի, պետության ու ինքնության համար: Մինչև հիմա Մուշում և շրջակայքում երիտասարդ քուրդ քաղաքացիները հիշում են Գեւորգ Չաուշին, ասում են` հայրենասեր, տղամարդ տղա է եղել: Հիշում են Անդրանիկին: Պարսից գրականության մեջ հիշում են Մուշեղ սպարապետին: Մինչև հիմա Իլհամ Ալիևին հանգիստ չի տալիս Գարեգին Նժդեհի կերպարը: Բայց չեն հիշում դավաճաններին, լռողներին, ուրացողներին, զիջողներին, նրանց անունները ջնջված են անգամ այդ հակառակորդ պետությունների հավաքական հիշողությունից: Հետևաբար այստեղ կա ոչ միայն հարգանքի, այլև սխալ քաղաքականության խնդիր: Այսինքն, այն քաղաքականությունը, որն իրականացնում են այս իշխանությունները, որի նպատակն է իբր թե խաղաղություն, դա ուղղակի սխալ է: Այս ճանապարհով չեն հասնում խաղաղության:
Եվ երրորդ հանգամանքը, որ Ցեղասպանությունը հիշելն ինքնանպատակ չի և չի եղել երբեք: Եղել է հետևյալը. եթե կա համամարդկային մի չարիք, ապա այդ չարիքին պետք է տրվի գնահատական նաև հիշողության միջոցով և ցույց տրվի, որ այս արարքը դեմ է մարդկությանը: Այս արարքի կրկնությունը կանխվում է նաև հիշելով: Այսինքն, եթե դու հիշում ես, որ սպանելը վատ բան է, տաճար քանդելը վատ բան է, ուրեմն ինչ-որ առումով մի զսպող մեխանիզմ է ձևավորվում, որ մարդկանց սպանելը, տաճարներ քանդելն անընդունելի արարքներ են ամբողջ աշխարհում: Երբ հիմա մենք մոռանում ենք այս տարածաշրջանի ամենամեծ հակամարդկային քայլերից մեկը, փաստորեն և’ մեր հանդեպ ենք դուռ բացում ցեղասպանությունների հավանականության առաջ, և’ ընդհանրապես աշխարի բարոյական արժեհամակարգի մեջ ենք խարխլում մտցնում, որովհետև կարելի է մեկուկես միլիոն մարդ կոտորել և հետո մոռանալ այդ մասին: Ուստի դրանով կարող ենք պայմանավորել նաև, որ աշխարհի շատ երկրներ ճանաչելով Հայոց սեղասպանությունը` նաև իրենց հոգևոր պարտքն են մատուցել մարդկության և արժեհամակարգի հանդեպ՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի: Իսկ հիմա մենք տեսնում ենք նաև դրա նահանջը, անկումը:

– Մեր լռությանը, մոռացությանն ընդառաջ ցեղասպանը մեզ մեղադրում է ցեղասպանություն գործելու մեջ: Մենք ցեղասպանվածից վերածվում ենք ցեղասպանողի. սա՞ է մեր ընկրկելու պատասխանը:

-Ադրբեջանը և Թուրքիան հասկանում են, որ ցեղասպանությունների մասին հիշողությունները համաշխարհային քաղաքականության գործիքակազմի մի մասն են: Եվ այն պետությունները, որ դիրքավորվում են, թե իբր դեմ են ցեղասպանություններին, փաստորեն տեղավորվում են համաշխարհային քաղաքականության տրամաբանության մեջ և օգտագործում են այդ տրամաբանությունից բխող գործիքներ: Ադրբեջանն ասում է, որ հայերը մեր նկատմամբ ցեղասպանություն են իրականացրել 1918 թվականին, կամ` Խոջալուի մասին իրենց այդ պնդումները: Ավելին ասեմ, Թուրքիայում քանի՞ հուշարձան կա հայերի կողմից թուրքերի դեմ կոտորածների: Անդրանիկը թուրքական քաղաքականության մեջ և կրթական համակարգում ներկայացված է որպես մեծ ցեղասպան: Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպան լինելով` ոչ միայն հերքում են իրենց իրականացրած ցեղասպանությունը, այլև օգտագործում են այդ քաղաքական գործիքակազմն՝ ընդդեմ Հայաստանի և հայերի: Սա ևս մեկ ապացույցն է, որ այս իշխանությունների իրականացրած քաղաքականությունը ժամանակավրեպ է և ժամանակից դուրս է, ադեկվատ չէ Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած քաղաքականությանը: Եվս մեկ անգամ գալիս ենք այն եզրահանգամանը, որ սա բխում է իրենց պարտվածությունից և վախկոտությունից: Այսինքն, դու այնքան թույլ ես, որ թշնամի պետությունը կարող է միջամտել քո ներքին գործերին, երբ Ցեղասպանության թանգարան այցելած ԱՄՆ փոխնախագահին մի գիրք նվիրելու համար երկրի վարչապետը` խախտելով բոլոր տեսակի սկզբունքներ ու չափորոշիչներ, միջամտում ու պահանջում է, որ տնօրենն ազատվի աշխատանքից, քանի որ նա իբր սադրիչ քայլ է արել: Էն որ խոսում են ինքնիշխանությունից` իրենց ինքնիշխանությունն այնքան է իջել, որ մի գիրք նվիրելու ինքնուրույն կամք ու հնարավորություն չունեն:

– Նոր ցեղասպանության վտանգ սպառնո՞ւմ է մեզ այսօր նույն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. հիշենք Արցախը:

– Եթե մենք անգամ մոռանում էլ ենք, թշնամի պետությունները չեն մոռանում: Օրինակ, 44 օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորների մի մասը Էնվեր փաշայի թևկապներ էր կրում: Բաքվի զորահանդեսի ժամանակ Էրդողանը խոսում էր Էնվեր փաշայից, Ստեփանակերտում փողոց անվանակոչվեց նրա անունով: Իսկ ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական և ադրբեջանական իրականության մեջ միշտ արվում է սիմվոլիկ ինչ-որ հակահայկական քայլ: Օրինակ, ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանվեց մի հայ զինծառայող. սպանողը հետո խոստովանեց, որ այդ օրվա խորհրդին ընդառաջ հայ է զոհաբերել: Կարծում եմ, որ Ստեփանակերտի եկեղեցու ավերումն այս օրերին նույնպես սիմվոլիկ քայլ է Ապրիլի 24-ին ընդառաջ: Ինչքան էլ Հայաստանը խոսում է խաղաղությունից և խաղաղությանը նվիրված համերգներ է տալիս, միևնույնն է, Ադրբեջանը ոչ միայն համարժեք քայլեր չի անում, այլ շարունակում է Բաքվի բանտում պահել հայ ռազմաքաղաքական ղեկավարությանը և բացահայտ ավերում է հայկական տաճարներն ու շարունակում իր հակահայ հռետորաբանությունը: Անգամ այս քայլերը ցույց են տալիս, որ այս իշխանության քաղաքականությունն անօգուտ է, սխալ է, անարդյունք է: Վտանգը միշտ կա, քանի որ թուրքը չի հրաժարվում շարունակել ցեղասպանությունը:

– Ո՞րն է թուրք-ազերիական վերջնական նպատակը, ի՞նչ քաղաքականություն են վարում հայերի նկատմամբ՝ բարիդրացիակա՞ն, թե՞ մեզ ոչնչացնելու` որպես ազգ և պետություն:

– Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը տասնամյակներով չի փոխվում, որքան էլ դա ծայրահեղական հնչի: Հայ-թուրքական պատերազմը մոտավորապես 1000 տարի շարունակվում է, այն պահից սկսած, երբ թուրքերը հայտնվեցին այս տարածաշրջանում: Ըստ էության, նպատակ էր դրված հայկական պետականության, հայկական ինքնության վերացման: Հիմա այդ նպատակը կա՞ օրակարգում, թե՞ ոչ. ես կարծում եմ, որ կա: Որովհետև թուրքական և ադրբեջանական թիրախը շարունակվում է մնալ մեր պետականությունը, մեր եկեղեցին, մեր ինքնությունը, մեր պատմական հիշողությունը: Հիմա մենք տեսնում ենք, որ այդ ամենի նկատմամբ հարձակումը կա և’ արտաքին, և’ ներքին ուժերի կողմից: Եկեղեցին թիրախավորվում է և’ թուրքերի, և’ փաշինյանական իշխանության, և’ Ադրբեջանի` Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Փաշազադեի կողմից: Հայկական ինքնությունը, պատմական մեր հիշողությունը, պատմության դասագրքերի վերասրբագրումը և այլն, տեղավորվո՞ւմ է այս ամենի մեջ, միանշանակ` այո: Հետևաբար ես կարող եմ ասել. որ ամեն ինչ նույնն է՝ հակառակորդի ցանկությունները, նպատակները և գործիքակազմը նույնն են, փոխվել է միայն մեր այս պահին գոյություն ունեցող իշխանությունների ընկալելու, ինքնապաշտպանական բնազդների տրամաբանությունը, որը հակասում է օրինաչափություններին և իրական զարգացմանը:

– Հնարավո՞ր է թուրքերի հետ, չեմ ասում բարեկամական, ուղղակի մադկային պարզ հարաբերություններ հաստատել:

– Տեսականորեն չեմ կարող ասել, որ հնարավոր չէ, բայց այստեղ բաժանում եմ ուզում անել: Քաղաքական հայի և քաղաքական թուրքի միջև հնարավոր չէ: Առանձին անհատ թուրքերի և առանձին անհատ հայերի միջև հնարավոր է, որոնց կարող է կապել համատեղ բիզնեսը կամ ընդհանուր այլ ծրագրեր և այլն: Բայց քաղաքական հայի և քաղաքական թուրքի միջև պայքարը շարունակվում է, դրական հարաբերությունները գրեթե բացառվում են կամ շատ դժվար են: Ինչո՞ւ: Որովհետև ծրագրերն ու նպատակները հատկապես թուրքական` ի հաշիվ Հայաստանի ու հայի են: Ոչ թե հանուն նրա են, այլ ի հաշիվ նրա գոյության և նրա շահերի: Վերջին օրինակը «Զանգեղուրի միջանցք» կոչված երևույթն է, որ նրանք չեն ուզում ուղղակի ճանապարհ անցնելու համար, նրանք ուզում են ճանապարհ մեր հաշվին, առանց մեր վերահսկողության: Հետևաբար այս հարցը ցույց է տալիս` ինչպես լակմուսի թուղթ, որ չեն կարող լինել դրական հարաբերություններ, որովհետև չի խնդրում ճանապարհ քեզնից, որ անցնի, այլ ուզում է քեզ վիրավորելով, քեզնից խլելով, քո ստրատեգիական շահերն անտեսելով քո տարածքում ձեռք բերել ճանապարհ:
Հիմա այս ֆոնի վրա հնարավո՞ր է դրական հարաբերություն, թե՞ ոչ: Սա միայն լոգիստիկ խնդիրներին չի վերաբերվում, այլ մնացած բոլոր խնդիրներին: Ասում է` մոռացիր, որ դու անցյալ ունես և դրանից հետո արի իրար հետ լավ շփվենք: Հիմա նույնն ասում է Փաշինյանը, թե ինչո՞ւ են Հայաստանում մարդիկ ասում` մենք վանեցի ենք, մշեցի ենք. մի’ ասեք, որ թուրքերը բացասաբար չտրամադրվեն: Այսինքն, էլի թուրքական ու հայկական իշխանությունների նույնություն ենք տեսնում, հետևաբար այդ հայտարարությունը, թե եկեք դադարեցնենք թշնամանքը, դրանք հենված չեն իրականության վրա: Իհարկե, մենք ուզում ենք դադարեցնել, բայց 1000 տարի է չի ստացվում, որովհետև նրանք դա ուզում են միայն մեր հաշվին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայոց ցեղասպանությունը բաց վերք է մարդկության խղճի վրա. Լիբանանի նախագահ

Հայոց ցեղասպանությունը բաց վերք է մարդկության խղճի վրա. Լիբանանի նախագահ Fri, 24 Apr 2026 13:22:56 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով