Տույժ-տուգանքների, վարկերի ներում պիտի լինի
Mon, 11 May 2026 14:36:08 +0400

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակում այցելել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաք, որտեղ հանդիպել է բնակիչների հետ։ Նա նշել է, որ իր կողմից հնչեցված խոստումները ոչ միայն կկատարվեն, այլև նախատեսվածից ավելին է արվելու՝ ընդգծելով, որ փոփոխությունները շուտով տեսանելի կլինեն։
Ծառուկյանի խոսքով՝ երկրի զարգացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ քաղաքական կամք, կապեր, ֆինանսական հնարավորություններ և մասնագիտական ներուժ։ Նա նաև ընդգծել է Սփյուռքի ներգրավման կարևորությունը՝ նշելով, որ այն պետք է լիարժեք օգտագործվի երկրի առաջընթացի համար։
ԲՀԿ առաջնորդը քննադատել է կառավարման համակարգում առկա իրավիճակը՝ նշելով, որ խնդիրների պատճառներից մեկը ոչ ճիշտ նշանակումներն են։ Նրա խոսքով՝ երբ մարդիկ առանց փորձի բարձր պաշտոններ են ստանում, դա բացասաբար է անդրադառնում պետական կառավարման որակի վրա։
Խոսելով իր քաղաքական ծրագրերի մասին՝ Ծառուկյանը նշել է, որ հնարավոր հաղթանակի դեպքում պատրաստվում են իրականացնել մի շարք սոցիալական նախաձեռնություններ։ Դրանց թվում են տույժերի և տուգանքների ներում, վարկային բեռի թեթևացում, ինչպես նաև կրթության և առողջապահության ոլորտներում անվճար ծառայությունների ներդրում։
Նա ընդգծել է, որ երկրում առկա տնտեսական դժվարությունները, համավարակն ու պատերազմը ծանրացրել են քաղաքացիների վիճակը, և պետությունը պետք է ավելի մարդակենտրոն մոտեցում ցուցաբերի՝ աջակցելով բնակչությանը և մեղմելով նրանց ֆինանսական բեռը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր