«Հրապարակ»․ Հունիսի 7-ին ինչպես կպատասխանեն փարաքարցիները ՔՊ-ին
Fri, 15 May 2026 10:15:13 +0400

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ՝ Փարաքարում քաղաքական մթնոլորտը լարված է։ Համայնքում դեռ շարունակում են քննարկել «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրված եւ Փարաքարի համայնքապետ ընտրված Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, որը շատ ծանր տարան համայնքի բնակիչները եւ ոչ մի կերպ չեն մոռանում։ Փարաքարի բնակիչները խոսում են այն մասին, որ մինչ օրս սպասում են գործի ամբողջական բացահայտմանն ու պատասխանատուների հայտնաբերմանը։ Ըստ նրանց՝ տեղի ունեցածից հետո համայնքում ձեւավորվել է անվստահության մթնոլորտ, իսկ առաջիկա ընտրությունները շատերի կողմից ընկալվում են նաեւ որպես այդ սպանությանը եւ դրա քննությանը վերաբերմունք արտահայտելու հնարավորություն։ Քաղաքական շրջանակներում եւս թեման շարունակում են ակտիվ քննարկել։ Որոշ ուժեր հայտարարում են, որ համայնքի բնակիչները պետք է իրենց քվեով գնահատական տան ոչ միայն տեղական խնդիրներին, այլեւ ընդհանուր քաղաքական պատասխանատվության հարցին։ Ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ շատերն ուղղակի կամ անուղղակի մեղադրում են իշխանություններին: Ոմանք, սակայն, կոչ են անում ընտրությունները չկապել չավարտված քրեական գործի հետ եւ սպասել իրավական գործընթացների ավարտին։
Այս ֆոնին հունիսի 7-ի ընտրությունները Փարաքարում դիտարկվում են որպես կարեւոր քաղաքական իրադարձություն, որտեղ համայնքի բնակիչների մասնակցությունն ու դիրքորոշումը կարող են մեծ ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով փարաքարցիների ընտրությանը, տարվող քարոզարշավին, նշեց․ «Մեր թիմակիցները զբաղվում են, ընդհանուր հասարակական տրամադրությունները, հուսանք, կշարունակեն մնալ ընդդեմ իշխանության, քանի որ Վալոդյա Գրիգորյանի սպանության չբացահայտումը մտահոգություն է առաջացնում բնակիչների մոտ, եւ համայնքապետարանը շարունակում է իր ակտիվ աշխատանքը՝ նաեւ Վալոդյայի խոստումները կատարելու համար։ Դժվար է հիմա գնահատական տալ, թե ընտրողն ինչ գործոններ հաշվի առնելով է գնալու ընտրության։ Հաշվի առնելով, որ սա Ազգային ժողովի համապետական ընտրություն է, հուսով ենք, որ բազմաթիվ գործոնների մեջ Վալոդյա Գրիգորյանի գործունեությունը, նրա քաղաքական ճանապարհը ընտրողների մոտ կարեւոր գործոն կլինի»։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը վերջին տարիներին բազմաթիվ համայնքներում է մասնակցել ընտրություններին եւ հաղթել, նրանք համայնքապետեր եւ ավագանու խմբակցություններ ունեն մի շարք համայնքներում: Իսկ օրեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարեց, որ միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը․ նրանց ցուցակում «Ապրելու երկրից» ավագանու երկու անդամ է ընդգրկված։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր