Ի՞նչ մարտավարություն է ընտրել Գագիկ Ծառուկյանը
Tue, 05 May 2026 12:45:15 +0400

Երբ հիմնական անցողիկ քաղաքական ուժերը, իսկ այնուհետ փոքր-մոքր ոչ անցողիկները մեկը մյուսի հետևից հայտարարեցին վարչապետի իրենց թեկնածուների անունները, Գագիկ Ծառուկյանը խուսափեց նույնը անել եւ վարչապետի իր թեկնածուի անունը հրապարակել։
Երբ հայտարարված թեկնածուների թիվը հասավ 10-ի և աջ ու ձախ կողմից Ծառուկյանից պահանջում էին իր թեկնածուի անունն ասել՝ նա դարձյալ տեղի չտվեց։ Այդ պահից ակնհայտ դարձավ, որ սա մտածված մարտավարություն է։ Գուցե՝ ինտրիգ ու խորհրդավորություն ստեղծելու նպատակով։
Միամտություն կլիներ կարծել, թե Ծառուկյանը մտնում է ընտրարշավ ու դառնում ներքաղաքական պրոցեսների ակտիվ դերատակատար առանց վարչապետի իր թեկնածուն ունենալու։ Նման բան չի լինում քաղաքականության մեջ, այն էլ Հայաստանում՝ որտեղ շատ բան անհատականացված է ու անձերով է պայմանավորված։ Հանուն արդարության ասենք, որ շատերը հենց այդպես էլ մտածում էին, որ Ծառուկյանն անպատրաստ է մտել ընտրական պրոցեսի մեջ։ Բայց նա հանդարտ շարունակում է իր մարտավարությունը, ժամանակի ընթացքում հնչեցնելով միայն սկզբունքները. «Վարչապետը պետք է լինի ոչ ներկաներից, ոչ նախկիններից։ Հայաստանին պետք է ապագայի վարչապետ» և հավելեց, որ ինքը ունի այդպիսի 3-4 թեկնածու։
Մնում է հասկանալ՝ ո՞րն է Ծառուկյանի մարտավարությունը։ Ամենայն հավանականությամբ նա շատ լավ հասկանում է, որ առաջիկա ամսում նախընտրական Հայաստանում կարող են լինել էական փոփոխություններ, որտեղ իր դերը կարող է բարձրանալ։ Այդ դեպքում ինչո՞ւ շտապել։
Կարող է ստացվել այնպես, որ հունիսի 7-ից հետո Հայաստանում լրիվ ուրիշ վիճակ լինի։ Այդ դեպքում, ինչո՞ւ կաշկանդվել որևէ անուն նախապես տալով։ Իսկ գուցե կա երրո՞րդ սցենարը, որն առայժմ դժվար է հաշվարկվում։ Դասականը կասեր՝ սա Հայաստանն է, և վերջ։ Ամեն ինչից անկախ պետք է ընդունել, որ Ծառուկյանն իր նախապես մշակած մարտավարությամբ (իսկ որևէ կասկած չկա, որ դա նախապես մշակված էր) սպասման մեջ է դնում քաղաքական պրոցեսները Հայաստանում։
Արեգ Մարգարյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր