«Հրապարակ»․ Այնպես կանգնեք, որ Կարապետյանի պաստառը չերեւա․ Նիկոլի հոգեկանը խանգարվում է

«Հրապարակ»․ Այնպես կանգնեք, որ Կարապետյանի պաստառը չերեւա․ Նիկոլի հոգեկանը խանգարվում է

Fri, 22 May 2026 10:15:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է Լոռվա մարզից «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Գեւորգյանը։

– ՔՊ-ականներն աղմկում են, թե Սամվել Կարապետյանը ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակից է, նշում են, որ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի, դա թաքցրել է, փաստաթղթեր է կեղծել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նիկոլ Փաշինյանը շրջում է գյուղերում ու լավ տեսնում է՝ ինչ է կատարվում: Ինքը շատ լավ հասկանում է, որ ժողովուրդը 8 տարիների ընթացքում զզվել է այս մարդուց, տանել չի կարողանում ո՛չ դրա խոսույթը, ո՛չ խոստումները, ո՛չ ծրագրերը: Այդ ամեն ինչը լավ հասկանալով, պատրաստ է ամեն ինչի: Ոնց որ հիմա ձայնագրություններ են հրապարակում, մարդկանց անձնական տիրույթ են ներխուժում, հաշվի չառնելով բազմաթիվ հանգամանքներ, մոնտաժում՝ իրար են կպցնում ձայնագրությունները, եւ նման բաներ: Փաշինյանը նստում է, վիդեոն միացնում, Ֆեյսբուքում ինչ-որ բաներ խոսում, անհասկանալի դրսեւորումների մեջ է մարդը: Այն, որ մարդկանց հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս, ցանկացած ճիշտ հարցադրումից ջղաձգվում, երբ որ իրեն մատնացույց են անում, աչքն են կոխում, որ դու խոստացել էիր, որ պետք է տեր կանգնեիր խաղաղությանը: Հիմա եկել է, գյուղերում ասում է՝ տեր կանգնեք խաղաղությանը: Եղբայր, սխալ տեղ ես եկել խոսում, ժողովուրդը միշտ էլ տեր է եղել թե՛ երկրին, թե՛ խաղաղությանը: Այդ դու, քո փոքրիկ խմբակով տեր չես կանգնել այս երկրին ու ժողովրդին: Ասեմ, որ ժողովուրդը շատ լավ գիտակցում է, առանց վախենալու կանգնում են դեմը, երեսին ասում են այն, ինչ մտածում են իր մասին: Մարդն ուղղակի ցնցումների մեջ է: Մի բան պիտի անի, չէ՞, փրփուրներից կախվելով, որ փորձի ցույց տալ ժողովրդին, որ ինքն ուժեղ է: Բայց ինքը չի պատկերացնում, որ դրանով ավելի է ցածրանում, ավելի է թուլանում: Ու իր հետեւից ընկած 2 հոգի էլ՝ ոմն պարոն ու ինչ-որ տիկին, որ խոսել անգամ չգիտեն, 8 տարվա մեջ երկու բառ են սովորել, հիմա ընկել են՝ գյուղերում խոսում են: Խոսացեք, ինչքան իրենք շատ խոսեն, այնքան մեր ռեյտինգը կբարձրանա: Ո՛չ խոսել գիտեն, ո՛չ ժողովրդի հետ շփվել գիտեն: Գալիս է գյուղեր, փոխանակ ծրագիր ներկայացնի, մեզնից բամբասում է ու գնում, քանի որ գիտեն, որ Սամվել Կարապետյանը միակ ուժն է, որ հաստատ երկիրը կհանի այս վիճակից, ու այն մարդն է, որ կարող է կանգնեցնել Փաշինյանի հակապետական քաղաքականությունը:

– Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Լոռիում քարոզարշավի ժամանակ հայտարարում էր՝ տրորելով կանցնենք ձեր վրայով:

– Դա ի՞նչ խոսույթ է, դա պաշտոնյանին վայել խոսո՞ւյթ է: Խոսքը ֆիզիկապես տրորելու մասին չէ, իրենց իսկ գյուղերում իրենց արդեն տրորել ենք: Այն, որ մեզ ջերմ ընդունում են, գալիս փաթաթվում են, դա է ապացուցում: Մենք ինչ անում ենք, մեր հետեւից կրկնում են: Ավտոբուսներով ման էինք գալիս, ավտոբուսները բերեցին դրեցին, պիկապով ման էինք գալիս, պիկապները բերեցին։ Մենք հասկանում ենք, որ օրինակելի ենք, հասկանում ենք, որ մենք ցույց ենք տալիս ձեւը՝ ոնց պետք է մարդկանց հետ շփվես, մարդկանց ինչ առաջարկես: Ու դրանից հետո ձերբակալություններ, խուզարկություններ: Կեղծ ժպիտը դեմքին՝ գնում է, մարդկանց հանդիպում, խոսում է՝ իբր բարի, ժողովրդին լավը կամեցող պաշտոնյա, իրիկունն էլ հրահանգում է՝ մտեք տները, խուզարկեք: Դուք չեք պատկերացնի, թե գյուղերում ինչ է կատարվում: Ամեն բան անում են, որ գյուղերում վախի մթնոլորտ ստեղծվի, որ ժողովուրդը չգնա՝ իր ընտրությունն անի: Բայց մենք՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, դրա դեմն առնում ենք ու թույլ չենք տալու, որ ժողովրդին իրենց ձեռքի խաղալիքը դարձնեն: 2 կտոր ասֆալտ են անում, գալիս-կանգնում-ասում է՝ քո համար ասֆալտ եմ արել, շնորհակալություն ասա, երեսով է տալիս: Դպրոց են կառուցում ու ասում են, տես՝ ինչքան սիրուն ա: Ո՞ւմ է պետք այդ դպրոցը, որ աշակերտ չի ունենալու: Այսօր Հոբարձի գյուղում էինք, այդ գյուղի դպրոցը փակեն՝ գյուղը դատարկվելու է: Մենք սրա դեմ ենք պայքարում: Ամենաշատ դպրոցները Լոռվա մարզում են փակվում: Հաջիեւն արդեն ասում է, թե Հայաստանում ադրբեջանցիները որտեղ պետք է ապրեն: Իսկ իշխանությունը սրան չի պատասխանում: Փոխարենը՝ ակտիվ քարոզում է, որ Սամվել Կարապետյանն իր ձայները տալու է Ռոբերտ Քոչարյանին: Չկա նման բան, որովհետեւ գիտեն, որ ժողովուրդը դրանից էմոցիոնալ առումով ազդվում է, սկսել են դրա մասին էլ խոսել, եւ որքան պետական ռեսուրս կա, քարոզարշավի վրա են դրել, որ պայքարեն մի մարդու դեմ: Ու այդ մի մարդուն էլ այնպես են արել, որ տնից դուրս չի կարողանում գա՝ քիչ է, հիմա էլ նկարների դեմ են պայքարում: Իրենց համակիրներին ասում են՝ ավտոներով այնպես կանգնեք, որ Սամվել Կարապետյանի քարոզչական պաստառը չերեւա, թե չէ Նիկոլը որ տեսավ Սամվել Կարապետյանի նկարը, կարող է հոգեկանը խանգարվի: Մենք էլ Եվրամիության դիտորդներին կանչում ենք, ներկայացնում ենք իրավիճակը, եւ այդ մարդիկ շատ լավ իմանում են, թե Հայաստանում ինչ է կատարվում: Հիմա էլ ամբողջ Տաշիրի տարածաշրջանում այնպիսի ուժեր են կուտակել, հավանաբար՝ վախենում են արժանապատիվ մարդկանցից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդ լինի` հոդվածն ի՞նչն է, որ մարդկանց վրա չկախեն

Մարդ լինի` հոդվածն ի՞նչն է, որ մարդկանց վրա չկախեն Fri, 22 May 2026 15:45:04 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով