Ինչու է ընկնում դոլարի փոխարժեքը

Ինչու է ընկնում դոլարի փոխարժեքը

Fri, 15 May 2026 21:45:13 +0400


ԱՄՆ դոլարի փոխարժեքը մայիսի 15-ին, կազմել է 368.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.55 դրամով: Թվերը վերցված են Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Դոլարի փոխարժեքը վերջին օրերին նվազում է: Ոլորտի մասնագետների դիտարկմամբ` դոլարի գնանկումը պայմանավորված է մի քանի գործոնով և կարող է ազդել Հայաստանի տնտեսական վիճակի վրա:

Տնտեսագետ Կարեն Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով դոլարի արժեքի նվազման և դրա հետևանքների մասին, ասում է. «Դոլարի արժեքի տատանումների վրա մի շարք գործոններ են ազդում: Կան երկարաժամկետ և կարճաժամկետ գործոններ: Այս պահի դրությամբ որպես կարճաժամկետ, սակայն որպես կարևոր գործոն կարող ենք նշել` Իրանական պատերազմի հանգուցալուծման ընթացքը: Իհարկե, պատերազմը վերջնական չի ավարտվել, սակայն պատերազմը ագրեսիվ փուլից դուրս է եկել: Պատերազմի թեժ փուլում ներդրողները որպես անվտանգ ակտիվ դիտարկում էին ԱՄՆ դոլարը և իրենց կապիտալները ներդնում էին դոլարի տեսքով: Այժմ թեպետ Իրան-Ամերիկա կոնֆլիկտի մեղմացման մասին խոսելու համար դեռ վաղ է, սակայն կողմերը բանակցում են: Դոլարային ներդրողները այս ամենի ֆոնին իրենց ներդրումները տեղափոխում են քիչ թե շատ ռիսկային ակտիվներ, որոնք խուսափում են պատերազմի բուն ընթացքից: Սա կարճաժամկետ պատճառներից մեկն է: ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը կրճատում է վերաֆինանսավորման տոկոսադրույքները, իսկ այդ պարագայում դոլարի արժեքը սկսել է նվազել: Բացի այդ, ԱՄՆ-ում այս պահին բավականին բարձր է սղաճը, մոտ 3,7 տոկոս է կազմում այն, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Սրանք կարճաժամկետ գործոններն են, կան նաև երկարաժամկետ և միջնաժամկետ գործոններ: Օրինակ` Դոնալդ Թրամփի գործունեության ընթացքում ոչ միանշանակ ընդունվող տնտեսական քաղաքականությունը նույնպես բավականին մեծ հարված է հասցնում դոլարին: Եվրոպական միության երկրները, Չինաստանը քայլեր են ձեռնարկում, որոնք ևս ազդում են դոլարի փոխարժեքի վրա: ԱՄՆ-ում պետական պարտքը կտրուկ աճել է: ԱՄՆ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ևս նպաստում են, որպեսզի դոլարի հանդեպ վստահությունը նվազի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ազդեցություն կթողնի դոլարի գնի անկումը Հայաստանում, ապա քանի որ դոլարը միջազգային արժույթ է, հայկական դրամը կարող է ավելի արժեվորվել, ինչ վերաբերում է հնարավոր ռիսկերին, ապա կարող են ռիսկեր առաջանալ` արտահանման հետ կապված: Դրամի արժեվորման դեպքում ապրանքների ներմուծումը կարող է էժանանալ: Այնուամենայնիվ այս փուլում վաղ է խոսել այս մասին», – ասաց տնտեսագետը:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում խոսելով դոլարի արժեքի նվազման մասին, ասաց. «Այս ամենի պատճառը արտարժույթի ծավալուն հոսքն է դեպի Հայաստան: Այստեղ, իհարկե, հիմնականում Ռուսաստանի գործոնն է, որը հսկայական միջոցներ է տեղափոխում Հայաստան, ինչպես բուն ՌԴ-ից, այնպես էլ այլ երկրներից»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիևը նոր բան է ասում «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ալիևը նոր բան է ասում «Զանգեզուրի միջանցքի» մասին Fri, 15 May 2026 18:38:32 +0400 «Զանգեզուրի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով