«Հրապարակ»․ Քաղաքապետի աթոռի գինը
Fri, 15 May 2026 10:25:38 +0400

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ արդեն գործի էր դրել ընդդիմադիր համայնքապետերին պատժելու գործիքակազմը: Դեռ 1 տարի առաջ որոշ ընդդիմադիր համայնքապետերի դեմ քրեական գործեր հարուցվեցին: Այդ գործերը մինչեւ ընտրություն օդում կախված կմնան միայն մեկ պատճառով՝ Փաշինյանը հույս ունի այսկերպ ազդել համայնքների ղեկավարների վրա, որոնք իրենց գլխին կախված վտանգից խուսափելու համար ընտրություններին իր համար ձայներ կապահովեն:
Մեր տեղեկություններով՝ Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանն այս օրերին ակտիվորեն լծվել է ՔՊ-ի օգտին ձայներ ապահովելու գործին: Մեզ պատմեցին, որ շտաբ է բացել եւ անձամբ ղեկավարում է ընտրական գործընթացը, աշխատանքի վայրում էլ շատ քիչ է լինում: Ճի՞շտ է, որ համայնքապետ Հակոբ Բալասյանն այս օրերին զբաղված է ընտրական գործընթացով՝ հարցրինք համայնքապետարանի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանին։ «Համայնքի ղեկավարն այս պահին զբաղվում է համայնքի ղեկավարի գործերով, ոչ մի քաղաքական գործունեությամբ չի զբաղվում: Այդ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց մամուլի քարտուղարը: Մեզ ասացին, որ Հակոբ Բալասյանը սատարում է ՔՊ-ին։ «Այո, համայնքապետը հայտարարել է, որ պաշտպանում է վարչապետի թեկնածությունը»: Բայց չէ՞ որ ամիսներ առաջ համայնքապետի լիազորությունները կասեցվել են։ «Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»,- ասաց մամուլի քարտուղարը:
Նշենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս): Քրեական վարույթն առնչվում է ձեւական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Նույն օրը Բյուրեղավան համայնքի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ պաշտոնավարման կասեցման մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից։ «Այդ մասին որեւէ կերպ իրազեկված չեմ եղել, մինչդեռ, նման պայմաններում կարող էր առաջանալ մի վիճակ, որ համայնքի ղեկավարը լիազորությունները կասեցված վիճակում կայացներ համայնքային նշանակության որոշումներ։ Այսպիսով, վարույթն իրականացնող մարմինն անտեսել է ոչ միայն իմ, այլեւ համայնքի հազարավոր բնակիչների շահերը: Դատարանը կորոշի՝ մեղավո՞ր եմ, թե՝ ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն, թե ով ով է` իր ապրածով եւ արած գործերով։ Մի քանի չկողմնորոշված, անդեմ անձինք ամեն ինչ անում են՝ մեր միասնությունը եւ քաղաքի անդորրը խանգարելու համար։ Իրենք չեն հաջողելու։ Հետագայում կներկայացնեմ մանրամասներ` կոնկրետ անուններով»,- գրել էր Բալասյանը։ Ամիսներ անցան, համայնքապետը շարունակեց պաշտոնավարել: Նշենք, որ Հակոբ Բալասյանը 2008-2017թթ. Բյուրեղավան համայնքի ղեկավարն է եղել: 2017-ից Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավարն է: ԲՀ կուսակցության շնորհիվ քաղաքապետ դարձած Բալասյանն այժմ ճամբարափոխ է եղել եւ աշխատում է ՔՊ-ի համար:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր