Դա ծայրահեղ տգիտության դրսևորում է
Mon, 04 May 2026 11:17:53 +0400

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մարզահամերգային համալիրի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը քննադատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ այն որակելով որպես անընդունելի և անհիմն։
Թանդիլյանի խոսքով՝ մշակութային արժեքների ոչնչացումը չի կարող դիտվել որպես որևէ երկրի ներքին խնդիր, քանի որ դրանք համամարդկային նշանակություն ունեն։ Նա ընդգծել է, որ նման տեսակետ արտահայտելով՝ պաշտոնյան ոչ միայն սխալ դիրքորոշում է ներկայացնում, այլև վնասում է Հայաստանի հեղինակությանը միջազգային հարթակներում։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ նման հայտարարությունները, իր գնահատմամբ, արվում են Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալու նպատակով։ Նրա համոզմամբ՝ ներկայիս իրավիճակը ներկայացվում է որպես խաղաղություն, սակայն իրականում այն չի արտացոլում տարածաշրջանում առկա լարվածությունը։
Թանդիլյանը կարծիք է հայտնել, որ ընտրություններից առաջ Ադրբեջանի հարաբերական լռությունը չի կարելի ընկալել որպես կայուն խաղաղության հաստատում։ Ըստ նրա՝ այդ փուլը ժամանակավոր բնույթ ունի, և ընտրություններից հետո Բաքուն կարող է կրկին առաջ քաշել իր պահանջները։
Նա ընդգծել է, որ խաղաղությունը պետք է լինի հետևանք ճիշտ և հաշվարկված քաղաքականության, այլ ոչ թե ինքնանպատակ։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, այն կարող է վերածվել իշխանությունը պահպանելու գործիքի։
Անդրադառնալով նաև եվրոպական երկրների առաջնորդների այցին՝ Թանդիլյանը նշել է, որ նրանց ներկայությունը Հայաստանում կարող է ընկալվել որպես ազդեցություն երկրի ներքին քաղաքական գործընթացների վրա։
«Այն, ինչ հայտարարել է Արսեն Թորոսյանը ,ծայրահեղ տգիտության դրսևորում է, քանի որ երբ վերացվում են մշակութային արժեքներ, այն տվյալ երկրի, ներքին ինքնիշխան հարցը չէ»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր