Երկուշաբթի , 4 Մայիսի 2026

Նիկոլը թքած ունի հայոց պետականության վրա

Նիկոլը թքած ունի հայոց պետականության վրա

Mon, 04 May 2026 17:45:15 +0400


Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովին Ադրբեջանի բռնապետի Երևան չայցելելը վկայում է, թե ինչպիսի խաղաղություն է հաստատված այդ երկրի հետ: Ավելի ճիշտ՝ վկայում է դրա բացակայության մասին: Ու դա, մեծ հաշվով, չի փոխհատուցվում Իլհամի տեսակապային ելույթով: Ինչը նման է ասֆալտաշինության առասպելի պայթելուն՝ երբ եղանակը տաքանալուն պես փողոցներում փոսեր առաջացան: Իսկ ասֆալտ փռելը, հիշենք, նիկոլականների քարոզչական թեմաների առաջին եռյակում էր: Կյանքը ցույց տվեց, որ սրանց փռած ասֆալտն ավելի անորակ էր, քան նախկիններինը:

Բայց, ենթադրաբար, մեծ հաճույքով է Հայաստան այցելել Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Ով դեմ չէր լինի՝ եթե մեր երկիրը վերածվեր «Ուկրաինա 2-ի»: Արդյունքում իր երկրի վիճակը կթեթևանար: Իզուր չէր նա վրացիներից անընդհատ պահանջում հակամարտության մեջ մտնել ռուսների հետ: Բայց վրացական իշխանությունն այնքան ադեկվատ է, որ նման քայլի չդիմեց: Ինչը հաստատ չես ասի հայոց «գահի» վրա նստած Նիկոլի մասին: Իսկ եթե հիշենք, թե ինչ շնորհավորանքներ էին Կիևից հղվում Բաքվի բռնապետին 44-օրյա պատերազմից հետո, պատկերը կամբողջանա: Չնայած հաշվի առնելով ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի վերաբերմունքն Արցախի նկատմամբ, պետք է ընդունենք, որ դա նրան բացարձակ ցավ չի պատճառել: Դե, ոնց պատճառեր, եթե ինչ էլ իր հետ պատահեր՝ ինքն իրեն «պարտված չէր ճանաչելու»:

Նրան ցավ չի պատճառի նույնիսկ՝ եթե Զելենսկու այցի պատճառով Ռուսաստանի կողմից Հայաստանը ենթարկվի «Ջերմուկ Գրուպի», ինչպես նաև «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի հայաստանյան հաճախորդների հետ պատահածից ավելի խիստ պատժամիջոցների: Հատկապես որ ինքն ունի Պապոյանի նման նախարար, ով այդ խնդիրը լուծելու փոխարեն կփորձի պատժամիջոցները ներկայացնել որպես հայաստանյան ընդդիմադիր ուժերի, վերջինիս խիստ «հեղինակավոր» կարծիքով, հակապետական գործունեության արդյունք: Պատկերացնո՞ւմ եք, 2018-ի ապրիլից ութ տարի շարունակ հակապետական գործունեությամբ զբաղվողներն են ընդդիմությանը մեղադրում այդ հարցում: Ինչը վաղուց արդեն զարմանալի չէ, քանի որ «գողը կանչեց՝ բռնե՛ք գողին» երևույթը մեզանում վերածվել է բնական բանի: Իսկ հասարակության տեսակետից նորմալ ու ադեկվատ վարքը՝ անսովոր երևույթի. խոսքը վերաբերում է իշխանական կաստային:

Ինչևէ, երբ նախորդ գագաթնաժողովին վարչապետի աթոռից կառչած անձն առաջարկում էր հաջորդ հանդիպումը կազմակերպել Երևանում, պետք է որ գիտակցեր Զելենսկու այցից ՌԴ-ի հետ առաջանալիք խնդիրները: Հատկապես որ Երևանում Զելենսկին բանակցում է եվրոպական այս կամ այն պետության ղեկավարի հետ՝ բնականաբար, ընդդեմ Ռուսաստանի: Բայց քանի որ նպատակ էր դրվել գագաթնաժողովը ծառայեցնել սեփական իշխանության վերարտադրմանը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը թքած է ունեցել այն բանի վրա, թե ինչ կմտածեն դրա առումով Մոսկվայում: Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ թքած ուներ այն պատժամիջոցների վրա, որ կնախաձեռնվեին հայաստանյան տնտեսվարողների կամ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների նկատմամբ: Եվ, մեծ հաշվով, թքած ունի հայոց պետականության ապագայի վրա: Մնում է, որ պատժամիջոցներից տուժողները գիտակցեն, թե ով է իրենց իրական թշնամին: Ու մեկ ամիս անց ընտրախցիկում նրան և նրա հիմնադրած կուսակցությանը համապատասխան վերաբերմունք դրսևորեն:

Եթե Նիկոլը թքած չունենար հայոց պետականության վրա, ապա Երևանում եվրոպացիների անիմաստ հանդիպում չէր կազմակերպի: Հատկապես որ սրանից ոչ շատ վաղուց ընդունել էր «ռուսաց թագավորի» հրավերը ու գնացել էր Մոսկվա: Ճիշտ է, այնտեղ իրեն «դուխով» էր պահել, չնայած ավելի ճիշտ կլիներ, եթե իրեն պահեր ոչ թե «դուխով», այլ խելացի: Բայց վերջինիս խելքն աշխատում է ոչ թե պետականության անվտանգության ու զարգացման, այլ միայն ու միայն սեփական իշխանության պահպանման ուղղությամբ: Ինչի համապատասխան արձագանքն էլ պետք է տրվի հունիսի 7-ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալբանիայի վարչապետը սիրու՞մ է Մելոնիին․ կրքոտ գրկախառնություն՝ Երևանում (լուսանկար)

Ալբանիայի վարչապետը սիրու՞մ է Մելոնիին․ կրքոտ գրկախառնություն՝ Երևանում (լուսանկար) Mon, 04 May 2026 15:00:01 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով