Թոշակի անցած մասնագետների համար ծրագիր. մանրամասնում է Արման Թաթոյանը
Mon, 18 May 2026 12:54:10 +0400

«Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրել է թոշակի անցած մասնագետների ներուժն արդյունավետ օգտագործելու ծրագրային դրույթը՝ կարևորելով նրանց շարունակական ներգրավվածությունը պետության զարգացման գործում։
Արման Թաթոյանի խոսքով՝ այսօր թոշակի անցնելուց հետո պետությունը փաստացի մարդուն հայտնում է, թե նրա առաքելությունն ավարտված է, և նա այլևս անհրաժեշտ չէ պետական համակարգին։ Այս մոտեցման հետևանքով երկար տարիներ պետությանն ու հասարակությանը ծառայած մասնագետները՝ ուսուցիչներ, բժիշկներ, դատավորներ, դատախազներ, նախարարությունների աշխատողներ, ոստիկաններ իրենց զգում են անօգնական և ոչ պետքական։
«Մենք իրավունք չունենք նման ճոխություն թույլ տալու։ Մենք պետք է պետական ծրագրերով նրանց ներգրավենք մեր պետության զարգացման գործին։ Օրինակ՝ մի դեպքում կարող ենք կրթական հաստատություններում մեր երեխաների, ուսանողների կրթության հարցում ներգրավել, ասենք, վաստակաշատ մանկավարժի։ Անցել է թոշակի, բայց ինչքա՞ն կարող է գիտելիք ու փորձ փոխանցել։ Սա նաև հնարավորություն կտա, որ սերունդների միջև կապը ապահովվի»,- նշել է Թաթոյանը։
Նրա առաջարկած ծրագրի համաձայն՝ թոշակի անցած փորձառու մասնագետները կկարողանան պետական հատուկ ծրագրերի միջոցով ներգրավվել կրթական, հանրային և մասնագիտական ոլորտներում՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդ սերնդին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր