Պատերազմի մասին, փաստորեն, որևէ տվյալ չի եղել
Wed, 06 May 2026 11:44:56 +0400

Ազգային ժողովում քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված հնարավոր պատերազմի վտանգի հետ։
Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, նշել է, որ վարչապետի խոսքում կա որոշակի տրամաբանություն։ Նրա մեկնաբանությամբ՝ եթե նախընտրական փուլում քաղաքական ուժերը կասկածի տակ են դնում խաղաղության հիմքերը, դա կարող է հանգեցնել հետագա ապակայունացման և խաղաղության խաթարման։
Արմենուհի Կյուրեղյանը իր հարցում հիշեցրել էր Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ եթե իշխող ուժը ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա հնարավոր է պատերազմ սկսվի։ Նա հետաքրքրվել էր՝ արդյոք այդ գնահատականը հիմնված է արտաքին հետախուզության տվյալների վրա, և փորձե՞լ է ծառայությունը պարզել նման սցենարի իրական հիմքերը։
Ի պատասխան՝ Գրիգորյանը շեշտել է, որ խոսքը պետք է դիտարկել քաղաքական տրամաբանության շրջանակում, այլ ոչ թե որպես կոնկրետ հետախուզական տվյալների վրա հիմնված կանխատեսում։
Կյուրեղյանը, արձագանքելով այս մեկնաբանությանը, նշել է, որ այդպիսով պարզ է դառնում՝ համապատասխան ծառայությունը նման տվյալներ չի ունեցել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր