Ահազանգ. մի ձեռքով թոշակներն ավելացրին, մյուսով՝ խեղճերին զրկում են թոշակից

Ահազանգ. մի ձեռքով թոշակներն ավելացրին, մյուսով՝ խեղճերին զրկում են թոշակից

Fri, 22 May 2026 19:15:52 +0400


Ընտրություններից 2 ամիս առաջ իշխանությունները բարձրացրին թոշակները: Միաժամանակ, թոշակառուներին զրկեցին իրենց թոշակները «Հայփոստից» ստանալու իրավունքից: Թվում է, թե դրական բան են արել, քանի որ բանկային քարտերով թոշակ ստացողն ունի քեշբեք ստանալու իրավունք, իսկ «Հայփոստից» ստացողը չունի, առավել եւս, որ թոշակի բարձրացման հետ միասին այդ քեշբեքը նույնպես ավելացել է: Թոշակների եւ քեշբեքի մեծացման մասին լուրն ամենօրյա ռեժիմով գովազդվում է, մինչդեռ թոշակների ստացումը «Հայփոստից» դադարեցնելու եւ բանկեր պարտադիր տեղափոխելու որոշման բացասական հետեւանքների մասին ոչինչ չի ասվում:

Լրացնեմ այդ բացը: Հետեւանքն այն է, որ բազմահազար թոշակառուներ, հատկապես նրանք, ովքեր ամենաանպաշտպաններն ու խեղճերն են, փաստորեն, զրկվել են թոշակ ստանալու հնարավորությունից:

Բանն այն է, որ բանկային քարտով թոշակ ստացողը տարին մեկ անգամ անձնագրով անձամբ պետք է ներկայանա բանկ, որպեսզի նույնականացվի, այսինքն, ապացուցի իր մահացած չլինելու եւ Հայաստանում ներկա գտնվելու փաստը: Մինչդեռ «Հայփոստում» այդպիսի պահանջ չկար, քանի որ այդ հիմնարկի աշխատակիցը կամ փոստատարը, որը թոշակը հասցնում էր թոշակառուին, ամեն անգամ անձամբ ստուգում եւ համոզվում էր, որ թոշակառուն Հայաստանում է եւ չի մահացել: Այնպես որ, այն թոշակառուները, որոնք վատառողջ էին եւ տնից հազիվ էին դուրս գալիս կամ նույնիսկ դա էլ չէին կարողանում անել, ասենք՝ ծանր հիվանդները, այդուհանդերձ, հնարավորություն ունեին ստանալու իրենց թոշակները: Նույնը վերաբերում էր այն թոշակառուներին, որոնց բնակության վայր հանդիսացող գյուղական վայրում չկա ո՛չ բանկ, ո՛չ բանկոմատ: Վերը նշված թոշակառուների բազմությունը զրկվում էր քեշբեք ստանալու իրավունքից, բայց չէր զրկվում թոշակներից: Մայիսից իրավիճակը փոխվել է, եւ նրանց մի մասը կզրկվի ոչ միայն քեշբեքից, այլ նաեւ օրենքով իրենց հասանելիք թոշակը ստանալու հնարավորությունից:

Բանն այն է, որ, մայիսից սկսած, ոչ միայն «Հայփոստն» է դադարեցրել թոշակների վճարումը, այլ նաեւ Կենտրոնական բանկը սովորական նույնականացման մասին իր նախկին որոշումը համարել է ոչ բավարար եւ դրան գումարել է նաեւ էլեկտրոնային նույնականացման պահանջ:

Բացատրեմ, թե ինչ է դա: Թոշակառուն, նաեւ՝ գյուղում բնակվողը, արդի էլեկտրոնային սարքերից օգտվել չիմացողը, նաեւ՝ վատառողջ եւ ծանր հիվանդը ոչ միայն պետք է իր սուղ միջոցների հաշվին ձեռք բերի գուցե իր համար ոչ պետքական սմարթֆոն, այլեւ դրա մեջ պետք է ունենա էլեկտրոնային փոստի հասցե եւ կարողանա օգտվել դրանից: Եվ անձամբ ներկայանալուց, անձնագիրը ներկայացնելուց եւ հարցաթերթիկ լրացնելուց բացի, ինչը նախկին նույնականացման պահանջն էր, այժմ պետք է կատարի լրացուցիչ գործողություններ: Նա sms-ով պետք է ստանա կոդ, այդ կոդով կարողանա բացել իր էլեկտրոնային հասցեին եկած նամակը եւ այնտեղ եղած կոդը պետք է ներկայացնի իր ինքնությունը ստուգող բանկի աշխատակցին: Եվ դա պետք է անի թոշակառուն, որի մեկ ամսվա թոշակով հազիվ հնարավոր է գնել ամենաէժան սմարթֆոնը: Այսինքն, հենց այն ընտրողը, որին հեշտությամբ խաբում եւ նրա ձայնին են տիրանում իշխանության ձգտողներն ու դրան հասնողները: Որոնք, սակայն, հասկանալով վատառողջ տարեցների, հաշմանդամների պրոբլեմները, բայց ցանկանալով ստանալ այդպիսի ընտրողի քվեն, պատրաստ են տրամադրել նրան փոխադրամիջոց, ուղեկցել ընտրատեղամաս, բացատրել, թե ինչպես է պետք լրացնել քվեաթերթիկը: Մինչդեռ արդար կլիներ, որ իշխանությանը տիրանալուց հետո ոչ թե ստորացնեին թոշակառուներին՝ ստիպելով ապացուցել, որ նրանք դեռեւս շնչում են, այլ՝ եթե կասկածում են, սոցիալական ծառայությունների աշխատակիցների միջոցով ստուգեին կասկածելի համարվողներին: Նկատենք, որ այսօր եւս, հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները հնարավորություն ունեն փոխելու տեղամասը՝ ընտրելով այնպիսին, որը հարմարեցված է հենաշարժական խնդիրներ ունեցողների համար: Նկատենք, որ 1996 ընտրատեղամասից 621-ն այդպիսին են: Մինչդեռ, նույնիսկ նույն կատեգորիայի թոշակառուներին զրկել են իրենց թոշակը փոստատարների օգնությամբ ստանալու իրավունքից:

Ինչի է հանդիպելու «Հայփոստից» իր թոշակը ստանալու իրավունքից զրկված թոշակառուն: Եթե նա անձնագրից բացի ներկայացնի նաեւ ID քարտ, որը, ուշադրություն, հայերենով կոչվում է նույնականացման քարտ, աշխատակիցը նրան կասի, որ դա եւս բավարար չէ նույնականացման համար: Եթե նույնիսկ այդ թոշակառուի անձնագիրը լինի կենսաչափական, որի մեջ զետեղված են նրա մատնահետքերը, դա նույնպես չի համարվի բավարար: Մինչդեռ այդպիսի անձնագիրը նույնականացման համար բավարար է համարվում նույնիսկ Շենգեն գոտու երկրներ այցելելու համար:

Հետեւաբար, այդ կրկնակի նույնականացումը մոգոնած պաշտոնյաները կա՛մ ծանոթ չեն ՀՀ թոշակառուների իրական վիճակին, կա՛մ էլ իրենց այդ նորամուծության արդյունքում ցանկանում են արհեստականորեն թեթեւացնել պետբյուջեի ծանրաբեռնվածությունը՝ զրկելով ՀՀ քաղաքացիների մի մասին իրենց աշխատանքի, տարիքի կամ էլ այլ արժանիքների համար նրանց վաստակած թոշակներից: Մինչդեռ չունեն այդպիսի իրավասություն:

Հասկանալի է, որ բանկից քեշբեք ստանալ ցանկացողների համար ԿԲ-ն կարող է դնել լրացուցիչ պայման, բայց թոշակ ստանալու իրավունքը չի կարելի սահմանափակել Կենտրոնական բանկի կողմից մոգոնած պայմանով: Դրանով ԿԲ-ն ոչ միայն գերազանցել է իր իրավասությունը, այլեւ խախտել է օրենքը: Ինչո՞ւ․ որովհետեւ, ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, քաղաքացին իրավունք ունի ստանալու իրեն նշանակված թոշակն առանց որեւիցե լրացուցիչ պայմանի: Անհրաժեշտ է միայն, որ «կենսաթոշակի իրավունք ունեցող անձն օրենսդրությամբ սահմանված կարգով դիմի կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում, եւ նրան նշանակվի կենսաթոշակ»:

Ի դեպ, նույնականացվելու կրկնակի ստուգումից բացի, անհրաժեշտ է նաեւ լրացնել ծավալուն մի հարցաթերթիկ, որի հարցերը կապ չունեն նույնականացման կամ թոշակ ստանալու քաղաքացու իրավունքի հետ: Նույնիսկ այն հարցերը կապ չունեն, թե արդյո՞ք թոշակառուն ունի Հայաստանից բացի այլ երկրի քաղաքացիություն կամ էլ՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Անկախ այդ ամենից, ՀՀ քաղաքացին, որը մշտապես կամ առավելապես բնակվում է Հայաստանում եւ չի ստանում այլ երկրի թոշակ, պետք է ստանա հայաստանյան իր թոշակը:

Նախազգուշացնենք նաեւ, որ չի բացառվում, որ ընտրություններից հետո կարող է տուժեն ընդհանրապես բոլոր թոշակառուները: Բանն այն է, որ թոշակների բարձրացման մասին որոշումը մի քանի ամիս անց կարող է հանդիպել խոչընդոտների, քանի որ այդ ավելացումը ներառված չէ այս տարվա պետբյուջեում եւ վճարվում է կառավարության պահուստային ֆոնդից: Մինչդեռ, ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, այն պետք է վճարվի պետբյուջեի միջոցներից: Բայց եթե բոլոր թոշակառուների տուժելու հարցը 100 տոկոսանոց չէ, ապա հոդվածիս մեջ նշված ամենախեղճ ու անպաշտպան թոշակառուների մի մասը հաստատ կտուժի: Այդ մարդիկ կզրկվեն ոչ միայն թոշակի ավելացումից, այլ նաեւ, փաստորեն, ընդհանրապես կզրկվեն թոշակ ստանալու իրենց իրավունքից, քանի որ ի վիճակի չեն լինի իրականացնել ԿԲ զավեշտալի կրկնակի նույնականացումը: Զավեշտալի, որովհետեւ նախկին նույնականացումը լրիվ բավարար էր քեշբեքը ստանալու համար: Իսկ եթե չինովնիկների մոտ առաջանում են կասկածներ, նրանք՝ իրենք պետք է անցկացնեն ստուգումներ եւ բացահայտեն խախտումները, այլ ոչ թե քաղաքացիներից պահանջեն ապացուցել, որ վերջիններս խաբեբաներ չեն:

Գրիգոր Էմին-Տերյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը բարկացած հաշիվ է պահանջել Պենտագոնի ղեկավարից

Թրամփը բարկացած հաշիվ է պահանջել Պենտագոնի ղեկավարից Fri, 22 May 2026 20:30:00 +0400 Վերջերս տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով