Փաշինյանին պետք է պատասխանել իր լեզվով․․․
Fri, 15 May 2026 14:15:05 +0400

Ամենահեշտ բանն է՝ լինել երկրի ղեկավար, տիրապետել պետական և ուժային բոլոր լծակներին ու ցույց տալ, թե ուժեղ ես։ Սա ասում եմ նրանց համար, ում թվում է, թե Նիկոլ Փաշինյանը ուժեղ ղեկավար է։ Բոլորի վրա քրեական գործեր է կարում, աջուձախ քաղաքական բոլոր ուժերին հայհոյում, վիրավորում է, մեկը մի բան է ասում՝ ձերբակալում են։ Բանը հասել է այնտեղ, որ ձերբակալում են իրեն թարս նայողին, թթու խոսք ասողին, աշխատանքից ազատել է տալիս այն մարդկանց, որոնց հարազատներն այլախոհ են։ Էլ չեմ ասում, որ մի հատ էլ Պուտինին է հակադրվում, իր իսկ թիմը հաճույքից մռնչում է՝ «տեսա՞ք ինչ օրը գցեց Պուտինին»։ Ա՜յ այսպիսի «առյուծ» ունենք Հայաստանում։
Բայց այստեղ մի հետաքրքիր հոգեբանական նրբություն կա։ Երբ քաղաքական ուժերը մտնում են նրա բառապաշարի ու խաղի դաշտ, լրիվ այլ պատկեր է ստացվում։ Չնայած, անկեղծ ասած, ինձ էլ դուր չի գալիս, երբ նրանք իջնում են Փաշինյանի մակարդակին։ Բայց այստեղ կա մի կարևոր հոգեբանական ու մարտավարական խնդիր։ Երբ Փաշինյանը հայհոյախառն խոսում է, ահաբեկում, շանտաժ անում, իսկ դիմացինը լռում է, հանրության մի մասի մոտ ձևավորվում է շատ վտանգավոր տպավորություն՝ Փաշինյանն ուժեղ է, մյուսները՝ թույլ։
Իսկ քաղաքականության մեջ շատ հաճախ ոչ թե իրական ուժն է աշխատում, այլ ուժի տպավորությունը։ Փաշինյանն էլ հենց դրա վրա է կառուցում իր վարքը։ Նա անընդհատ բարձրացնում է ագրեսիայի աստիճանը, որովհետև գիտի՝ լռությունը մարդիկ հաճախ ընկալում են որպես վախ, ոչ թե զսպվածություն։ Սա դասական հոգեբանական ճնշման մեթոդ է․ անընդհատ անցնել սահմանները, ստուգել դիմացինի դիմադրողականությունը և յուրաքանչյուր չպատասխանված հարվածից հետո ավելի լկտիանալ։
Ու որպեսզի այդ տպավորությունը չամրանա, քաղաքական ուժերը բնականաբար պետք է հակադարձեն նրան, ինչպես ժողովուրդն է ասում՝ «պորտը տեղը դնեն»։ Որովհետև Փաշինյանի տեսակը լռությունից փարթամանում է, ուժ է ստանում ու կանգ չի առնում։ Ընդհակառակը՝ ամեն նոր լռություն նրա համար դառնում է հաջորդ շանտաժի, հաջորդ ճնշման հրավեր։
Դա շատ լավ հասկանում են այն երեք ընդդիմադիր ուժերը, որոնք հայտնվել են Փաշինյանի հիմնական թիրախում և, միանգամայն տեղին, նրա շանտաժներին պատասխանում են նույն ոճով։ Ընդ որում՝ երեքն էլ, իրականում, բավական զուսպ ու պարկեշտ մարդիկ են։ Այսօր արդեն զարմանում եմ, որ Սամվել Կարապետյանը Փաշինյանին անվանում է փոքրիկ շանտաժիստ, Ռոբերտ Քոչարյանը՝ համբալ, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ դեռ փորձում է իրեն զսպել՝ ասելով․ «կլաս չեմ գցի»։
Բայց Փաշինյանի հետ քաղաքական մարտի մեջ մտնել ու «կլասը չգցել» գրեթե անհնար է։ Դա նույնն է, ինչ մրի մեջ մտնես ու չմրոտվես։ Փաշինյանին պետք է պատասխանել իր լեզվով․ ոչ թե որովհետև դա գեղեցիկ է, այլ որովհետև երբեմն դա դառնում է անհրաժեշտ մարտավարություն՝ նրա հոգեբանական ճնշումը կոտրելու և «անպարտելի առաջնորդի» մասին ստեղծված միֆը փշրելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր