Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

«Հրապարակ». 3 տեսլականի միջեւ է ընտրությունը

«Հրապարակ». 3 տեսլականի միջեւ է ընտրությունը

Wed, 20 May 2026 11:45:41 +0400


Քանի գնում, թեժանում է քարոզարշավը: ՔՊ-ն արդեն բացահայտ սպառնալիքներ է հնչեցնում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին խնդրեցինք քարոզարշավը մեկնաբանել.

«19 քաղաքական ուժ է մասնակցում, բայց բովանդակային, իմաստային տեսակետից 3 տեսլական կա` իրարից տարբերվող: ՔՊ կուսակցության տեսլականն է՝ լինել խաղաղ, սուսուփուս ճանապարհ բացել, Հայաստանը վերածել մի տարածքի՝ դիմանկար չունեցող: Հայաստանի տարածքով արեւելքից արեւմուտք գնան բեռնատարները` հասնելով Կենտրոնական Ասիա, հումք վերցնեն, նորից Հայաստանի տարածքով տանեն դեպի Եվրոպա: Այսինքն՝ զուտ վերածվենք տարածքի, որեւէ խոսք ազգայինի, ապագայի մասին չկա: Եվ մի բան էլ՝ ուտենք, խմենք, մինչեւ կմեռնենք: Երկրորդը․ ի տարբերություն ռուսամետ ուժերի, ինչպես ընդունված է ասել՝ 3 ընդդիմադիր ուժերն են, որը տեսլական է առաջարկում, ըստ որի՝ Եկեղեցու նկատմամբ հալածանքները դադարում են, զարգանում է տնտեսությունը, ունենալ, իհարկե` ոչ 300 հազար, բայց այնուամենայնիվ՝ աշխատատեղեր: Այսինքն՝ դու լինում ես օբյեկտ, գոնե պահպանում ես ազգային ինչ-որ բան: 3 ուժերի մեջ «Հայաստան» դաշինքը նշում է, որ կարելի է Արցախի ազատագրման հետ կապված ինչ-որ ծրագրեր ունենալ, ի տարբերություն «Ուժեղ Հայաստանի», որը նշում է, որ հարեւան երկրի հանդեպ տարածքային նկրտումներ չունի: Իսկ «Հայաստան» դաշինքն ասում է, որ Արցախը պետք է ազատագրի, սա նշանակում է, որ, այսպես թե այնպես, դու նկրտում ունենում ես, իսկ դա, բնականաբար, հանգեցնում է Հայաստանի՝ սուբյեկտ դառնալու գործընթացին: Եթե տարածքային նկրտում չունես` մի քանի գործարան, ֆաբրիկա ես կառուցում եւ Եկեղեցուն չես հալածում, դու լավագույն դեպքում մնում ես օբյեկտ, չես դառնում, ՔՊ-ի ասած՝ հարթ ճանապարհ: Եթե դու Արցախի հարցն ես բարձրացնում եւ փորձում ես հասնել Արցախի վերաազատագրմանը, արդեն սուբյեկտի նշանակություն ես ձեռք բերում: Հայաստանը սուբյեկտ էր, երբ Արցախը կար, իհարկե՝ ունենալով դաշնակիցներ: Երրորդը ներկայացնում է Ազգային ժողովրդավարական բեւեռը, որը նույնպես դեմ լինելով ՔՊ-ի տեսլականին, իր տեսլականն է ներկայացնում, այն է՝ Հայաստանը դաշնակից է ԱՄՆ-ի հետ, պետք է փորձի ձգտել, հասնել այն մեծ Հայաստանին, որը Քուռ-Արաքսից կհասնի մինչեւ Վիլսոնի կողմից գծված սահման: Տակտիկական տեսակետից կարող եմ ասել, որ բոլոր քաղաքական ուժերը շատ աղքատիկ, թույլ… տպավորություն է, որ Հայաստանում ընտրական տեխնոլոգիաներ չեն զարգացել` 1995 թվականի ընտրությունն է: Ընդամենը փողոցում քայլել, թռուցիկներ բաժանել, որոնք մեծ իմաստով անորակ են արված, դա բազմաթիվ տեխնոլոգիաներից մեկն է, ո՛չ ամենակարեւորը»:

Փաշինյանը մի ձայնագրություն ցուցադրեց եւ սպառնաց, դա ի՞նչ է` Փաշինյանի հերթական մանիպուլյացիա՞ն։ «Այդ ձայնագրությունը բանի տեղ մի դրեք, կանխամտածված սեւ փիառ են անում: Հիմա արհեստական բանականության միջոցով ցանկացած բարբառով կարող են մի այնպիսի ձայնագրություն հրապարակել, որ, օրինակ, Քենեդուն ղարաբաղցիներն են սպանել: Լարումն ինչի է տեղի ունենում, ոչ միայն խաղադրույքն է մեծ, այլեւ եթե դու լարում ես քաղաքական գործընթացը, մրցակցի ընտրազանգվածի ձայները բերում ես քեզ: Գուցե դա բեմականացրած ձայնագրություն է, որը դնում է շրջանառության մեջ՝ փորձելով ցույց տալ, որ ինքն ուժեղ տղա է: Բայց ոնց որ մթնոլորտ է կտրուկ փոխվում` այ, դա է ստիպում իշխող ուժին գնալ սեւ փիառի, տեսնում են, որ հանրության տրամադրությունները կտրուկ փոխվում են՝ ընդդեմ իշխանության: …Պետք է նշենք, որ, ի տարբերություն նախորդ 35 տարվա, այս ընտրությունները ոչ այնքան հայաստանյան, որքան արտաքին աշխարհաքաղաքական ուժերի պայքարն է ՀՀ տարածքում: Եթե դա Ուկրաինայում կրում է ռազմական առճակատման բնույթ, Հայաստանում կրում է քաղաքական հակամարտության բնույթ, որի ժամանակ օգտագործում են բոլոր հնարավոր տեխնոլոգիաները, այդ թվում՝ մանիպուլյացիան կամ սեւ փիառը: Սա աշխարհաքաղաքական կենտրոնների բախումն է Հայաստանում, եւ մի կողմի հաղթանակը նշանակում է մյուս կողմի ուղղակի վերացում Հայաստանից: Մի կողմը ԵՄ-ն է, Բրիտանիան, ինչ-որ չափով՝ Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ն: Մյուս կողմը՝ Ռուսաստանը, ինչ-որ չափով՝ Իրանը: Իշխող քաղաքական ուժի վերարտադրման դեպքում Հայաստանից ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը շատ կարճ ժամանակում վերացվելու է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախկինում հերքում էին քաղաքական ճնշումները, հիմա՝ հայտարարում դրանց մասին․ Բաբայան

Նախկինում հերքում էին քաղաքական ճնշումները, հիմա՝ հայտարարում դրանց մասին․ Բաբայան Tue, 07 Jul 2026 22:57:23 …