Զանգվածային ինքնաբացարկներ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունում
Thu, 21 May 2026 22:45:35 +0400

«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի 50 թեկնածու ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել, եւս 12 հոգի դեռ դուրս են գալու ցուցակից։
«Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով, որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում», – հայտարարել է կուսակցությունն իր ՖԲ էջով:
Այս քայլը բացատրում են նրանով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսն իրավական առումով երկարատև է լինելու: Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը ցուցակը կրճատելը բացատրում է երաշխիքային մեխանիզմ ստեղծելու տրամաբանությամբ եւ հիշեցնում է, որ իրենց կուսակցությունը նախապես հայտարարել էր, որ խորհրդարան անցնելու պարագայում 100 օր հետո իրականացնելու ենք նոր ընտրություններ:
«Եթե անցնում ենք պառլամենտ, բայց չենք կարողանում մնացած ուժերի հետ համաձայնության գալ, որ մեր պրոյեկտը կյանքի կոչեն, մենք բոլորս դնում ենք մանդատները: Շատերն անհանգստացան, որ ասենք թե մի քանի հոգի դրեցին, բայց մյուսերը որոշեցին չդնել մանդատները, ի՞նչ է լինելու: Ու դրա համար մենք ունենք նախատեսված գործընթաց` օրենքից բխող, որով դա կանխում ենք: Հիմա մենք մեր հնարավորությունները գնահատում ենք հետեւյալ կերպ՝ մենք կարող ենք հատել 4 տոկոսը, կարող ենք հավաքել նաեւ դրանից մի քիչ էլ ավել տոկոսներ, եւ սա նշանակում է, որ «ստռախովկայի» համար 27 հոգի թողում ենք ցուցակում, իսկ մնացածը, ինչպես եւ խոստացել ենք, մանդատները չեն վերցնելու, կամ էլ ինքնաբացարկ են հայտարարելու: Սա փոխադարձ համաձայնությամբ տեղի ունեցող պրոցես է, որին համաձայն են եղել բոլորը: Նրանք կմնան որպես համախոհներ եւ որպես գործընկերներ, կշարունակեն մասնակցել ակցիաներին Երևանում ու մարզերում, այսինքն, մենք Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքական ուժն ենք, որը հետեւողական է իր խոստումներում», – ասում է Կարապետյանցը:
Հարցին, թե ինչ երաշխիք, որ այս 27-ից, եթե, իհարկե, այդքան մարդ անցնի խորհրդարան, էլի չեն լինի մարդիկ, ովքեր վայր չեն դնի մանդատները, նա պատասխանում է. «Բոլոր իրավիճակներում էլ կան վտանգներ, որովհետեւ այստեղ հավաքված են իրարից շատ տարբերվող մարդիկ: Բայց ես համարյա 100 տոկոսով վստահ եմ, որ մենք այդ խնդրին չենք բախվելու: Ծայրահեղ դեպքերի համար մենք ունենք մի քանի օրինական մեխանիզմ, մենք ի սկզբանե մեր ներսում համաձայնագիր ենք ստորագրել, դա մեր ներքին փաստաթուղթն է, որ եթե մեր ծրագիրը չի լինում, մենք բոլորս մանդատները վայր ենք դնում: Ու ես իմ կուսակիցներին վստահում եմ, չնայած մի մասի հետ նոր եմ ծանոթացել: Այստեղ բոլորը գաղափարի մարդիկ են, որոնք եկել են ծրագիրն իրագործելու համար: Սա սովորական կուսակցություն չի»:
Փաստորեն, Նինա Կարապետյանցի կուսակցությունն արդեն սկսել է ինքնաբացարկների իր ծրագիրը, եւ առաջինը, ինչից սկսել են հրաժարվել, հենց ընտրապայքարն է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր