Մի՛ վախեցեք ոչնչից, այլ միայն հավատացեք. հաղթանակն այլընտրանք չունի. Բագրատ Սրբազան

Մի՛ վախեցեք ոչնչից, այլ միայն հավատացեք. հաղթանակն այլընտրանք չունի. Բագրատ Սրբազան

Thu, 21 May 2026 23:00:38 +0400


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը՝ կալանավայրից.

«Սիրելինե՛ր,

Լրացավ կյանքիս 55-րդ տարին… կալանավայրում…

Աստված ասում է. «Քո աշխարհ գալուց բոլորը ծիծաղում էին, իսկ դու՝ լացում: Բայց աշխարհից քո մեկնելիս բոլորը լացում էին, իսկ դու` ծիծաղում»:

Շնորհակալ եմ Քեզ, իմ Հաղթանակած Տեր, գոհություն Քեզ, իմ Բացառիկ և Միակ Առաջնորդ, իմ Կյանք և Ճանապարհ, իմ Հերոս և Աստված: Դու ես տնօրինել իմ կյանքի բոլոր օրերն ու ժամերը և Դու ես իմացել և գիտես, թե ինչ էր և ինչ է ինձ հարկավոր առավել, քան ես կարող էի խնդրել կամ իմանալ:

Կյանքս հայացքիդ և Աչքիդ առջև է:

Խոնարհվում եմ փառքիդ առջև և սիրով ընդունում այն ամենը, ինչ տվել ես և դեռ տալու ես:

Եվ վերստին հաստատում եմ` հռչակելով. «Քավ լիցի ինձ այլ բանով պարծենալ, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն է»:

Այս օրը, տարիների ավանդությամբ, ծառայությանս բոլոր վայրերում եղել է ներողություն հայցելու օր ու առիթ բոլոր նրանցից, ում հանդեպ մեղք ու սխալ եմ գործել, ում հետ անմիջական ծառայության մեջ եմ եղել և ովքեր մասնակից են եղել իմ առաքելությանը` փոքր կամ մեծ չափով:

Այսօր ևս ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, ում կամա թե ակամա ցավ ու տրտմություն եմ պատճառել, ի մասնավորի «Սրբազան Պայքարի» 17 արդարներին և իրենց ընտանիքներին` պատճառած բոլոր դառնությունների և տառապանքի համար:

Հատկապես ցանկանում եմ երիցս ներողություն խնդրել բոլոր այն Հայրենատեր, ինձ հարազատ դարձած մարդկանցից, ովքեր այս ընթացքում ենթարկվել են տարատեսակ զրկանքների և հալածանքների և որոնց ինչ-որ առումով հուսախաբ եմ արել, որ դեռևս չենք վանել չարիքը մեր սիրելի Երկրից և միասին չենք ազատագրել մեր համբուրելի և Աստվածապարգև Հայաստան աշխարհը:

Կյանքիս ամենամեծ պարգևը կլինի ոչ միայն մեր Մեծ Տան ազատագրումը չարիքից, այլև, և հատկապես, մեր Ավետյաց Երկրի Տեսիլքի կյանքի կոչումը, իրականացումն ու կառուցումը, թեկուզ և դա արժենա, որ ես լինեմ կալանավայրում կամ գերեզմանում:

Ինչպես մշտապես շեշտել եմ, մի հարցրեք` հնարավո՞ր է, թե՞ ոչ, այլ հարցրեք` անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Ինչպիսին լինի մեր հարցադրումը, այդպիսին էլ կլինի մեր ընթացքն ու խնդրի հանգուցալուծումը:

Թող մեր Հաղթանակած Տերը օրհնի ձեզ բոլորիդ, օրհնի մեր Հայաստան վիրավոր աշխարհը` իր որբացած Արցախ սրտով և մեր ողջ ժողովրդին` խոցված, բայց ոչ ծնկած, զարկված, բայց ոչ մեռած` ընթանալու արդարության, ճշմարտության, հաշտության և Հաղթանակի ճանապարհով:

Մի՛ վախեցեք ոչնչից,

Այլ միայն հավատացեք…

Հոգևոր Հայաստանը կհաղթի «իրական, նոր չհայաստանին», քանզի Հայոց գալիք Հաղթանակն այլընտրանք չունի…

Սիրով և աղոթքով`

Բագրատ արք. Գալստանյան

20.05.2026»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ ուղին կընտրեն․ Չեղարկել ընտրությունները, կալանավորել ընդդիմության առաջնորդներին

Որ ուղին կընտրեն․ Չեղարկել ընտրությունները, կալանավորել ընդդիմության առաջնորդներին Thu, 21 May 2026 18:45:30 +0400 Ռուսալեզու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով