«Հրապարակ». Եթե Զելենսկին գա Հայաստան, Մոսկվայի դիրքորոշումը շատ կոշտ կլինի
Thu, 30 Apr 2026 10:15:15 +0400

Քաղաքագետ, արեւելագետ Կարինե Գեւորգյանը քիչ հավանական է համարում, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին, քանի որ հայտնի չէ, թե ինչպես Հայաստանում կապահովեն Զելենսկու անվտանգությունն այս փուլում, երբ, նրա խոսքերով, «Էփշտեյն կոալիցիա-Իրան» հարաբերությունները գնալով ավելի են սրվում, ներգրավելով նորանոր երկրներ: «Այնքան «եթե»-ներ կան, որ գուշակել, թե ինչ կարող է կատարվել, կգա՞ արդյոք Զելենսկին, եւ ինչպե՞ս Հայաստանում կապահովեն նրա անվտանգությունը, արդյո՞ք դա չափազանց ռիսկային չէ, եւ նա չի հրաժարվի վերջին պահին․ այստեղ այնքան «եթե»-ներ կան, որ մեկնաբանել անգամ չարժե»,- ասում է քաղաքագետը «Հրապարակի» հետ զրույցում:
– Զելենսկու այցը կանդրադառնա՞ Իրանի հետ հարաբերությունների վրա, այնտեղ սրացո՞ւմ կլինի:
– Անկասկած: Որովհետեւ Ուկրաինան հայտարարեց, որ հաղթել է Իրանին եւ հանդիսանում է հակաիրանական կողմ: Իհարկե, այս իմաստով Զելենսկու մասնակցությունը ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին անուղղակի հաստատում է, որ Երեւանն Իրանից հեռանում է, չնայած այն բոլոր գեղեցիկ խոսքերին, որոնք արտասանում էին հայ դիվանագետները Թեհրանում եւ Երեւանում կայացած հանդիպումների ժամանակ: Սա, իհարկե, ուշագրավ պահ է: Բացի դա, հասկանալի է, որ Զելենսկու լեգիտիմությունը խիստ սպեցիֆիկ է, դիտարկվում է ակտուալ ռեժիմում, եւ ես կասեի՝ նա եվրոպական կոալիցիայի գեներալ-գուբերնատորն է բուն Ուկրաինայում, որի սուվերենությունը զուտ ֆորմալ բնույթի է: Փաստացի մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի սուվերենությունը համարյա զրո է, ոչ ամբողջությամբ` մասամբ: Կան որոշակի պահեր, որոնք պետք է հաշվի առնվեն, բայց դա կախյալ երկիր է, եւ տվյալ դեպքում ի՞նչ պետք է անի Զելենսկին: Նրան առանձնապես չեն հետաքրքրում Հայաստանի ընտրությունների արդյունքները, նա այլ հոգսեր ունի, նա ուզում է պարզապես երեւալ այդ միջոցառման ժամանակ եւ դրանից օգտվել՝ սեփական անձի լեգիտիմացիայի հերթական փուլի համար:
– Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ Զելենսկին Ադրբեջանի դաշնակիցն է: Հայաստանում նրա հանդեպ երկակի վերաբերմունք կա:
– Այո, ես անկեղծ կլինեի՝ իրավիճակն Ադրբեջանի ներսում, որքան հասկանում ենք, ամենեւին էլ քաղցր չէ, ինչպես վստահեցվում է պաշտոնապես: Դա Պոլիշինելի գաղտնիք է (գաղտնիք, որի մասին բոլորը գիտեն` Ս. Ս.): Երկիրը բարդ եւ կախյալ վիճակում է գտնվում:
– Ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի վերաբերմունքը, եթե Զելենսկին գա Հայաստան․ սրա հետ կապված՝ մեզ մոտ բացասական սպասումներ կան:
– Այո, Մոսկվայի դիրքորոշումը շատ կոշտ կլինի: Սկաբեեւան եւ մյուս մեկնաբանները կխոսեն այն մասին, որ հայկական ղեկավարությունը ցույց է տալիս լոյալության բացակայություն Մոսկվայի հանդեպ: Ես, իհարկե, չեմ պատրաստվում պաշտպանել ՀՀ ղեկավարությանը, դա իմ խնդիրը չէ, թող նա ինքն իրեն պաշտպանի, բայց պետք է ընդունել, որ նա իրեն ավելի զուսպ է պահում, քան Ադրբեջանը, որին ե՛ւ Օվերչուկը, ե՛ւ Մատվիենկոն այդքան գովում են: Ես իմ տելեգրամ ալիքում գրել եմ, որ Օվերչուկը կոչ արեց ռուսաստանցի բիզնեսմեններին՝ ներդրումներ անել Ադրբեջանի տնտեսության մեջ, ու բառացիորեն մի քանի օրից Ադրբեջանն Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքեց՝ Ադրբեջանի տարածքում զենք-զինամթերքի համատեղ արտադրության մասին: Եվ կներեք, բայց անհարմար եմ զգում հարցնել․ հիմա Ռուսաստանի բիզնե՞սն էլ է մուծվելու դրա համար: Ասել կուզեմ, որ Մոսկվան էլ երկակի ստանդարտներ ունի, երկակի մոտեցումներ՝ պաշտոնական մակարդակում: Եվ այս իմաստով, չլինելով ՀՀ ղեկավարության պաշտպանը, ուզում եմ ասել՝ իսկ ի՞նչ անի Փաշինյանը, եթե Մոսկվան էլ է երկակի ստանդարտներ կիրառում: Փաշինյանը դա չի կարող չտեսնել:
– Նա առնվազն պետք է հետեւի իր ժողովրդի տրամադրություններին:
– Իսկ ժողովրդի համար այսօր միեւնույն է: Ձեր ժողովուրդը ճնշված է: Հայաստանի ժողովուրդը հիմա պոստտրավմատիկ սինդրոմ է ապրում, հատկապես՝ երիտասարդությունը: Ես վերջերս եմ եղել Հայաստանում, եւ դա երեւում է: Հասարակությունը շատ դեպրեսիվ վիճակում է: Կա որոշակի ակտիվ զանգված, որը, սակայն, Հայաստանում եղանակ չի ստեղծում:
– Ձեր կարծիքով, ինչքա՞ն հեռու կգնա Ռուսաստանը՝ Հայաստանի հանդեպ տնտեսական սահմանափակումներ, խստացումներ կիրառելու հարցում: Օրինակ, նույն գազը ավելի՞ կթանկանա, թե՞ ոչ, Պուտինն ընտրություններից առաջ նման մեթոդների կգնա՞:
– Իհարկե, անկասկած: Եվ ջուր կլցնի թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին, ե՛ւ Մատվիենկոն, ե՛ւ Օվերչուկը, ինչպես միշտ, կգովաբանեն Ադրբեջանը, որն անօդաչուներ կարտադրի, որոնք կթռչեն ռուսական օբյեկտների ուղղությամբ: Այսպիսին եմ ես տեսնում իրավիճակը: Ռուսաստանն առայժմ ունի բավական լծակներ, բայց այդ լծակների գործողությունն էլ է սահմանափակ եւ ավարտվելու, որովհետեւ վերջին հաշվով դա կնշանակի, որ հայկական իշխանությունը, անկախ նրանից, թե ինչպիսին այն կլինի, եւ ով կհաղթի հունիսին՝ ընտրություններում, ստիպված կլինեն հաշվի առնել դա եւ նվազեցնել ռուսական ակտիվների քանակը Հայաստանում:
– Իսկ Դուք նկատե՞լ եք՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Հայաստանի հանդեպ կա՞ ավելի կոշտ վերաբերմունք, թե՞ ոչ:
– Մեդիայում չեմ նկատել: Առհասարակ, հայկական թեման մեր մեդիայում միշտ բավականին փակ թեմա է: Այն հիմնականում աշխատում են չշոշափել: Բայց բուն հանդիպումը լուսաբանում էին կրեմլյան ռեժիմում: Կարծում եմ, որ իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ էր, եւ այդ հանդիպման դրամատուրգիան շատ հետաքրքիր էր եւ պետք է ուսումնասիրության առարկա դառնա: Առաջին անգամ, համենայնդեպս, ես դա տեսա՝ Փաշինյանն իր տեքստը կարդում էր թղթից, հավանաբար, այդ տեքստն ինչ-որ մեկի հետ համաձայնեցված էր: Եվ երեւում էր, որ Պուտինը, իր ողջ զսպվածությամբ եւ փորձառությամբ հանդերձ, այդ հանդիպման ընթացքում իրեն կոմֆորտ չէր զգում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր