Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Ուղարկենք նրան «Նիժնի Տապռի գեղը»

Ուղարկենք նրան «Նիժնի Տապռի գեղը»

Tue, 12 May 2026 20:15:52 +0400


Հետաքրքիր է, ինչպե՞ս է ստացվում, որ ոչ մի «իզմեր» չունեցող կուսակցության ղեկավարը ձգտում է դեպի գլոբալիստական ազատական Եվրոպա, սակայն իրեն պահում է բռնապետական Ռուսաստանի նախագահ Պուտինի նման:

Ինչպե՞ս է ստացվում, որ պետական պատժիչ մեքենայի ողջ հզորությամբ խոչընդոտում է հիմնական մրցակցի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությանը, սակայն որպես իրենցական է ընդունվում առերևույթ ժողովրդավարական Եվրոպայում:

Ինչպե՞ս է ստացվում, որ դիմացինի աչքի փուշը նկատող ու դրա համար նրան անընդհատ սաստող իշխանության աչքի գերանը չի նկատվում ամենատես եվրոպացիների կողմից: Վերջապես, ինչպես է ստացվում, որ նախընտրական գործընթացում օգտագործում է նացիստական Գերմանիայի և բոլշևիկյան սովետների քարոզչական մեթոդները: Խորհրդային պրակտիկայի վերջին դրսևորումը քաղաքացիներից իբրև թե ստացած նամակների հրապարակումն է ֆեյսբուքյան էջում: Ու ողջ այդ կրկեսը, չգիտես ինչու, նորմալ է դիտարկվում ԽՍՀՄ-ի նույնիսկ հիշատակի նկատմամբ ատելությամբ լցված եվրոպական երկրներում:

Անցնենք առաջ: Իր հիմնական մրցակից Սամվել Կարապետյանին, իր խելքով, «Նիժնի Տապռի գեղն» անընդհատ հիշատակելով ստորացնող Նիկոլը Հայաստանը սկզբում դարձրել էր մեծ մի Ենոքավան: Հետո դրանով չբավարարվելով՝ անցել է մեր երկիրն «Իրևան կենտրոնով արևմտյան ադրբեջան» սարքելուն: Եվ այդ առումով ստանալով եվրոպացիների աջակցությունը՝ ոգևորված առաջ է գնում: Ի դեպ, Ռուսատանի Կալուգայի մարզում առկա չէ նման անվանումով գյուղ: Բայց նահանգապետ Շապշայի ասելով, իրենք ունեն հատուկ տնտեսական գոտիով Դոբրինո գյուղ: Իսկ մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալն, ըստ 2025-ի տվյալների, գրեթե կրկնակի գերազանցել է Հայաստանի նույն ցուցանիշը։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին պետք է հենց այդ ցուցանիշները հետաքրքրեին: Եվ ոչ թե զբաղվեր գոյություն չունեցող գյուղի անվանումը ձեռ առնելով: Ավելացնեմ, որ Սամվել Կարապետյանը չի կարող կոչվել «կալուգացի օլիգարխ», քանի որ, նախ, ծնվել է Հայաստանում: Եվ երկրորդ, վաղուց նրա գործունեությունը տարածվել է Կալուգայից դուրս: Երրորդ, նա չի կարող կոչվել նաև օլիգարխ, քանի որ այդպիսիք վաղուց չկան Ռուսատանում՝ ի տարբերություն այսօրվա Հայաստանի:

«Նիժնի Տապռի օլիգարխին» ձեռ առնելու փոխարեն ճիշտ կլիներ, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ավելի շատ հետաքրքրվեր, օրինակ, հայաստանցիների կենցաղային խնդիրներով: Հատկապես այն մեկով, որում տիրող բարդակը խիստ յուրահատուկ է ոլորտի դերակատարների առումով: Խոսքն, իհարկե, «Վեոլիա ջրի» մասին է, գործող անձինք էլ՝ թեկուզ անուղղակիորեն, Փաշինյանն ու Մակրոնը: Ինչևէ, նախորդ օրը գիշերվա ժամը 10-ի մոտերքը ջուրը գնաց ու մինչև 00.30-ը չկար: Թե որ ժամին է վերադարձել՝ տեղյակ չեմ, քանի որ քնած էինք: Որպես օրինապահ քաղաքացի անմիջապես զանգում եմ «Վեոլիայի» թեժ գծին: Սակայն մի քանի անգամ 1 կոճակը սեղմելով՝ իմանում եմ, որ մեր հասցեով՝ Նոր Նորքի 4-րդ զանգվածում պլանային ջրանջատում նախատեսված չէ: Մեկ այլ կոճակ սեղմելով՝ թողնում եմ ձայնային հաղորդագրություն, ինչին, բնականաբար, պատասխան չեմ ստանում: Այնուհետև փորձում եմ դիմել «Վեոլիա ջրի» կայքէջին, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ այնտեղ բարդակ վիճակ է: Սա ջրանջատումների իբրև թե նոր էջն է. https://www.veolia.am/hy/consumers/jranjatowmner: Դրանում առկա է այսպիսի գրություն. «Ջրանջատումների հաղորդագրությունների դիտման համար սեղմել այստեղ», ինչը սեղմելով՝ արդյունքում ստանում ենք այս էջը. https://interactive.vjur.am/:

Ինչպես երևում է, եվրոպական չափանիշներին ձտող երկրում իշխանությունը չի կարողանում հաստատել հասարակ կարգ ու կանոն գոնե այսպիսի հարցերում: Քանի որ ավելի լուրջ հարցերի առումով այն ավելի քան ապաշնորհ է: Բայց այստեղ ևս «փայլում» է նույն ապաշնորհությամբ: Մեզ էլ մնում է, որ հունիսի 7-ին ազատենք նրան իր պարտականություններից և ուղարկենք «Նիժնի Տապռի գեղը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները

Խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու Ադրբեջանի տարածքային հավակնությունները Sun, 12 Jul 2026 11:15:00 …