Հինգշաբթի , 7 Մայիսի 2026

Երբ խոսքը լռում է վախից, անարդարությունը խոսում է բարձրաձայն

Երբ խոսքը լռում է վախից, անարդարությունը խոսում է բարձրաձայն

Thu, 07 May 2026 18:45:05 +0400


Սրճարանում չորս մարդ սուրճ էին խմում, զրուցում, քիչ անց զրույցը վերածվեց վիճաբանության: Մեկը պնդում էր. «Ինչո՞ւ Նիկոլը չշարունակի Եկեղեցու բարենորոգման գործընթացը` ընտրվելուց հետո ավարտին հասցնի»: Մյուսներն ընդդիմանում էին. «Բարեփոխում՝ Եկեղեցու հիմքերը խարխլելո՞վ»: Հայոց բանակից հոգեւոր ծառայությունը վերացվեց, գնդերեցների գործունեությունը դադարեցրին, ՔԿՀ-ներում հոգեւորականների մուտքն արգելեցին, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանեցին, կաթողիկոսի դեմ արշավ սկսեցին եւ ո՞ւմ հետ՝ Եկեղեցի դավաճանած հոգեւորականների: «Պղծության» դեմ՝ պիղծերով: Նպատակը բարելավումը չէ, մեր ազգապահպանման գլխավոր հիմնասյուներից մեկի՝ Սուրբ եկեղեցու կործանումն է: Հանկարծ նկատեցին, որ կողքից լսում եմ իրենց զրույցը, խոսակցությունը կիսատ մնաց, վախը հաղթեց բոլորին։ Վախը: Այն գալիս է անաղմուկ, սողոսկում ամենուր, դառնում չգրված, բայց խստորեն պահվող օրենք։ Մարդը լռում է, վախենում է, հետո սովորում է դրան եւ մոռանում, թե ինչպես է հնչում ազատ խոսքը։ Երբ վախը դառնում է նորմ, լռությունը ներկայանում է որպես խոհեմություն։ Մարդիկ իրենց խոսքը տեղավորում են թույլատրելի սահմանների մեջ։ Ծառի շվաքում խմբով զրուցում են, մեկն ասում է. «Զատո Նիկոլը ասֆալտ է փռում ու բռոշկա նվիրում»: Մյուսն ավելացնում է․ «Անվճար սիրտս ստենտավորել տվուց, դեղերս էլ հետը տվուց»: Երրորդը վրա է բերում. «Այ ընկեր, Նիկոլն իր հո՞ր, թե՞ իր աշխատած միլիոններից «տվուց»: Էն էլ՝ ընտրությունների նախաշեմին, մեզնից հավաքագրված փողերն է ծախսում ու մեր աչքը խոթում»:

Մարդիկ լռում են տարբեր պատճառներով․ մեկի աղջիկը դպրոցում է աշխատում, մյուսինը՝ մանկապարտեզում, մեկի որդին բանակում է, մյուսը որեւէ հիմնադրամից կամ ծրագրից փող է ստանում։ Խոսելը կարող է արժենալ թանկ գին՝ աշխատանքի, եկամտի, անվտանգության կորուստ: Եվ այդպես ձեւավորվում է ամենավտանգավոր «համաձայնությունը»՝ ոչ թե համոզմունքից, այլ՝ հաշվարկից։ Մարդիկ խոսում են փակ տարածքներում, պատերի տակ, վստահելի մարդկանց հետ, կիսաձայն, քչփչոցով։ Հանրային տարածքում լռում են։ Բաց է մնում անչափ կարեւոր մի հարց` իսկ ո՞վ պիտի ումից վախենա՝ ժողովուրդը՝ իշխանությունի՞ց, թե՞ իշխանությունը՝ ժողովրդից։ Ո՞վ է ում ընտրում: Եթե վախը բնակվում է հասարակության մեջ, հասարակության ընտրած իշխանությունը դադարում է լինել հաշվետու։ Եթե խոսքը լռում է, անարդարությունը ծաղկում է։

Ընտրությունների նախաշեմ է: Մարդկանց նյարդերը լարված են՝ ե՛ւ նրանց նյարդերը, ովքեր հավատավոր նիկոլական են, ե՛ւ նրանցը, ովքեր փոփոխությունների կարոտ են: Ոչ ոք հաստատ չի կարող ասել՝ որ ուժն է հաղթելու ընտրություններում: Ամենուր տարակարծություն է, իրարամերժ գնահատականներ, վախ, անհանգստություն, տագնապ, անորոշություն: Ահա, մարդը քայլում է փողոցով, ինքն իրեն խոսում, իր անհամաձայնությունը միայն ինքն իրեն է «վստահում» եւ քայլում է իր իսկ ստվերից վախեցած: Վախեցողների քանակն օրեցօր ավելանում է: Չնայած ահագնացող դժգոհությանը՝ ամեն օր ավելի շատ մարդ չի խոսում անարդարությունից, անօրինականություններից, երկրի գլխին կախված վտանգներից: Ու այդ պահից հասարակությունը դադարում է լինել խոսող մարմին, դառնում է դիտող, իրադարձություններին հետեւող անմասնակից ստվեր։ Եվ ամենացավալին այն է, որ վախը դառնում է տրամաբանություն, հաշվարկ, «իմաստուն» ինքնապահպանություն։ Վախի ու լռության պատճառով էլ չեն կրճատվում «նիկոլդավան» քաղաքացիների շարքերը: Սրանք մեկ որ «ընդունել» են նրան, միտք չունեն դավաճանելու, որովհետեւ Նիկոլի ու ՔՊ-ի ազգադավ գործունեության մասին տվյալներ հաղորդող ու մեկնաբանություն տվողները չեն ավելանում, եթե կան՝ քիչ են, ծույլ են, դանդաղաշարժ են: Ծանր աշխատանք է պահանջվում՝ նրանց «դարձի բերելու»: Ընդդիմությունն զբաղված է ամեն ինչով՝ ինտրիգներ, վերադասավորումներ, կոալիցիաներ, բայց մասսաների մեջ բացատրական աշխատանք ծավալելը վատ է անում, դեռ վաղ է համարում: Իզուր: Արթնանալ է հարկավոր:

Այլապես՝ դեռ երկար ժամանակ լռությունն ինքնապաշտպանություն կթվա եւ ուժ կտա այն ամենին… ինչից վախենում ենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Զելենսկին պատերազմում է ռուսների դեմ, բա հո չէ՞ր գալու Պուտինին գովեր

«Հրապարակ»․ Զելենսկին պատերազմում է ռուսների դեմ, բա հո չէ՞ր գալու Պուտինին գովեր Thu, 07 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով