Աշխատողների իրավունքները խախտվում են, շատերը վախենում են բարձրաձայնել

Աշխատողների իրավունքները խախտվում են, շատերը վախենում են բարձրաձայնել

Fri, 01 May 2026 15:45:16 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն է։

– Թեպետ պետությունը հռչակագրային մակարդակով՝ օրենքով սահմանել է համապատասխան բոլոր երաշխիքներն ու պարտավորությունները, մեր երկրում շարունակվում են խախտվել աշխատավորների իրավունքները։ Որո՞նք են առավել մտահոգիչ ու ամենից տարածված իրավախախտումներն այս ոլորտում։

– Այո, Աշխատանքային օրենսգիրքը և, ընդհանրապես, աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերը բավականին շատ են, և չէի ասի, որ վատն են, ճիշտ է՝ իդեալական չեն, բայց եթե օրենսդրության մասով մենք առաջընթաց ունենք, ապա պրակտիկ առումով դա քիչ տեսանելի է, որովհետև մեզանում գործատուների կողմից շարունակվում են խախտվել աշխատանքային օրենսգրքով (ԱՕ) ահմանված իրավունքները, երաշխիքները, շատ դեպքերում նաև հենց աշխատողների չիմացության պատճառով, օգտագործվում է աշխատողների խոցելի լինելը և այլն։ Ինչ վերաբերում է ամենատարածված խախտումներին, այն բոլոր իրավական կարգավորումները, որոնք նախատեսված են ԱՕ-ով, անխտիր խախտվում են։ Բայց առավելապես խախտվում են հանգստի իրավունքին վերաբերող իրավական դրույթները, խախտվում է նաև վերջնահաշվարկի հետ կապված իրավունքը, ինչպես նաև՝ արտաժամյա աշխատանքի թե՛ ներգրավման և թե՛ դրանից հետո վճարման կարգի հետ կապված խախտումներն են շատ։

– Իսկ ինչպիսի՞ն է աշխատավորների իրավունքների խախտումներին վերաբերող նախընթաց՝ վերջին մեկ տարվա վիճակագրությունը, արդյո՞ք դա ամբողջապես արտացոլում է իրական տխուր պատկերը։

– Տարեցտարի խախտված իրավունքներն ավելի շատ են արձանագրվում այն պարզ պատճառով, որ ուղղակի մարդիկ ավելի շատ են իմանում, որ իրենց իրավունքը խախտվեց կոնկրետ դեպքերում, և դրա մասին բարձրաձայնում է։ Այլապես սխալ կլինի ասելը, թե նախկինում ավելի շատ էին խախտվում, կամ՝ հիմա ավելի քիչ։ Թեպետ այստեղ էլի բաց ունենք․ շատերը վախենում են դրա մասին խոսել, անհանգստանում են, չեն ուզում փչացնել հարաբերությունները գործատուի հետ։ Սրանք կարևոր գործոններ են, երբ էմոցիոնալ դաշտը խանգարում է առողջ իրավահարաբերություններ ունենալուն այն բոլոր դեպքերում, երբ խախտվում են իրավունքները և մարդը որոշում է չբարձրայնել այդ մասին։

– Զուգահեռաբար, փոփոխություններ են կատարվում ՀՀ աշխատանքային օրենսգրքում, սակայն ակնհայտ է, որ այդ ամենն էական և ցանկալի ազդեցություն չի ունենում առկա խնդիրների վերացման կամ բացառման վրա։ Ստացվում է՝ պետությունն անգործունակ է այս հարցում։

– Ասել՝ պետությունն անգործունակ է, թե՝ գործունակ, մի փոքր սխալ եմ համարում, որովհետև իրականում պետական մարմինները, հատկապես՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է լիազոր մարմինը, որը պետք է զբաղվի այդ հիմնահարցերով, բայց իրենց ձեռքերն էլ շատ դեպքերում կապված են, որովհետև նրանց լիազորությունները սահմանափակ են։ Մեր կոնֆեդերացիան պարբերաբար այս մասին բարձրաձայնում է, որովհետև աշխատանքի տեսչական մարմինը պետք է իրավունք ունենա ցանկացած պահի ցանկացած կազմակերպություն մուտք գործելու, ինչը մեր օրենսդրությամբ սահմանափակված է՝ ստուգումների մասին օրենքով։ Նախ նախօրոք պետք է տեղեկացնեն 3 օր առաջ, ծանուցեն տնտեսվարող սուբյեկտին, որ իրենք պիտի գնան այնտեղ ստուգումների։ Այստեղ մի կարևոր բան էլ կա․ իրենք ոչ միշտ է, որ կարող են ինքնուրույն այդ ստուգումները նախաձեռնել, պետք է անպայման դիմում-բողոք լինի, իսկ ինչպես արդեն ասեցի, ոչ բոլոր աշխատողներն են նախընտրում բողոք-դիմում ներկայացնել թե՛ գործատուին, թե՛ արհմիությանը և թե՛ աշխատանքի տեսչական մարմնին։

– Իսկ ի՞նչ է անում արհմիությունների կոնֆեդերացիան այդ բացը լրացնելու, աշխատավորին պաշտպանելու, նրա կողքին կանգնելու համար։ Օրինակ՝ պետության հետ համագործակցություն, պատկան մարմիններին խնդիրների մասին բարձրաձայնում և այլն։

– Արհմիությունների կոնֆեդերացիան, բնականաբար, որպես հանրապետական մակարդակի մարմին, մշտապես, նաև որպես սոցիալական գործընկեր, այդ հարցերի մասին բարձրաձայնում է։ Մենք ավելի շատ օրենսդրության հետ գործ ունենք, առավելապես օրենսդրական փոփոխությունների, նախագծերի հետ կապված առաջարկներ ու դիտողություններ ենք ներկայացնում։ Ինչ վերաբերում է պրակտիկ պաշտպանությանը, ցանկացած աշխատող, անկախ նրանից՝ արհմիության անդամ է, թե՝ ոչ, եթե ունի խնդիր, կարող է դիմել մեզ և ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն, իսկ եթե դա աշխատող է, որը նաև արհմիության անդամ է, միավորված է Հայաստանի աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիայի որևէ ճյուղային հանրապետական միությունում, նրա պաշտպանությունը կարող է իրականացվել, եթե անհրաժեշտ է, դատական կարգով։ Թեպետ այստեղ էլ մեր իրավունքները բավականին սահմանափակ են։ Անկախ ամեն ինչից, մենք կարողանում ենք փաստաբան տրամադրել, աջակցել, բողոք-դիմումների դեպքում, հարկ եղած պարագայում, միջնորդագրեր ենք գրում և այլն։ Բայց այս ամենից զատ, կոնֆեդերացիան իրականացնում է իրազեկման աշխատանքներ և՛ աշխատաշուկայում զբաղված անձանց շրջանում, և՛ անձանց շրջանում, որոնք դեռևս չեն մտել աշխատաշուկա, այսինքն՝ դեռևս ուսանող են կամ քոլեջի շահառու են, դպրոցական են և այլն, նրանց ևս փորձում ենք իրազեկել, որպեսզի հետագայում, երբ մտնեն աշխատաշուկա, արդեն իսկ որոշակի գրագիտություն ունենան աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավտորիտար երկիր Հայաստանս

Ավտորիտար երկիր Հայաստանս Sun, 03 May 2026 16:45:33 +0400 Ժողովրդավարական երկրներում ընտրություններով իշխանության փոխվելն անհրաժետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով