Հանրապետականները պարտվելու՞ են․ Թրամփի շրջապատում լուրջ վախ կա
Tue, 05 May 2026 10:30:37 +0400

Սպիտակ տան իրավաբանական վարչությունը փակ ճեպազրույցներ է անցկացնում վարչակազմի հանրապետականների համար՝ նոյեմբերի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հնարավոր հաղթանակին նախապատրաստվելու համար, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ ճեպազրույցները ներառում են Կոնգրեսի վերահսկողական մարմինների գործունեության բացատրություն, աշխատակիցներին նամակագրության մեջ զգույշ լինելու կոչ և Կոնգրեսի հարցումներին անհապաղ արձագանքում։
The Washington Post-ին տված հարցազրույցում մի պաշտոնյա խիստ հավանական է համարել, որ հանրապետականները ընտրություններից հետո կկորցնեն Կոնգրեսի առնվազն մեկ պալատի նկատմամբ վերահսկողությունը։ Մեկ այլ աղբյուր հավելել է, որ իրավաբանական վարչության հետ նման խորհրդակցություններ պարբերաբար անցկացվել են Դոնալդ Թրամփի 2025 թվականի նախագահական ժամկետի սկզբից ի վեր։ Սակայն, մեկ այլ աղբյուրի համաձայն, վերջին ամիսներին ճեպազրույցները «ուժեղ երանգ» ունեն առաջիկա միջանկյալ ընտրությունների վերաբերյալ։
Հրապարակման համաձայն՝ որոշ աշխատակիցներ դրանք ընկալում են որպես հնարավոր բացասական սցենարների նախապատրաստություն՝ հաշվի առնելով վարչակազմի ներսում աճող այն ընկալումը, որ Հանրապետական կուսակցությունը կարող է դիրքեր կորցնել։
Թերթի տվյալներով՝ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը նվազում է տնտեսական դժվարությունների ֆոնին, մասնավորապես՝ Իրանի հետ պատերազմի հետ կապված։ WP, ABC News և Ipsos ընկերությունների կողմից անցկացված հարցման համաձայն՝ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատի աջակցության հարցում առաջատար են հինգ միավորով (նախկինում երկու միավորով ավելի)։
Միջանկյալ ընտրությունները Միացյալ Նահանգներում կկայանան նոյեմբերի 3-ին։ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները կվերընտրվեն երկու տարի ժամկետով, իսկ 33 սենատորներ՝ վեց տարի ժամկետով։ Ներկայումս Ներկայացուցիչների պալատը և Սենատը վերահսկվում են հանրապետականների կողմից (համապատասխանաբար՝ 435 տեղերից 219-ը և 100 տեղերից 53-ը)։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր