Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Մոսկվան պնդում է՝ ՀՀ-ին տվել է բոլոր պարզաբանումները ՀԿԵ–ի կոնցեսիայի վերաբերյալ

Մոսկվան պնդում է՝ ՀՀ-ին տվել է բոլոր պարզաբանումները ՀԿԵ–ի կոնցեսիայի վերաբերյալ

Tue, 12 May 2026 13:00:11 +0400


Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիայի հետ կապված բոլոր մտահոգիչ կետերը։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Այս թեման մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների բանակցությունների ժամանակ։ Տրվել են պարզաբանումներ հայկական կողմին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ, ձեռք է բերվել փոխըմբռնում հետագա աշխատանքի ձևաչափերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում»,- արձանագրել է դիվանագետը։

Նրա խոսքով, Մոսկվայում «ֆիքսել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հանրապետությունում մտադիր չեն կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկել «Ռուսաստանի թիկունքում»։

Միաժամանակ ռուսական կողմը չի կարող համաձայնել այն պնդման հետ, թե ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը՝ այն ստեղծում է դրանք։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև շեշտել է, որ եթե չլիներ ռուսական կողմի քրտնաջան աշխատանքը երկաթուղային ցանցի վերականգնման և գործունեության պահպանման ուղղությամբ, այսօր ավելի դժվար կլիներ խոսել Հարավային Կովկասում տրանսպորտային զարկերակների «վերագործարկմանը» Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին։

Նա հիշեցրել է, որ 2008 թվականից ի վեր հայկական երկաթուղիներում ներդրումները կազմել են շուրջ 30 մլրդ ռուբլի։ Բացի այդ, Հայաստանի բյուջե է վճարվել մոտ 15 մլրդ ռուբլի։ Ներդրված միջոցների մի մասն ուղղվել է շարժակազմի թարմացմանը։ Բացի այդ, «ՀԿԵ» ՓԲԸ-ն մնում է հանրապետության խոշորագույն գործատուներից մեկը՝ ապահովելով շուրջ 2,5 հազար աշխատատեղ։

Ռուսական կողմը մեծ ներուժ է տեսնում համատեղ փոխշահավետ աշխատանքի համար, որի գրավականներից մեկը հայկական երկաթուղային ցանցի գրագետ կառավարումն է ռուսաստանցի մասնագետների կողմից։

Ըստ Կալուգինի գնահատատման, «Թրամփի ուղի» նախագծի հայտնվելուն նախորդել է երկամյա աշխատանք Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով՝ փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Ավելին` 2023 թվականին կողմերը շատ մոտ էին այսպես կոչված «Մեղրիի երթուղու» գործարկմանը, որը պետք է ոչ միայն ապահովեր տարանցումը Հայաստանի հարավով դեպի Նախիջևան, այլև, ըստ էության, կապեր հայկական և ադրբեջանական երկաթուղիները․ «Սա հենց այն է, ինչին այժմ մեծ դժվարությամբ փորձում է հասնել Հայաստանը՝ հենվելով «Թրամփի ուղու» վրա։ Բայց խնդիրն այն է, որ հայ-ամերիկյան նախաձեռնությունը, ի տարբերություն «Մեղրիի երթուղու», ինքնաբերաբար չի նախատեսում հայկական և ադրբեջանական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք միացում։ Մեր մեղքը չէ, որ Երևանը 2023 թվականին գիտակցաբար սառեցրեց եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը»։

Հիշեցնենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն պայմանագրի հարցն առաջինն առաջ քաշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկեց ՌԴ-ին վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով կոնցեսիան որևէ բարեկամ երկրի՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Քաթարին վաճառելու հնարավորության մասին։ Արդեն մարտի 26-ին Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը դեմ չէ երկաթուղիների կառավարումը ղազախական ընկերությանը փոխանցելուն՝ ռուսական կողմի համաձայնության դեպքում։ Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշեց, որ Ռուսաստանը Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ բանակցություններ չի վարում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պուտինի հայտարարությունն ուղղված էր հայ ժողովրդին, որը պետք է որոշի, թե իրեն որտեղ է տեսնում

«Հրապարակ»․ Պուտինի հայտարարությունն ուղղված էր հայ ժողովրդին, որը պետք է որոշի, թե իրեն որտեղ է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով