Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Չի՞ գիտակցում, որ Եռաբլուրը հիշատակվելու է քանի դեռ կենդանի են զոհվածներին հիշողները

Չի՞ գիտակցում, որ Եռաբլուրը հիշատակվելու է քանի դեռ կենդանի են զոհվածներին հիշողները

Fri, 20 Nov 2026 17:45:55 +0400


Իրական ժողովրդավարություն հաստատելու խոստումներով իշխանության եկածը երկիրը վերածեց խուժանապետության: Երիտասարդների ուսերի վրայով վարչապետ դարձած անձը զոհաբերեց այդ ջահել տղաներին: Մարտի 1-ի զոհերի ու «Հաց բերողի» մահն անընդհատ շահարկող եղկելին եղկելի է անվանում Եռաբլուրը հիշատակողներին: Չգիտես, այդ անձը չի՞ գիտակցում, որ Եռաբլուրը հիշատակվելու է, քանի դեռ կենդանի են զոհվածների ծնողներն ու զավակները: Ու դրանք ոչ թե տասն են կամ մեկը, այլ հազարավորներ: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, նրա «շնորհիվ» արցախցիները կորցրել են իրենց օջախները: Իսկ հավաքական հայությունը կորցրել է իր արժանապատվությունը: Եվ այդ ամենի կորուստը պայմանավորված էր պատերազմում «չշշկռվելիք գերագույնի» հրամանատարութամբ խայտառակ պարտությամբ: «Պարտությունը նախօրոք պլանավորվա՞ծ էր, թե՞ ապաշնորհության պատճառով էր» հարցին էլ լուծում կտրվի իշխանափոխությունից հետո:

Չնայած այդ ամենին, իր ու իր կամակատարների կարծիքով Հայաստանը ժողովրդավարական երկիր է: Ժողովրդավարական է, քանի որ առկա է ձևական կողմը՝ շաբաթը մեկ դուրս է գալիս լրագրողների առջև ու պատասխանում նրանց հարցերին: Իրականում ոչ թե պատասխանում է, այլ իր պատասխաներով ձեռք է առնում թե՛ լրագրողներին, թե՛ հասարակության գրագետ ու մտածող հատվածին և թե՛ ընդհանրապես մարդկային առողջ դատողությանը: Ինչն, իր կարծիքով, ժողովրդավարության դրսևորում է: Իրականում դա ժողովրդավարական փաթեթավորմամբ միապետություն է՝ ագրեսիվ ներքին կյանքում, խեղճ ու հարիֆ՝ թշնամիների դեմ հադիման:
Պատկերացնո՞ւմ եք, ժողովրդավարության ցուցիչ է համարվում նաև այն հանգամանքը, երբ երկրում գործող 38 տարածքային ընտրական հանձնաժողովներից մեկը Սպիտակում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությանն ընդառաջ դիմում է դատարան ՔՊ-ական թեկնածուի գրանցումը անվավեր ճանաչելու հայցով։ Ինչը նրա կուսակիցների շրջանում դժգոհություն է առաջացնում ԿԸՀ-ի (կենտրոնական ընտրական հանձնաժողովի) նկատմամբ: Քանի որ ՔՊ-ականները, վերջինիս առաջնորդի կարծիքով, չէին կարող չլինել օրինավոր (կամ «օրգանիկ»)՝ ի տարբերություն ընդդիմադիրների: Իսկ թե ինչպիսի «օրգանիկ» էին ՔՊ-ին տրված ձայները՝ բացահայտվեց ԲՀԿ-ի օգտին տրված՝ ավելի քան 58 հազար ընտրողների քվեների չեղարկմամբ: Չնայած մեկ այլ տեսանկյունից, եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական, ապա ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելու նպատակով նույն այդ ԿԸՀ-ն «չէր համարձակվի» զրոյացնել վեց տասնյակ հազար քվեները: Դա, ի միջի այլոց, թույլ չէր տա նաև «ժողովրդավարության բաստիոն» Եվրամիությունը:

Նույն անձանց կարծիքով, չնայած Հայաստանը «ժողովրդավարական» երկիր է, բայց այն կատարյալ չէ, ու որպեսզի վերածվի «կատարյալ ժողովրդավարության», որոշում է կայացվել կյանքի կոչել մեկ այլ «ժողովրդավար» գործչի՝ Սարգսյան Արամի երազանքը: Այն է՝ ճիշտ ժամանակին ընտրական գործընթացներից դուրս թողնել առավել մեծ հեղինակություն վայելող ընդդիմադիր քաղաքական այս կամ այն ուժին: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի թիրախ ուժի ակտիվ անդամներն ու համախոհները ձերբակալվեն ու դատարանի որոշմամբ դատապարտվեն ընտրակեղծարարության և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հոդվածներով: Իսկ դա, ինչպես ցույց տվեցին թե՛ համապետական և թե՛ դրան հաջորդած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, անհնարին բան չէ Հայաստանի Հանրապետությունում ծլող-ծաղկող «ժողովրդավարության» պարագայում:

Իսկ դրա համար, ինչպես ցույց տվեց կյանքը, առկա են բոլոր պայմանները՝ հակակոռուպցիոն քննիչներ, դատախազության համապատասխան ստորաբաժանում և հակակոռուպցիոն դատարան: Ուրիշ հարց, որ իշխանափոխությունից հետո, ինչը տեղի կունենա վաղ թե ուշ, բայց տեղի կունենա անպայման, այդ բոլոր անձինք անցնելու են իրական արդարադատության մաղով: Ու ինչպես այս օրերին է Վրաստանի գործող իշխանությունը մեղադրում Եվրամիությանը, նույնը տեղի կունենա Հայաստանի պարագայում: Ու հայաստանցին վերջապես կգիտակցի, որ Եվրամիությունը ո՛չ արդարադատության և ո՛չ էլ ժողովրդավարության բաստիոն չէ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գինեսի գրքում արձանագրվելու արժանի ռեկորդ

Գինեսի գրքում արձանագրվելու արժանի ռեկորդ Wed, 18 Nov 2026 17:45:46 +0400 Քեֆս բերեց փաստաբան Ալեքսանդր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով