Ծառուկյան VS Թաթոյան

Ծառուկյան VS Թաթոյան

Fri, 15 May 2026 18:45:23 +0400


10-ականների սկզբին տեր­պետրոսյանական շարժման համակիրներից էի, դադարեցրել եմ, երբ ՀՀ առաջին նախագահը հայտարարեց Գագիկ Ծառուկյանի օգնությամբ բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու մասին: Քանի որ նախկինների օրոք Հանրապետականի հետ մեկտեղ քննադատել եմ նաեւ ԲՀԿ-ին ու չեմ ընդունել ամենահզոր օլիգարխի հետ տերպետրոսյանական «գաղափարական» մերձեցման տեսլականը: Հետո եկան 2018-ի գարնանային օրերը, այնուհետեւ՝ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունը: Իսկ այսօր կանգնած ենք Ազգային ժողովի՝ հետպատերազմյան երկրորդ ընտրության շեմին: Ու եթե չլիներ «Ուժեղ Հայաստան»-ի հայտնությունը, կկանգնեի երկընտրանքի առջեւ, թե ում տալ այս անգամ ձայնս: Որովհետեւ 2021-ին Նիկոլին պարտված Քոչարյանը կամ նրա «Հայաստան» դաշինքը, որին տվել եմ ձայնս, հաստատ այս անգամ էլ չի կարողանալու միայնակ հաղթել Նիկոլին եւ հավաքելու է ավելի պակաս քվե:

Եվ երկընտրանքն Արման Թաթոյանի «Միասնության թեւեր»-ի ու Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ էր լինելու: Ասեմ, որ դժվարլուծելի երկընտրանք էր լինելու: Քանի որ ԲՀԿ-ի ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հայտարարել, որ ինքն է լինելու վարչապետի թեկնածուն, ասում է` 3-4 թեկնածու ունենք, սակայն Ծառուկյանենք այս անգամ լուրջ մակարդակով են պատրաստվել ընտրություններին՝ մշակելով «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, ինչի դրույթներն ավելի քան 80 տոկոսով համապատասխանում են իմ պատկերացումներին՝ նոր իշխանության անելիքների մասին: Այդ մասին տեղեկացա Ֆեյսբուքում Արփինե Հովհաննիսյանի գովազդած VoteArmenia-ի (ՎոութԱրմենիա) կայքէջի 30 հարցին պատասխանելով: Դրանից այնքան էլ չզարմացա, քանի որ, ինչպես նշեցի, այս ընտրության առումով կուսակցական մասնագետների խումբը կատարել էր շատ լուրջ աշխատանք:

Միաժամանակ առկա է Արման Թաթոյանի հանգամանքը, որը 2022-ին, երբ լքում էր ՄԻՊ պաշտոնը, ուներ բացարձակ վստահություն հանրության շրջանում, սակայն գերադասեց զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ Ամերիկյան համալսարանում: Եվ 2022-ին ընդդիմությունը կորցրեց առաջնորդի, որ կարող էր հաջողության հասցնել գործող իշխանության դեմ պայքարը: Հաշվի առնելով նրա գործունեությունը ՄԻՊ-ի պաշտոնում, ինչպես նաեւ՝ կրթվածության բարձր մակարդակը, կարող էր վերածվել վարչապետի լավագույն թեկնածուի: Ինչեւէ, դա տեղի չունեցավ, իսկ նախորդ տարի որոշեց, որ ժամանակն է կրկին զբաղվելու քաղաքականությամբ: Գրանցեց նախաձեռնություն, իսկ այս տարի՝ կուսակցություն ու դարձավ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ամենակոշտ քննադատներից մեկը: Ու եթե հրաշք տեղի ունենար՝ Արման Թաթոյանն ու «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը միավորվեին, այն կարող էր նաեւ հաջողության հույս ունենալ ս. թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրության առումով: Բայց քանի որ կյանքում նման հրաշքներ չեն պատահում, Թաթոյանի «Միասնության թեւեր»-ին էլ ընդամենը կտեսնենք որպես ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություն, քանի որ հրաժարվել է հայտարարել, որ ամեն պարագայում կմիանա ընդդիմադիր առաջատար ուժին:

Վերադառնանք Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ին: Բարձր գնահատելով «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ չեմ կարող չանդրադառնալ քարոզարշավի լուրջ թերությանը: Քարոզարշավն արդեն ընթանում է մեկ շաբաթ, սակայն Ծառուկյանի կողմնակիցները չգիտեն, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն, ինչն ընտրական գործընթացի առումով, մեղմ ասած, անհեթեթ իրավիճակ է ստեղծում, հատկապես՝ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ նախընտրական մրցակցությունը տեղի է ունենում ոչ թե ծրագրային դրույթների, այլ՝ քաղաքական այս կամ այն ուժի առաջնորդների կերպարների միջեւ: Չնայած հասկանալի է, թե ինչու է գաղտնի պահվում ԲՀԿ-ական թեկնածուն: Նախկինների օրոք նախարարներ նշանակող եւ հանող Ծառուկյանն այդպես էլ չկարողացավ բարձրանալ պետության ղեկավարի մակարդակին: Նույնիսկ ազգակործան պատուհաս անվանված Նիկոլի պարագայում ինքը չի դիտարկվում որպես պոտենցիալ ղեկավար, չնայած այն բանին, որ նույն Ծառուկյանը ժամանակին լավ էլ կառավարել է Հայաստանի օլիմպիական կոմիտեն` գրագետ օգնականների ու համախոհների աջակցությամբ:

Ի դեպ, 20-րդ դարասկզբին ԱՄՆ-ում դատ է ընթացել ավտոարդյունաբերության հիմնադիրներից Հենրի Ֆորդի եւ նրան իր հոդվածներից մեկում, կարծեմ, տեխնիկապես անգրագետ անվանած լրագրողի միջեւ: Դատը շահել է Ֆորդը՝ ցույց տալով, որ ինքն օգտագործել է իր օգնականների գրագիտությունն ու կարողությունները: Եվ դա չի խանգարել, որպեսզի իր արտադրած «Ֆորդ» մակնիշի մեքենաները շուկայում առաջատար լինեին բազում տարիներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով Fri, 15 May 2026 17:25:32 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով