Որ ընտանիքները ամսական 150 հազար դրամ օգնություն կստանան
Fri, 08 May 2026 11:29:55 +0400

ԱԺ-ի մոտ մեկնարկած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ընթացքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ութ տարի առաջ այս օրը վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ընթացքում երկիրը, իր գնահատմամբ, հետընթաց է ապրել։
Նրա խոսքով՝ Փաշինյանը ժամանակին ստացել էր հասարակության լայն աջակցությունը՝ մարդկանց խոստանալով խաղաղություն, բարեկեցություն և արդար դատական համակարգ։ Կարապետյանը նշեց, որ իշխանությունները խոստացել էին նաև բարելավել գյուղացիների կյանքի պայմանները, ստեղծել հնարավորություններ մարզերում և կանխել արտագաղթը գյուղերից։
Սակայն, նրա պնդմամբ, այդ խոստումները չեն իրականացվել։ Կարապետյանը հայտարարեց, որ խաղաղության փոխարեն երկիրը բախվել է մի քանի պատերազմների, իսկ տնտեսական բարելավման փոխարեն, ըստ նրա, քաղաքացիների վարկային բեռը աճել է։ Նա նաև քննադատեց հարկային քաղաքականությունը՝ նշելով, որ փոքր բիզնեսի համար հարկային բեռը մեծացել է, մինչդեռ աղքատության խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
Նարեկ Կարապետյանը նաև անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերին՝ նշելով, որ իշխանության գալու դեպքում առաջին ամիսներին նախատեսում են իրականացնել մի շարք սոցիալական նախաձեռնություններ։ Այդ ծրագրերից մեկը, նրա խոսքով, վերաբերում է ծայրահեղ աղքատ ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելուն։ Նա ասաց, որ նախատեսվում է յուրաքանչյուր հինգ հոգանոց ծայրահեղ աղքատ ընտանիքի հատկացնել 150 հազար դրամ աջակցություն։
Կարապետյանի խոսքով՝ ծրագրի ֆինանսավորման հիմնական մասը պետք է ապահովեն սփյուռքահայ խոշոր գործարարները, իսկ մնացած մասը՝ պետությունը։ Նա ընդգծեց, որ իրենց քաղաքական թիմը կապեր ունի տարբեր ազդեցիկ հայ գործարարների հետ, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա իրականացնել նման ծրագրեր։
Ելույթի ավարտին Կարապետյանը կոչ արեց ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին միանալ իրենց պայքարին և աջակցել քաղաքական փոփոխություններին՝ նշելով, որ իրենց նպատակը երկրում նոր փուլ սկսելն ու վերակառուցման գործընթաց նախաձեռնելն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր