Երանի՜ քաղցած լինեինք, բայց հայրենիքը չփոքրանար…
Mon, 11 May 2026 14:15:20 +0400

Մետրոյի վագոնում տեղի ունեցած այս փոքրիկ դրվագը շատ ավելի մեծ հոգեբանական պատկեր է բացում, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Երբ քաղաքացին Փաշինյանին ասում է՝ «Այդ ամեն ինչը մի հայրենիք չարժի՞, աչքներիս առաջ փոքրանում է», ու հրաժարվում է վերցնել նախընտրական բուկլետը, նա պարզապես քաղաքական դժգոհություն չի արտահայտում։ Դա մարդու ներսում կուտակված ցավի, արժեհամակարգի ճեղքման արձագանք է։
Հատկապես ազդեցիկ է տարեց տղամարդու հայացքը։ Այնտեղ աղմկոտ զայրույթ չկա։ Ավելի ծանր բան կա՝ խորը հիասթափություն, անտարբերության հասցրած հոգնածություն, ներսից մաշված մարդու լռություն։ Այդ հայացքը կարծես վաղուց դադարել է ինչ-որ բան ապացուցել։ Այն պարզապես ցավում է։
Փաշինյանը խոսում է թվերից՝ բարձրացած թոշակներից, զարգացող տնտեսությունից, սոցիալական ցուցանիշներից։ Բայց դիմացը նստած մարդը խոսում է կորստի զգացումից։ Նրա հայացքը կարծես ասում է՝ ինչի՞ վրա ուրախանանք… երանի՜ քաղցած լինեինք, բայց փոքրացող հայրենիք չունենայինք…
Եվ այստեղ է ամբողջ հոգեբանական հակասությունը․ երբ իշխանությունը փորձում է մարդուն համոզել, որ նա «ավելի լավ է ապրում», իսկ մարդը ներսում զգում է, որ ավելի փոքր է դարձել իր հայրենիքը, անվտանգությունը, արժանապատվությունը, թվերը դադարում են ազդեցություն ունենալ։ Որովհետև կան կորուստներ, որոնք դրամով չեն չափվում։
Այդ սերունդը սովոր է դժվարություն հաղթահարել, հացի պակաս տեսնել, ծանր կյանք ապրել։ Բայց հայրենիքի փոքրացման զգացում ապրել՝ ոչ։ Հենց դրա համար էլ բուկլետից հրաժարվելը սովորական քաղաքական ժեստ չէ․ դա հոգեբանական մերժում է։ Մարդը կարծես ասում է․ «Դուք ինձ նյութական հաշվարկ եք առաջարկում, բայց ես խոսում եմ գոյության զգացումից»։
Այս տեսարանի ամենակարևոր կողմն այն է, որ այն մեկ մարդու պատմություն չէ։ Սա հասարակության մեջ կուտակված ներքին դժգոհության ընդհանրական պատկերն է։ Շատ մարդիկ այսօր կարող են տարբեր կերպ գնահատել տնտեսական ցուցանիշները, բայց ունեն նույն ներքին զգացողությունը՝ կորցրած անվտանգության, անորոշ ապագայի և փոքրացող հայրենիքի մասին։ Այդ պատճառով նման արտահայտությունները հասարակության մեջ այդքան արագ արձագանք են գտնում․ մարդիկ դրանց մեջ ճանաչում են իրենց սեփական, երկար ժամանակ չասած, լռության մատնած մտքերը։
Հասարակությունները երկար ժամանակ կարող են դիմանալ աղքատությանը, բայց շատ ծանր են տանում արժանապատվության, անվտանգության ու ազգային ամբողջականության կորստի զգացումը։ Այդ ժամանակ նույնիսկ ամենաճիշտ տնտեսական թվերը սկսում են դատարկ հնչել։
Այս կադրը հենց այդ լռակյաց բախման մասին է։ Սա հոգեբանական ցավի լեզու է։ Ոչ մի նյութ, նյութական խոստում նրան չի կշտացնում․․․
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր