Դիտորդական ինստիտուտի վախճա՞նը
Sun, 17 May 2026 18:15:24 +0400

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հունիսի 7-ին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների անվանումներն ու դրանց կողմից ներգրավված դիտորդների քանակները: Դրանց ընդհանուր թիվը կազմել է 526 մարդ։ Հայտնի է նաև, որ ԱԺ ընտրությանը գործելու է 2005 ընտրատեղամաս։ Ինչը նշանակում է, որ դիտորդները չեն փակելու բոլոր ընտրատեղամասերը: Ինչը նորություն է վերջին տարիների կտրվածքով: Գյումրիի «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ն, օրինակ, հավատարմագրել է ընդամենը 2 դիտորդի: Նախկինում դրանց թիվը տասնյակ անգամ ավելի էր: Ինչևէ, որպես 2003 թվականից դիտորդություն արած անձնավորություն՝ սկզբում սեփական նախաձեռնությամբ ու անվճար, ասեմ, որ նման փոքրաթիվ դիտորդական բանակ նախկինում չի եղել: Ինչը, դժբախտաբար, վկայում է նախկինում գերակտիվությամբ աչքի ընկնող այդ ինստիտուտի աստիճանաբար վերանալու մասին: Բայց քանի որ թվերը կոնկրետ հաշիվ են սիրում՝ որոշեցի իմ սուբյեկտիվ կարծիքի ճշմարտացիությունը ստուգել արհեստական բանականության միջոցով:
Եվ ստացա հետևյալ պատկերը. 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին տեղական դիտորդի կարգավիճակ է ունեցել մի քանի տասնյակ հազար անձ: Միայն «Ականատես» դիտորդական առաքելությունն, օրինակ, ներգրավել է շուրջ 580 դիտորդի: 2018թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ կրկին ներգրավված են եղել հազարավոր մարդիկ: Միայն «Անկախ դիտորդ» դաշինքն ունեցել է հարյուրավոր կարճաժամկետ ու երկարաժամկետ դիտորդներ: 2017-ի հերթական խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ մասնակցել է 8749 անձ: 2013-ի նախագահական ընտրություններին որպես դիտորդ ներգրավվել է շուրջ 30 հազար մարդ: 2012-ի հերթական խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ հավատարմագրվել է շուրջ 16 հազար անձ:
Ինչպես երևում է, որ 2026-ի հունիսի 7-ի քվեարկությունը մնալու է բառիս բուն իմաստով «անտեր»: Փորձեմ ներկայացնել պատճառները: Առաջինն այն է, որ նախկինում քաղաքացիական հասարակություն կոչվածը վերին աստիճանի ակտիվ էր: Եվ ընդդիմադիր էր գործող իշխանությանը. դա որպես ներկայացուցիչ եմ ասում: Իզուր չէր, որ 2018-ի ապրիլին Սերժին մերժելու զուգահեռ կամ երկրորդ շարժումը կազմակերպվեց ՀԿ-ական սեկտորի կողմից: Առաջինը Նիկոլի «Քայլ արա»-ն էր: 2026-ին այն համարյա ամբողջությամբ ներառված է իշխանության մեջ: Արևմուտքում այդ տիպի ՀԿ-ներին անվանում են «գոնգոներ»: Կարող են ասել, որ 2021-ին ու 2018-ին էլ էին ներառված, սակայն մասնակցությունը շատ ավելի ծավալուն էր: Այո, ու դա բացատրվում է երկրորդ պատճառով՝ արևմտյան երկրներն ու ոչ կառավարական կառույցները շարունակում էին հսկայական (հայաստանյան մասշտաբով) գումարներ ներդնել այդ գործընթացում: Նպատակը Նիկոլի իշխանությունը պահպանելն էր: Այսօր այդ գումարները բազմակի անգամ նվազել են: Դրա պատճառն էլ ԱՄՆ-ում «USAID»-ը փակվելն էր, ինչպես նաև Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա: Ուր ուղղվեցին և այսօր էլ շարունակում են ուղղվել հսկայական գումարներ: Իսկ եթե չկան գումարներ՝ չկան և բազմաթիվ դիտորդներ:
Ֆինանսական սղության պատճառով Եվրամիությունն ԱԺ ընտրությունների առումով Նիկոլի իշխանությանը հատկացրել է ընդամենը 15 միլիոն եվրո (գրվում է նաև 14 միլիոնի և նույնիսկ 12 միլիոնի մասին): Այդ գումարի մի մասը պետք է ծախսվեր ընտրական գործընթացում՝ արդար և թափանցիկ (՞՞՞) ընտրությունների կազմակերպման վրա: Մյուս մասը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի (՞՞՞), այն է՝ անվտանգային միջավայրը բարելավելու համար: Եվ վերջապես, վերջին մասը պետք է ծախսվեր ժողովրդավարական ինստիտուտների (՞՞՞) ամրապնդման նպատակով: Ինչպես երևում է, ԵՄ-ում վստահ են, որ գործող իշխանությունը վերարտադրվելու է: Ու այդ պատճառով լուրջ գումար չեն նախատեսել: Դրա փոխարեն որոշել էին Երևանում կազմակերպել Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովները: Երկուսի առումով արդեն խոսվում է, որ ընտրական գործընթացի առումով դրանց արդյունավետությունը եղած-չեղած՝ մի բան է:
Իհարկե, այնպես չէ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունը պատերազմ է հայտարարելու ԵՄ-ին կամ, ասենք, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին: Բայց քանի որ եվրոպացիների մեջ դեռևս մնացած կլինեն ամոթի զգացման տարրեր, ՀՀ նոր վարչապետի հետ հանդիպումներին նրանք իրենց չեն զգա ինչպես ձուկը ջրում: Ու ստիպված կլինեն ընդունել, որ աչքաթող են արել այնպիսի երևույթներ, որ բացարձակ կապ չունեն ժողովրդավարության հետ: Ավելին, դրանք եղել են հակաժողովրդավարական, ինչը չնկատելն իրենց կողմից բացթողում էր:
ՀԳ. Բազմաթիվ ընտրատեղամասերում դիտորդների բացակայությունը ստիպված են լինելու կոմպենսացնել ընդդիմադիր խմբակցությունների կողմից հանձնաժողովի անդամներ նշանակված անձինք:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր