«Հրապարակ». Համայնքապետն ինչո՞ւ է չեղարկել իր իսկ կայացրած որոշումը
Tue, 05 May 2026 12:15:15 +0400

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն ապրիլի 18-ին որոշել է 2026 թ․ հունիսի 7-ին ԱԺ հերթական ընտրություններին նախապատրաստվելու համար Դիլիջան համայնքում սահմանել 18 ընտրական տեղամասային կենտրոն։ Դրանցից 10-ը Դիլիջան քաղաքում է, 2-ական՝ Հաղարծին եւ Գոշ գյուղերում, 1-ական տեղամաս՝ Թեղուտ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք գյուղերում։ Համայնքի ղեկավարն ապրիլի 21-ին, ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասով եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, որոշել է ԱԺ 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին նախապատրաստվելու նպատակով քարոզչական պաստառներ փակցնելու համար Դիլիջան համայնքի տարածքում տրամադրել անվճար տեղեր։ Այդ որոշմանը կից հավելվածում առկա է քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի ցուցակը։ Ընդհանուր 26 տեղ է հատկացված այդ պաստառների համար, յուրաքանչյուր տեղում՝ 5-20 քառակուսի մետր մակերեսով։ Այդ 26 տեղից 15-ը Դիլիջան քաղաքում է, 3-ը՝ Գոշ գյուղում, 2-կան՝ Թեղուտ, Խաչարձան, Հովք, մեկական՝ Աղավնավանք, Հաղարծին գյուղերում։ Ապրիլի 27-ին Դ․ Սարգսյանը որոշել է 2026 թ․ ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքում տեղամասային ընտրական կենտրոններ սահմանելու մասին» իր թիվ 203-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ եւ չեղյալ ճանաչել Դիլիջանի համայնքի ղեկավարի 2026 թ․ ապրիլի 21-ի «ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման նպատակով Դիլիջանի համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր տրամադրելու մասին» թիվ 218-Ա որոշումը։
Իսկ ինչու է չեղյալ համարել իր նախորդ որոշումը։ ՏԻՄ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետը սահմանում է․ «Համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ եւ արձակում կարգադրություններ»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38.1-րդ հոդվածն էլ սահմանում է․ «Նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտով, եթե այլեւս նպատակահարմար չէ ընդունված, սակայն դեռեւս ուժի մեջ չմտած ակտի կիրառումը»:
Ինչո՞ւ նպատակահարմար չէ Դիլիջան համայնքի տարածքում ԱԺ ընտրությունների հետ կապված քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր տրամադրելը, ո՞նց ստացվեց, որ ապրիլի 18-ին այդ տեղերի հատկացումը նպատակահարմար էր, իսկ 10 օր անց դարձավ ոչ նպատակահարմար։ Ապրիլի 30-ին Դ․ Սարգսյանը որոշել է 2026 թ․ ապրիլի 18-ի թիվ 203-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, որոշման 1-ին կետի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ։ Որպես փոփոխության հիմնավորում՝ նշված է․ «Դիլիջան համայնքի Գոշ գյուղի դպրոցի շենքը պետական ծրագրով ենթակա է քանդման, փոխարենը նոր շենքի կառուցման եւ քանդման աշխատանքներն արդեն մեկնարկել են, անհրաժեշտություն է առաջացել «Գոշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ հասցեում սահմանված թիվ 14 տեղամասային ընտրական կենտրոնը գ. Գոշ, Մ. Գոշի փող. 7-րդ փակ. 7 հասցեից տեղափոխելու Գոշ գյուղի «Ակումբ»․ հասցե՝ գ. Գոշ, Մ. Գոշի փող. 73/1։ Տեխնիկական սխալների հետեւանքով թիվ 8 տեղամասային ընտրական կենտրոնի՝ «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ անվանման մեջ բաց է թողնվել «բազմագործառութային» բառը, նախկինում սխալ է գրված եղել թիվ 5 տեղամասային ընտրական կենտրոնի՝ «Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հասցեն, որն ուղղվել էր Դիլիջան համայնքի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 27-ի թիվ 221-Ա որոշմամբ»։
Սակայն երբ Դիլիջանի համայնքապետն ապրիլի 18-ին որոշել էր Գոշի միջնակարգ դպրոցի շենքում տեղամասային ընտրական կենտրոն ձեւավորել, չգիտե՞ր, որ Գոշի դպրոցի շենքը պետական ծրագրով ենթակա է քանդման, եւ նոր շենքի կառուցման ու քանդման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ Դ․ Սարգսյանը չի՞ իմացել, որ 2024թ․-ից՝ Դիլիջանի պետական եւ բժշկական քոլեջների միավորումից հետո այդ քոլեջը կոչվում է բազմագործառութային, որ իր որոշման մեջ այդ բառը բաց է թողել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր