Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ԶՊՄԿ-ի անունը շահարկելուց․ հայտարարություն

Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ԶՊՄԿ-ի անունը շահարկելուց․ հայտարարություն

Fri, 15 May 2026 14:26:24 +0400


ԶՊՄԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանն անդրադարձել է կոմբինատի հետ կապված հրապարակումներին՝ հերքելով կոմբինատի վերաբերյալ որոշ տեղեկություններ։

«Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ԶՊՄԿ-ի անունը շահարկելուց

Հարգելի գործընկերներ

Վերջին շրջանում Oragir news լրատվականը հոդվածներ է հրապարակել ԶՊՄԿ-ի գործունեության վերաբերյալ՝ տարածելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և անելով մոլորեցնող պնդումներ։ Քանի որ այդ հրապարակումները առաջացրել են լրատվական դաշտում տարբեր գործընկերների կողմից որոշ հարցեր, հարկ եմ համարում հրապարակայնորեն արձագանքել այդ ապատեղեկատվությանը։

Այսպես, խնդրո առարկա հրապարակումներից մեկում հեղինակը պնդում է, որ «ԶՊՄԿ-ն, որը երկար տարիներ համարվում էր խոշորագույն հարկատուն, արդեն պարբերաբար զիջում է առաջատարի դիրքերը»։
Իրականում՝ ճիշտ հակառակը. ԶՊՄԿ-ն միայն 2021 թ.-ից է 4 տարի անընդմեջ գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը, ինչն աննախադեպ ցուցանիշ է եղել ԶՊՄԿ-ի համար։ Դրանից առաջ՝ 10 տարիների ընթացքում, ընկերությունը միայն մեկ անգամ է զբաղեցրել 1-ին տեղը, իսկ 2016 թվականին 1000 խոշոր հարկատուների ցուցակում հանգրվանել էր 16-րդ հորիզոնականում։

Սրա հետ մեկտեղ, հիշեցնեմ, որ հարկատուների ցուցակում հարկատուների դիրքը կախված է ամենատարբեր հանգամանքներից։ 2025 թվականին ԶՊՄԿ-ն 3-րդ հորիզոնականում է հայտնվել տնտեսության իրական ցուցանիշներին չառնչվող տեխնիկական պատճառներով՝ իրականում շարունակելով առաջինը լինել տնտեսական արդյունքների առումով։ Այս տարի, վստահ ենք, վերադարձնելու ենք նաև առաջատարի ֆորմալ դիրքերը։

Հաջորդ պնդումը վերաբերում էր համաշխարհային շուկայում ԶՊՄԿ-ի դերին, որը կրկին հիմնված է ոչ պրոֆեսիոնալ և շփոթեցնող պնդումների վրա։ Այսպես, հոդվածագիրը պնդում է, որ, լինելով աշխարհում մոլիբդենի խոշոր արդյունահանողների առաջին քսանյակում, նախորդ տարի ընկերության մասնաբաժինը մոլիբդենի համաշխարհային արտադրության մեջ կազմել է 2.2 տոկոս։ Տարբեր հաշվարկներով՝ Քաջարանի հանքավայրում է գտնվում մոլիբդենի համաշխարհային պաշարների շուրջ 7 %-ը, սակայն սա խորհրդային տվյալների վրա հիմնված մոտավոր, պայմանական հաշվարկ է։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Պարզ մաթեմատիկայից հասկացող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ գնահատված պաշարները և տարեկան արտադրության տոկոսները՝ համաշխարհային արտադրության ենթատեքստում, տարբեր հասկացություններ են։

ԶՊՄԿ-ն բազմիցս հայտարարել է, որ տնօրենների խորհրդում կառավարության կամ այլ բաժնետերերի ներկայացուցիչները ուղղակի չեն մասնակցում կառավարչական գործունեությանը, և խորհրդում 21,8%-ի բաժնետիրոջ ներկայացուցիչը չի կարող ազդեցություն ունենալ «Հայաստանի մոլիբդենային ներուժի նվազեցման» կամ ավելացման վրա։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև արձագանքել որոշ քաղաքական գործիչների կողմից երբեմն հնչող անհիմն հայտարարություններին և ամենայն պատասխանատվությամբ պնդել, որ ԶՊՄԿ-ն որևէ քաղաքական ներգրավվածություն և ֆինանսական մասնակցություն չունի։ Աշխատակիցների անձնական ծախսերն իրենց անձնական իրավասությունն են։

Առանց վարանելու կարող ենք պնդել, որ ԶՊՄԿ-ն Հայաստանում ամենաթափանցիկ աշխատող ընկերությունների առաջնագծում է՝ թե՛ ֆինանսական հոսքերի, թե՛ մյուս ցուցանիշների մասով։

Իրական շահառուների մասին բոլոր տեղեկությունները ներկայացված են՝ օրենքին և ԱՃԹՆ պարտավորությունների շրջանակին համապատասխան։ Իսկ թե ինչու լրագրողը չի կարողանում տեղեկություններ գտնել բաց աղբյուրներից, չեմ կարող մեկնաբանել։ Հեղինակը չի կարողացել անգամ բաց աղբյուրներից ճշտել սեփականատերերից մեկի մասնաբաժնի ծավալը՝ նրան վերագրելով առնվազն 5 անգամ ավելի մեծ մասնաբաժին։

Միաժամանակ, կարծում եմ՝ լրատվական դաշտում մեր բոլոր գործընկերները առնվազն ոչ պրոֆեսիոնալ կհամարեն այն հանգամանքը, որ լրագրողը մեզ ուղղված հարցումն ուղարկել է հոդվածը հրապարակելուց մեկ ժամ անց, և ոչ թե դրանից առաջ, ինչից ակնհայտ է, որ նպատակը, ցավոք, իրականությունն իմանալը չէր։

Ամփոփելով՝ ուզում եմ հիշեցնել, որ ԶՊՄԿ-ն ՀՀ տնտեսության շարժիչ ուժն է, և հորդորում եմ զերծ մնալ քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց։ Ապատեղեկատվության և չստուգված ու կեղծ պնդումների տարածումը կանխելը տնտեսության երկարաժամկետ շահերից է բխում։ Այլապես, չէի արձագանքի նաև այժմ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս․ փաստաբան

Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս․ փաստաբան Thu, 14 May 2026 22:12:24 +0400 Փաստաբան Ալեքսանդր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով