SOS՝ փրկեցեք մեր հոգիները նախընտրական հարձակումներից
Tue, 12 May 2026 16:45:21 +0400

Քարոզարշավի առաջին իսկ օրերի ընթացքին հետևելով՝ հասկանում ես, որ մենք պետք է զինվենք մեծ համբերությամբ՝ առաջիկա 25 օրը հաղթահարելու, դիմանալու և, ի վերջո, գոյատևելու համար։ Սա հարձակում է մեր հոգիների վրա։ Երբ մեր մարմինն արդեն ջլատել են, խողխողել ու հաղթել մեզ, զրկել ինքնասիրությունից, կոտրել են մեր ողնաշարն ու վերացրել հույսը, թե` ծնկած տեղից կկանգնենք, բայց դեռ շնչում ենք, ու դեռ ունենք հոգի, ահա այս քարոզարշավը հարձակում է արդեն մեր հոգիների վրա։ Ու մենք պետք է սթափվենք ու հասկանանք, որ այս պահին վտանգի տակ են մեր հոգիները։
Ահա երկրի անվտանգության համար պատասխանատու վարչապետի խոսքերը մեր կորսված հայրենիքի մասին․ «Էսօր ինչ խոսում են, ասում են՝ բա Ղարաբաղը, բա Արցախը։ Բա Ղարաբաղը, բա Արցախը։ Բա Ղարաբաղը, բա Արցախը։ Նախորդ շրջանում էլ՝ ինչ խոսել ենք, ասել են՝ բա Ղարաբաղը, բա Արցախը։ Բա Ղարաբաղը, բա Արցախը։ Բա Ղարաբաղը, բա Արցախը։ Վերջում ինչ պարզվե՞ց։ Ասում են՝ հող ենք կորցրել։ Էդ հողը ինչո՞վ ա մերը էղել։ Մի հատ բացատրեք՝ ինչո՞վ ա մերը էղել։ Ինչո՞վ ա մերը էղել։ Ընդեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, ընդեղ ապրե՞լ ենք։ Մի հատ բացատրեք՝ ինչո՞վ ա մերը էղել։ Մերը չի՛ էղել։ Մերը չի՛ էղել»։
Սա Նիկոլ Փաշինյանի նախընտրական ելույթի սղագրված հատվածն է, որը լսելով՝ դժվար է ականջներին հավատալ, մի հատ էլ ուզում ես գրես ու կարդաս, որպեսզի կարողանաս հավատալ աչքերիդ՝ ամեն ինչ ճի՞շտ ես լսել, նա ասո՞ւմ է հենց այս մտքերը ու այդպե՞ս է կառուցում իր քարոզարշավը։ Մեկն ուզում է սա ասել ու շարունակել պաշտոնավարել որպես Հայաստանի վարչապետ ևս տարինե՞ր։ Ուրեմն քի՞չ են այն աղետները, որոնք ապաշնորհ և հայրենադավ կառավարմամբ այս մարդը հասցրել է հային ու հայի հայրենիքին, նա հիմա բացահայտ անցել է իր ձախողումները չեղարկելու փուլին։ Հնարամիտ է մտածված․ եթե Արցախը չի եղել մերը, ուրեմն մենք չենք ունեցել այդ հայրենիքը, ուրեմն մենք չենք կորցրել այն, ինքն էլ բացարձակ մեղավոր չէ այդ կորստի համար, ուրեմն՝ ինքը նույնիսկ անմեղ է և մի բան էլ բարեգործ է, քանի որ ինչը մերը չէր՝ տվել է տիրոջը, հաստատել է արդարություն։ Չկա հայրենիք, չկա պարտություն, չկա կորուստ, չկա մեղավոր։ Այո՞, այո, եթե կուզեք՝ չկա, բայց կա դավաճան, հաստատ՝ կա, և այդ մեկը դո՛ւ ես: Նա, ով ասում է այս բառերը, և դո՛ւ ես, եթե համաձայն ես ասվածի հետ։
Միայն դավաճանը կասի այս բառերը, որոնք այդքան անսահման հաճելի են միայն ու միայն թշնամուն։ Բառեր, որոնք ցավ են պատճառում յուրաքանչյուր հայի։ Յուրաքանչյուր որդեկորույս մայր, յուրաքանչյուր հայրենազրկված արցախցի, յուրաքանչյուր արժանապատիվ ու հայրենասեր մարդ մղկտում է այս բառերը լսելով, և յուրաքանչյուր ադրբեջանցի, թուրք փառավորվում է՝ այս բարբաջանքը որպես հրաշալի մեղեդի ընկալելով։ Նա լվանում է թուրքի արյունոտ յաթաղանը, արյունոտ խանչալը ու պատվով դնում պատյանը՝ նրանց ազատելով պատասխանատվությունից, ազատելով մեղքից, իրավունքներ տալով ու պատիվների արժանացնելով և, միաժամանակ, սևերես թողնելով հայրենիքի համար պայքարած յուրաքանչյուր զինվորի։ Եթե սա չէ դավաճանությունը, ուրեմն ո՞րն է։ Ի՞նչ բացատրություն ունի այդ բառը բառարանում։ Գուցե պետք է հանել այդ հասկացությունը լեզվից, ջնջել բառը բառարաններից, ասել՝ էլ չկա նման բան, քանի որ որոշել ենք խաղաղություն հաստատել, մենք այլևս դավաճան չենք՝ մեր հայրենիքը տալով թշնամուն՝ ֆիզիկապես ու փեշքեշ անելով՝ բարոյապես։
Եվ ուրեմն ի՞նչ է դավաճանությունը։ Անգամ արհեստական բանականությունը տալիս է այս բառի բացատրությունը․ «Դավաճանություն» նշանակում է հավատարմության, վստահության կամ պարտավորության խախտում՝ որևէ անձի, խմբի կամ արժեքի նկատմամբ։ Պետական կամ ազգային մակարդակում՝ երբ մեկը գործում է իր երկրի կամ ժողովրդի շահերի դեմ (դավաճանություն հայրենիքին)։ Ընդհանուր առմամբ, դավաճանությունը միշտ կապված է վստահության կորստի և հոգեբանական ցավի հետ, քանի որ այն տեղի է ունենում այնտեղ, որտեղ սպասվում էր հավատարմություն։ Հայրենիքի դավաճանությունը սովորաբար բնութագրվում է որպես գործողություն, երբ մարդը գիտակցաբար վնասում է իր պետության, ժողովրդի կամ ազգային անվտանգության շահերին՝ հանուն անձնական, քաղաքական կամ այլ շահերի»։
Այո, ասել, թե Արցախում ոչինչ չի կառուցվել, Արցախում մարդ չի ապրել, Արցախը չի եղել հայի հայրենիքը, դա հանգիստ կարելի է որակել որպես դավաճանություն։ Սա հակասում է ժողովրդի ազգային անվտանգության շահերին, ու այս պահին Փաշինյանը դա անում է հանուն իր անձնական և քաղաքական շահերի։ Եվ վերջապես, դա պատճառում է հոգեկան, հոգեբանական ցավ մի ամբողջ ժողովրդի։ Ամեն ինչ համընկնում է, ուրեմն ինչպե՞ս կարող է չլինել վստահության կորուստը, ինչպե՞ս կարող է այդ մարդը հավակնել վստահության քվեի։
Բացի այդ, այդ ելույթում կա նաև բացահայտ զազրախոսություն և ստախոսություն։ Թույլ չտանք նենգափոխել․ Արցախում հայն ապրել է դարերով ու դարերով կառուցել է իր մաքուր ու սիրուն հայրենիքը, ստեղծել իր բարեկեցիկ կենցաղը՝ ճաշակով ու խնամքով։ Ով եղել է Արցախում, թույլ չի տա ստել։ Արցախը 30 տարի չէ, որ կառուցվել է, Արցախը կառուցվել է դարերով, և միայն արցախցիները չեն այն կառուցել, նաեւ համայն հայությունը՝ վերջին 30 տարիներին։ ՔՊ-ական իշխանությունն ընդամենը 2 տարում հանձնել է ծաղկուն մի երկիր, որտեղ կար 12 քաղաք, 241 գյուղական համայնք, 232 դպրոց, հարյուրավոր տարբեր կրթական, այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններ, ցերեկային կենտրոններ ու մանկապարտեզներ։ 11 հիվանդանոց՝ նորագույն սարքավորումներով ու բարձր որակավորմամբ բուժանձնակազմով, 230 տարբեր մեծության բուժկետեր ու պոլիկլինիկաներ, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 25 թանգարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 200 մշակույթի տուն, հազարավոր խաչքարներ, միջնադարից մինչև օրս պահպանված գերեզմաններ, մեր նախնիների, մեր հերոս նահատակների գերեզման-հանգստարանները․․․
Եվ ո՞վ է ասողը, թե այն մերը չէր` մեր հայրենիքը չէր, որ այն մենք չենք սիրել, չենք խնամել, չենք կառուցել, այնտեղ չենք ապրել, այն ունենալու և պահպանելու համար հազարավոր երիտասարդների կյանք չենք վտանգել ու զոհել ու ազգովի պատրաստ չենք եղել նահատակության՝ հանուն Արցախի։ Ո՞վ է մեզնից խլում մեր հպարտությունն ու մեր վիշտը, Արցախի համար մեր ապրած կյանքը։ Սա մի բան է, որ անգամ թշնամին չի կարող անել, ու սա մի ելույթ է, որ կարող է երջանկացնել միայն Ալիևին և նրա հայրենակիցներին։ Պետք է պատկերացնել, թե ինչ հրճվանքով ու ոգևորությամբ է Ալիևը լսում այս ելույթը, և ինչպես է հաստատ զարմանում, թե ախր անգամ ինքը սա ասել չէր կարող, անգամ իր մտքով չէր անցնի այսքան հաստատ ու վերջնական նորից խլել հայից արդեն կորսված հայրենիքը, մեկ անգամ ևս խլել՝ վերջնական ու հիմահատակ, խլել, պոկել, անգամ հոգուց քերել․․․
Մեր հոգիները վտանգի տակ են։ Լսել այս ելույթները սթափ, լրջորեն և պարբերաբար չի կարելի։ Պետք է հասկանալ, որ սա հարձակում է մեզ վրա, ու պետք է պաշտպանվել, պետք է արհամարհել ու շրջվել մեջքով, պետք է չլսել ու չարձագանքել, պետք չէ անգամ մոտենալ և մի հարց տալ նրանց, քանի որ դա, եթե չտեղավորվի այս հայրենադավ տրամաբանության մեջ, ձեզ կթիրախավորեն, կզրկեն աշխատանքից ու կծաղրեն։ Բայց ամենակարևորը՝ պետք է շատ փութաջան գնալ ընտրության և եռանդով նպաստել, որ այս իշխանությունը հեռանա, ու գան նրանք, ովքեր նման բան երբեք չեն ասելու ու թույլ չեն տալու, որ հնչեն այդպիսի հրեշավոր մտքեր։ Անգամ եթե ոչ մի կերպ ՔՊ-ականների ավերածություններից հետո մենք չենք կազդուրվելու, բայց գոնե այսպես լպիրշ ու ամբարտավան ելույթներ էլ չենք լսելու։ Թող գան նրանք, ովքեր փրկելու են մեր հոգիները այս անպատկառ ու լկտի հարձակումներից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր