«Shame on you»
Fri, 01 May 2026 19:45:21 +0400

Եթե հայաստանցիներին հաջողվի հունիսի 7-ին իշխանությունից հեռացնել Նիկոլին ու նրա ՔՊ-ին, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Արևմուտքն այլևս չի համագործակցելու նոր իշխանությունների հետ:
Իհարկե, չի նշանակում, ու արևմտյան երկրներն էլ ստիպված կլինեն համագործակցել: Այդ դեպքում ծագում է հարցը, թե ինչո՞ւ է նրանց կողմից արվում ամեն ինչ, որպեսզի վերատադրվի գործող իշխանությունը: Ինչո՞ւ է, օրինակ, Եվրամիությունն իր սկզբունքներին հակառակ գործում Հայաստանում: Ու դա այնքան ակնհայտ է արվում, որ նույնիսկ դրանում Եվրամիությունը մեղադրվել է անգլո-ամերիկյան «Amsterdam & Partners» իրավաբանական ընկերության կողմից: Ընկերության վերջին զեկույցում ԵՄ-ն քննադատվել է եվրոպական իրավունքի տասներկու խախտումների առումով:
Նիկոլենք կարող են հակաճառել, թե «Amsterdam & Partners»-ի հիմնադիրն ու գործադիր կառավարիչը Ռոբերտ Ամստերդամն է: Ով միաժամանակ հանդիսանում է «կալուգացի» Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ: Աշխարհահռչակ իրավաբանն ու միջազգային մարդու իրավունքների պաշտպանը, նախ, դժվար թե անդրադառնար ԵՄ գործունեությանը՝ եթե չունենար անհրաժեշտ հիմքերը: Եվ երկրորդ, հիմնական մեղադրանքն էլ ԱԺ ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու հարցն է:
Ի դեպ, բոլոր կարմիր գծերը հատող ԵՄ միջամտությունն այնքան բացահայտ է, որ նույնիսկ ինքն իրեն քաղաքականությունից հեռու պահող անձն էլ ի վիճակի է դա նկատելու: Եթե, իհարկե, ունի տեսնելու ցանկություն:
Բայց քանի որ մտրակի և բլիթի քաղաքականությունն օգտագործելուց մարդկությունը դեռևս չի հրաժարվել, ԵՄ-ն փորձում է հայաստանցիներին գրավել արցախյան թեմայով նախագծերով կամ, ավելի շուտ, թուղթ մրոտելով: Նախորդ օրն, օրինակ, Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հակամարտությանը: ԵԽ-ն դատապարտել է հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը՝ Բաքվից պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Իհարկե, դա կյանքի չի կոչվի, ու ԵԽ-ն էլ ոչինչ չի անի այդ առումով: Ինչպես անի, եթե Բաքվի բռնապետը հանդիսանում է ԵՄ-ի հուսալի գործընկերը:
Զարմանալիորեն ԵԽ բանաձևում ընդգծվել է, որ կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։ Հետաքրքիր է, որ երբ թշնամու կողմից ոտնահարվում էր ՀՀ ինքնիշխանությունը և խախտվում տարածքային ամբողջականությունը, ԵԽ-ն բանաձևերի հեղեղ չուղղեց ընդդեմ ագրեսորի, ԵՄ-ն էլ չսահմանեց պատժամիջոցներ: Ճիշտ այնպես, ինչպես դա արվում է տարիներ շարունակ ընդդեմ Ռուսաստանի: Ու զարմանալի է, որ հիմա է հիշում այդ մասին: Իսկ եթե նախկինում էլ է հիշել, ապա ի՞նչ իմաստ ուներ դա կրկնելը:
Կարծում եմ, որ ոչինչ բաց չէի թողնի, եթե չհիշատակեի, որ ԵԽ բանաձևում առկա են նաև արցախցիների անվտանգ վերադարձի իրավունքի և Արցախում հայկական կրոնա-մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Որովհետև կրկին ոչինչ չի արվի երկու այդ երևույթների իրականացման ուղղությամբ: Չի արվի, ինչպես չի արվել Արցախի էթնիկ զտման պահից այս կողմ: Ու ԵԽ բանաձևում այդ կետերի ներառումը կատարվել է մեր զգացմունքների վրա ազդելու նպատակով, ոչ ավելի: Ընդամենը փորձում են մեզ համոզել, թե ինչպիսի լավ «ձաձյաներ ու տոտաներ» են իրենք:
Մեզ ոչինչ չի տալիս նաև այն հանգամանքը, որ բանաձևում ներառված այդ կետերի պատճառով Ադրբեջանի խորհրդարանը որոշել է խզել բոլոր կապերը ԵԽ-ի հետ: ԵԽ-ին մեղադրելով կողմնակալության և մեր տարածաշրջանում խաղաղության խաստատման գործընթացին բացասականորեն միջամտելու մեջ: Կարծում եմ, որ կողմնակալության առումով ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը կարող է լռել, սակայն իր «տղամարդկային» խոսքը (հիշո՞ւմ եք ֆիլմը՝ «Я свое мужское слово скажу» արտահայտությամբ) պետք է ասի երկրորդ մեղադրանքի առումով: Դա նույն մեղադրանքն է, որ վերը նշված անձն ուղղում է թե՛ հայոց եկեղեցու, թե՛ ընդդիմության և թե՛ Ռուսաստանի դեմ: ՌԴ-ի դեմ մեղադրանքում ներառելով անվտանգային սպառնալիքների գերանհեթեթ տարրը:
Մեզ ոչինչ չի տալիս, քանի որ վերը նշված անձի իշխանության վերարտադրությունից հետո Եվրոպան ու նրա հուսալի գործընկեր բռնապետը վաղ թե ուշ իրար հետ լեզու կգտնեն, իսկ մենք աստիճանաբաչ կկորցնենք մեր պետականությունը: Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ բոլոր շատ թե քիչ գրագետ հայաստանցիները հունիսի 7-ին պետք է մասնակցեն ԱԺ ընտրություններին և ոչ ասեն Նիկոլին ու նրա ՔՊ-ին՝ ընտրելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան», «Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերից մեկն ու մեկին: Ինչ մնում է Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությանը, ապա ընդամենը 7 ամիս (հունիսի 7-ի հաշվարկով) առաջ ձևավորված շարժումը, որը կուսակցություն է դարձել ս. թ. ապրիլի 15-ին, ԱԺ մուտք գործելն արդեն չափազանց մեծ հաջողություն է: Եթե, իհարկե, դա իրեն հաջողվի:
Վերադառնալով բոլորը բարոյական ու իրավական նորմերը խախտող՝ ԵՄ-ի կողմից Նիկոլին աջակցելուն, այսօր Արմեն Աշոտյանի նման ընդամենը կարող ենք ասել՝ «Shame on you» (Ամոթ ձեզ): Իսկ եթե մեզ հաջողվի մարդկանց հորդորելը, որպեսզի նրանք հունիսի 7-ին գնան ընտրատեղամասեր և ու ձայն տան ընդդիմությանը, ապա ԵՄ-ի հետ էլ կունենանք այլ բնույթի խոսակցություն: Ու վերպետական այդ կառույցի ներկայացուցիչները ստիպված կլինեն ընդունելու, որ երիցս իրավացի էր ՀՀԿ փոխնախագահը՝ երբ մեկ-երկու օր առաջ եվրոպացի իր նախկին գործընկերներին դիմում էր վերը նշված բացականչությամբ:
ՀԳ. Մի քանի օր անց էլ ականատես կլինենք Հայաստանը դեպի բռնապետություն տանող անձի հասցեին՝ եվրոպացիների կողմից արվող գովեստներին: Բանաստեղծը կասեր՝ արի ու մի խելագարվի, բայց մենք խելագարվելու իրավունք չունենք: Ընդհակառակը, այնպես պետք է անենք, որ խելագարվեն ամոթից զուրկ անձինք: Իսկ մենք զարգացնենք մեր հայրենիքը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր