Ասեց` կուտը տվին` խոսացի, ասեցի. դու էլ հավ ես` կուտը կերա՞ր
Wed, 18 Nov 2026 21:15:38 +0400

«Հրապարակի» զրուցակիցը անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանն է:
– Նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ 5 ծնող են հրավիրել 19-ի կոնֆերանսին: Ծնողներից մի քանիսը հրաժարվեցին խոսել` չենք ուզում քաղաքական ենթատեքստ տան, բայց ժամանակին շատ համարձակ էին, ինչո՞ւ են հիմա վախեցած:
– Էնքան են էդ մարդկանց «եփել», որ նրանք արդեն էդպես են մտածում: Որ ասել են Տաթևիկ Սողոյանը չպիտի գա մասնակցի, դա էլ է նպաստել: Ես բացատրել եմ, որ հանդիպումը քաղաքական ֆորմատ չի կրում, այն վերաբերում է անհայտ կորածների ճակատագրին, ի՞նչ քաղաքականության մասին կարա խոսք գնա:
– Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել, և նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ ծնողները դեմ են իր ներկայությանը:
– Ալեն Սիմոնյանը տարիներ առաջ հայտարարել է, որ գերիներ չկան Ադրբեջանում: Ես անձամբ` նայելով իր աչքերին հարց եմ տվել` ո՞վ ա քեզ էդ իրավունքը տվել, որ դու հրապարակային նման բաներ ասես, գիտե՞ք ինձ ինչ պատասխանեց, ասեց` կուտը տվին` խոսացի: Ասեցի ո՞վ կուտը տվեց, յաման դու էլ հավ ես, կուտը կերա՞ր: Իմ հավ բառից խիստ ոգևորվեց, բորբոքվեց, ասեց` ո՞ւմ ես ասում հավ, ասեցի` չեմ ասում հավ, ասում եմ` հա՞վ ես, որ կուտը կերար: Հավն ա կուտ ուտում…. ասեց` մենակ հավը չի կուտ ուտում, Նոր տարվա աղանձը սեղանին դրված ևս կուտ ա ուտում: Այս իշխանությունը 6 տարուց ավել ա զրո արդյունքի ա հասել մեր երեխեքի հարցում: Կարո՞ղ ա լավ բան են արել` ուրացել ենք, թող մտցնեն աչքս, ի՞նչ լավ բան են արել, թող ասեն` էս ա, այ սրիկա, էս մի անհետ կորածի հարցը լուծել ենք, ես էլ հելնեմ ներողություն խնդրեմ իմ ասածների համար` հրապարակավ:
– Ի՞նչ սպասելիքներ ունեն անհետ կորած զինծառայողների ծնողները իշխանություններից:
– Ոչ իշխանությունից սպասելիք ունենք, ոչ էլ ընդդիմությունից: Ոչ մեկից չունեմ սպասելիք: Էս հանդիպմանը այլ երկրից մարդիկ են մասնակցելու: Մենք 6 տարի շարունակ տարբեր մեթոդներ ենք կիրառել: Կարող է ինչ-որ մի բան չենք ֆայմել անել, կարող է խելքներս մի բան չի հասել: Հիմա կարող ա էդ մարդկանց հետ խոսում ենք, մի բան են ասում: Ճանապարհ ա, մի ուղի, որով դեռ չենք անցել: Մենք մեր հույսը չենք կորցրել: Ես կոնկրետ իմ հույսը չեմ կորցրել: Մի գեղեցիկ օր ամեն բան պարզվելու է: Եթե ինչ-որ արդյունքի են ուզում հասնել, պիտի գործեն բացահայտ, ոչ թե փակ դռների հետևում: Մտածում են, որ հանկարծ մի բառ ավելորդ չխոսեն: Ի՞նչ կա թաքունի, ի՞նչ գաղտնիք կա: Թող ասեն իմանանք: Եթե արդար իշխանություն են, ինչո՞ւ քննիչ հանձնաժողովի նիստերը չեն հրապարակում: Մաքո՞ւր եք, արդա՞ր եք ապացուցեք ձեր արդարությունը, բացահայտ խոսեք: Բազմաթիվ հարցեր կան: Խի՞ ինձ էլ չեն կանչել էդ հանդիպմանը, եթե ազնիվ են….
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր