Չորեքշաբթի , 20 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, բայց դրա համար հո չէի՞նք ազատում մարդուն

«Հրապարակ»․ Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, բայց դրա համար հո չէի՞նք ազատում մարդուն

Wed, 20 May 2026 08:45:35 +0400


ՔՊ-ի ուրախ ավտոբուսի ամենաակտիվ ուղեւորը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հավակնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 հանցակիցը։ Նա ոչ միայն արձակուրդ է վերցրել ու Փաշինյանին կրնկակոխ հետեւելով ակտիվ քարոզարշավի է մասնակցում, այլեւ, լինելով ամենամարդասիրական ոլորտի ղեկավար, Փաշինյանի հայտարարած մարդատյացության մարաթոնում ակտիվ դերակատարում է ստանձնել։ Նա իր պարտքն է համարում «այո» բացականչություններով, գլխի ու մարմնի ողջ հավանությամբ իր աջակցությունը բերել Փաշինյանի՝ մարդկանց «ոչնչացնելու», «կզըցնելու» եւ այլ սպառնալից հայտարարություններին: Մարդկանց պատիվն ու արժանապատվությունը ստորացնող, վիրավորական արտահայտությունների ժամանակ նա ոգեւորում է Փաշինյանի հախուռն եւ անհավասարակշիռ պահվածքը: Տիկինն այնքան է տարվել նախընտրական քարոզչությամբ, որ սկսել է լայվեր անել «ղարաբաղյան կլանի», ընդդիմադիրների վերաբերյալ, իսկ նախօրեին Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած վաստակաշատ բժշկուհուն՝ Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակցին ներկայացրել է որպես սադրիչ ու ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ։ «Ղարաբաղյան կլանի թալանչիներ, դուք կապ չեք ունեցել եւ չունեք ո՛չ ղարաբաղցու, ո՛չ հայաստանաբնակ քաղաքացու իրական հոգսի հետ: Հերի՛ք է ուրիշի երեխաների հաշվին ձեզ համար կապիտալ կուտակեք: Չի՛ ստացվելու: Սադրիչ ուղարկելն էլ, հատկապես կնոջ տեսքով, մեղմ ասած, սիրուն չի»,- իր բոցաշունչ լայվում հոխորտացել է տիկինը: Հետո լուրեր տարածվեցին, որ քաղաքապետարանից հրահանգել են տիկնոջը՝ ազատման դիմում գրել, ապա, հավանաբար խուսափելով աղմուկից, բավարարվեցին նկատողությունով` իբրեւ թե Աշխատանքային օրենսգրքի պահանջները խախտելու համար։

Մենք չենք հիշում, որ Հայաստանի առողջապահության նախկին նախարարներից որեւէ մեկն այսպիսի ակտիվություն դրսեւորեր նախընտրական քարոզարշավների ընթացքում, չնայած այն իրողությանը, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, բայց ելնելով ոլորտի առանձնահատկություններից, առողջապահության նախարարները մշտապես ավելի բարձր դիրքերում են մնացել։ 2012-ին առողջապահության ոլորտը 2 տարի ղեկավարած Դերենիկ Դումանյանը չի հիշում որեւէ առողջապահության նախարարի, որն ակտիվ ներգրավված լիներ նախընտրական քարոզարշավին։ Նա եւս ընդգծեց, որ թեեւ նախարարի պաշտոնը քաղաքական է, բայց ցանկացած նախարարի անձնական նախընտրության հարցն է։ «Մեկն ավելի շատ իր աշխատանքն է սիրում, մեկը՝ քաղաքական դիրքը։ Իհարկե, նախարարները կարող են մասնակցել քարոզարշավին, բայց նախընտրության հարց է, եւ կարծում եմ՝ ակտիվ մասնակցողներին է պետք հարցնել իրենց մասնակցության մոտիվի մասին, գուցե նաեւ քաղաքական թիմն է այդպես պահանջում»,- մեզ ասաց Դումանյանը։ Եթե անգամ պահանջում են մասնակցել քարոզարշավին, կարելի՞ է արդյոք անխտիր հավանության արժանացնել բռնության, վիրավորանքի բոլոր խոսքերը, որ հնչեցնում է Փաշինյանը։

«Առողջապահության նախարարը, իմ կարծիքով, ավելի գթասիրտ մարդ պետք է լինի եւ դեմ` ցանկացած բռնության, ես այսքանը կարող եմ ասել»։ Խոսելով 16-րդ պոլիկլինիկայի բժշկուհի Արփինե Սողոյանին պատժելու մասին՝ Դումանյանն ասաց, որ այդ միջադեպը չի կարող պատճառ դառնալ նրան հեռացնելու համար, տիկինն իր քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումն է հայտնել, եւ դա չի խանգարում իր աշխատանքային գործունեությանը։ Հարցրինք՝ ժամանակին ՀՀԿ-ի ցուցումով քանի՞ անհնազանդ, ընդդիմադիր աշխատակցի է հրահանգել ազատել աշխատանքից։ Դումանյանը վստահեցրեց. «Ոչ մի։ Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, հենց մեր դիմաց հայտնում էին այդ մասին, բայց դրա համար հո չէի՞նք ազատելու մարդուն։ Մարդուն աշխատանքի ընդունում եւ ազատում են իր պրոֆեսիոնալ, մասնագիտական կարողությունների, ոչ թե քաղաքական հայացքների համար։ Ես ճիշտ չեմ համարում, որ մարդուն պետք է ազատեն այդ միջադեպի համար։ Նույնն էլ՝ նկատողություն տալը։ Եթե նա աշխատանքում թերացել է, իհարկե, կարող են նկատողություն հայտնել ու հեռացնել, բայց եթե պետք է քաղաքական հայացքների համար նկատողություն տան, իրավաբաններն էլ կասեն, որ դա չի կարելի»: Հիմա հիմնավորում են, որ աշխատանքից բացակայել է։ «Աշխատանքից անհարգելի բացակայություն, իհարկե, չի կարելի, բայց չեմ էլ կարծում, որ դա նկատողության հարց է, հատկապես որ առաջին անգամ է նման բան տեղի ունենում։ Եթե կրկնվում է, այո, կարելի է նկատողություն տալ, զգուշացնել, որ չի կարելի, առավել եւս՝ եթե որեւէ հիվանդ դրա պատճառով տուժել է»,- ասաց նախկին նախարարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչն է «միավորում» Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Զարուհի Փոստանջյանին

Ի՞նչն է «միավորում» Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Զարուհի Փոստանջյանին Tue, 19 May 2026 21:23:23 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով