Կարեկցանք է առաջացնում դատախազը, երբ Վեդիի դեպքերով փորձում է սուտը ճիշտ հրամցնել
Mon, 11 May 2026 15:15:36 +0400

«Լրագրողներին ինֆորմացիա փոխանցող իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք։Իրավապահներն են բացահայտել այդ դեպքը և իրավապահներն են քննության առնում։Ես գիտեմ կոնկրետ լրագողներ,որոնց իրավապահ մարմինները ինֆորմացիա են փոխանցում,դրա հետ կապված քրեական գործեր կան հարուցված և իհարկե դրանց անպայման կգտնենք և կհեռացնենք համակարգից,ի դեպ արդեն մի մասին հեռացրել ենք»–,-այս մասին ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված դեպքին։
Համաձայն մամուլի հրապարակումների՝ դեպքի մասին ոստիկանությանը հայտնել է դպրոցի տնօրենը, մեկ այլ դրվագով հավաքարարներն են աղմուկ բարձրացրել և այլն։ Ի սկզբանե հայտնի են եղել տուժողները, ենթադրյալ հանցագործները,իսկ ըստ Վեդու բնակիչներից մեկի՝առկա են ինչ որ «Բարեգործական հիմնարկի» տեսախցիկներ, որոնք կարող էին արձանգրել գործի համար կարևոր նշանակություն ունեցող դրվագներ։ Հարց է առաջանում,եթե իրավապահներն են բացահայտել այդ դեպքը,որն ի դեպ կատարվել է դեռևս նախորդ տարվա նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին,ավելին՝ մասնակիցներից մեկը ձերբակալվել է,այնուհետև ազատ արձակվել իբր ապացույցների անվաբարար լինելու հիմքով,այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել,որ իրավապահներն են բացահայտել դեպքը։Իրավապաշտպան Ռուզան Ադանալյանը hraparak.am-ի հետ զրույցում նկատում է, որ դա նշանակում է՝ դեպքը փաստացի կատարվել է, սակայն բուն կատարողները չեն բացահայտվել և տվյալ անձինք թաքնվել են հենց իրավապահների հովանու ներքո։ՆԳՆ նախարարի տեղեկությունների համաձայն՝հաղորդումն ուղարկվել է քննչական բաժին,որը 7–ամիս շարունակ մատնվել է հանցավոր անգործության։
« Ըստ Նիկոլի՝ դեպքը «բացահայտվել է»։Մինչդեռ ես համոզված եմ, որ եթե չտրվեր հանրային հնչեղություն, լինելու էր հերթական ծածկադմփոցին։ Նիկոլը հայտնել է,թե իրավապահների կողմից լրագրողներին աշխատանքային ինֆորմացիա տալու համար՝ հարուցվել են քրեական գործեր,հիմա հարց,եթե Նիկոլի ասածը ճիշտ է,ապա կոնկրետ քանի՞ իրավապահի նկատմամբ են նախաձեռնվել քրեական վարույթներ,կոնկրետ ովքե՞ր են նրանք,ի՞նչ պաշտոններ են զբաղեցրել և ի դեպ, չշփոթենք այս պահին պաշտոններից հեռացվածների հետ և արձանագրենք,որ թվարկածս հարցերի պատասխանները բացակայելու դեպքում՝ ՀՀ վարչապետի հայտնած տեղեկության նկատմամբ վստահության նշույլ անգամ չի կարող լինել։
Եթե անկեղծ լինեմ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ցանկացած ելույթ արժանահավատ չէ ։Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ փորձում էր հասարակության զայրույթը մեղմել, թե ա՛յ , ժողովուրդ ջան,ձեզ ի՞նչ եղավ․ հիշեցնում էր, թե ցավալի քարտեզագրումը միայն այս դեպքով չի։Ունենք իրավիճակներ,որ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիական նյութերի պատրաստման մեջ՝ Շիրակի, Գեղարքունիքի մարզերում,Երևանում և վերջում էլ հավելեց,որ միջնորդագիր են ներկայացրել իրավապահ մարմիններին,թե դատախազությունը ցանկանում է լինել հանձնաժողովների կանխարգելիչ գործառույթներում։Սակայն ձեռնարկե՞լ է դատախազն արդյոք կանխարգելիչ գործողություններ,որո՞նք են դրանք,որտե՞ղ և ե՞րբ են ձեռանարկվել։Կարեկցանք և խղճահարություն է առաջացնում երկրի գլխավոր դատախազը, երբ փորձում է կարկառուն ստերը որպես ճշմարտության հրամցնել,ինչը նրանից անասելի ճիգեր է պահանջում թե՛ ֆիզիկական և թե՛ բարոյական առումով, վերջում էլ դեմքին հայտնվում է իրենից գոհ և միևնույն ժամանակ ոչ տեղին ու անհասկանալի մի ժպիտ։Խոսում է «Երեխայի լավագույն» շահից,իսկ ո՞րն է այստեղ երեխայի լավագույն շահը,երբ ամիսներով քնեցրել է գործը,մյուս երեխաների համար վտանգ ներկայացնող ենթադրյալ մանկապիղծներին թողել ազատության մեջ և դեռ հորդորում է՝ չքաղաքականացնել․․․
Ինչպես միշտ,ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ հասարակությանը հայտնվում է իշխող ուժի քաղաքական տրամադրություններին չվնասելու «հավեսով»։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ–ի ընդունած կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն։ Այս կարևոր առաքելության արդյունավետ իրականացման համար էլ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է «Երեխաների իրավունքների պաշտպանության» բաժին։ Նշածս միջազգային փաստաթղթի պահանջներն իրենց մեջ ներառում են՝ «Մանկավաճառության,երեխաների մամնավաճառության,մանկական պոռնոգրաֆիայի մասին»։
Բազմաթիվ անգամներ եմ հրապարակային կոչեր հնչեցրել երեխաների իրավունքների կոպտագույն խախտումների,այդ թվում նաև կասկածելի պայմաններում տասնյակ–հարյուրավոր երեխաների մահվան դեպքերի մասին, սակայն իրավապահ համակարգը համառորեն լռում է անգամ այն պայմաններում, երբ դրանց վերաբերյալ հանցագործության մասին տրված հաղորդումներով նախաձեռնվել են քրեական վարույթներ ու մինչև օրս դրանք ևս մատնված են հանցավոր անգործության։
Այսօր էլ մինչև հոգու խորքը վիրավորված ու ցնցված հասարակությունը Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ կատարված անառակաբարո հանցավոր դեպքի ականատեսն է։Եվ միայն այն հանգամանքը,որ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն որևէ գործուն միջոց չի ձեռնարկվել պատժելու ենթադրյալ հանցագործներին, ուրեմն կարող ենք վստահաբար պնդել,որ գործ ունենք տվյալ արարքը խրախուսող հանցագործ իրավապահ համակարգի հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր