«Բարեւ, ես եմ»․ խորհրդային «հալոցքի» մասին
Wed, 29 Apr 2026 21:00:56 +0400

Խորհրդահայ կինոյի ամենահետաքրքրական գործերից մեկը Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ»-ն է՝ նկարահանված «Հայկինո»-ում՝ 1965 թվականին։ Այն պատմական հիշողության վերատեսության բարդ պրոցեսի, անձնական պատասխանատվության եւ գոյաբանական ընտրության մասին է, ստեղծվել ու էկրան է բարձրացել խորհրդային «հալոցքի» ժամանակներում՝ Նիկիտա Խրուշչովի բարենորոգումների շրջանում, երբ սովետական մշակույթում եւ արվեստում առաջին պլան սկսեցին գալ մարդն ու նրա ճակատագիրը եւ բարոյական դիլեմաների նկատմամբ վերաբերմունքը։ Այդ շրջանում արվեստի գործերը, ներառյալ՝ նաեւ կինոն, ստեղծվում էին սոցռեալիզմի կանոններից նահանջելով դեպի ավելի բարդ ու հոգեբանական ձեւեր։ Այս առումով «Բարեւ ես եմ»-ը ունիկալ գործ է, որը կարելի է դնել Փարաջանովի ֆիլմերի հետ նույն հարթության վրա։
Գլխավոր հերոսը գիտնական ֆիզիկոս Արտեմ Մանվելյանն է, որը կորուստ է ունեցել եւ վերադարձել անցյալի հիշողություններին։ Կարեւոր է ժամանակի մոտիվը։ Այսպես ասած, շարադրանքը միագիծ չէ, միահյուսվում են անցյալն ու ներկան, ստեղծում «հիշողության» բավականին ընդարձակ տարածք։ Ֆիլմում առանցքային թեմաներից մեկն անձի հիշողությունն է։ Հերոսն ապրում է անցյալի հետ մշտական երկխոսությամբ, հետպատերազմական սերնդի տրավմատիկ փորձառության վերաիմաստավորման առումով։ Հաջորդիվ արդեն գալիս է մեկ այլ կարեւոր թեմա՝ գիտություն եւ մարդասիրություն, երբ գիտնական գլխավոր հերոսի միջոցով բարձրացվում է գիտական առաջընթացի եւ բարոյական պատասխանատվության հարցը։ Ֆիլմն օտարված մարդու հոգեվիճակն է տալիս՝ Սարտրի եւ Քամյուի ոգով։ Իր վիզուալ բնույթով՝ կինոնկարն ունի որոշակի պոետականություն եւ սիմվոլիզմ, ու դա կինոնկարին յուրահատուկ փայլ է հաղորդում։ Կարեւոր է նաեւ երաժշտական ձեւավորումը՝ համապատասխան էմոցիոնալ միջավայր ու վիճակ ստեղծելու առումով։ Ֆիլմը ներկայացվել է Կաննի մրցանակի եւ հիանալի փիլիսոփայական գործ է, որն անպայման դուր կգա լուրջ բովանդակություն ունեցող ֆիլմերի սիրահարներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր