Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Կիլիան Մյորֆի. դերասան, որը կարողանում է պահել իր դիմագիծը

Կիլիան Մյորֆի. դերասան, որը կարողանում է պահել իր դիմագիծը

Tue, 26 May 2026 23:30:57 +0400


Ժամանակակից կինո­ար­վեստում սովորաբար շատ դժվար է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում, լինել քննարկվող։ Դրա համար պետք է գրեթե մշտապես ներկա լինես սոցկայքերում, աղմկոտ հարցազրույցներ տաս, քո մասին նյութերը մամուլում հրապարակվեն սկանդալային վերնագրերով։ Այս ամբողջ թոհուբոհի մեջ իռլանդացի դերասան Կիլիան Մյորֆին, կարելի է ասել, քիչ բացառություններից է։ Նա համարյա իր անձնական կյանքի մասին չի խոսում, խուսափում է հոլիվուդյան բոհեմական կյանքից եւ նախընտրում է, որ իր մասին խոսեն իր կերտած դերերը։ Թերեւս դրա համար էլ առաջին հայացքից նրա համաշխարհային հռչակն ու փառքը մի փոքր անսովոր կարելի է համարել։

Նրա կենսագրությունն ու անցած ուղին ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ չի էլ ցանկացել դառնալ համաշխարհային հռչակ ունեցող դերասան, սակայն դարձել է՝ պարզապես այն պատճառով, որ «երկնային ուժերը նրա կողմից են եղել»։ Մյորֆին ծնվել է 1976 թվականի մայիսի 25-ին, իռլանդական Քորք քաղաքում։ Վաղ տարիքում լրջորեն հետաքրքրվել է երաժշտությամբ, նույնիսկ հանդես է եկել ռոք-խմբում՝ եղբոր հետ։ Սակայն աստիճանաբար նախ՝ թատրոնը եւ ապա՝ կինոարվեստը նվաճել են նրան եւ տեղ չեն թողել երաժշտությամբ զբաղվելու համար։ Դերասանական կարիերան սկսել է թատերական բեմից։ Նրա առաջին լուրջ աշխատանքը Disco Pigs պիեսն է, որը հետո էկրանավորվել է։ Լայն ճանաչում է գտել 28 Days Later կինոնկարի թողարկումից հետո, որի ռեժիսորն էր Դենի Բոյլը։ Այն 21-րդ դարասկզբի բրիտանական սարսափ կինոնկարների շարքում ամենահայտնի օրինակներից է, իսկ Ջիմի կերպարը՝ Մյորֆիի մարմնավորմամբ, ճանաչելի է դառնում Իռլանդիայի սահմաններից շատ հեռու։ Հետագայում Մյորֆին խոստովանում է, որ հենց այդ կինոնկարն է ճանապարհ բացել իր համար միջազգային կինոարվեստի համար։ Հատկապես կարեւոր էր Մյորֆիի եւ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի համագործակցությունը։ Նրանց համագործակցությունը սկսվել էր Batman Begins-ով, որին հաջորդել էին Inception, Dunkirk կինոնկարները եւ, վերջապես՝ Oppenheimer-ը։ Հենց ֆիզիկոս Ջի․ Ռոբերտ Օփենհեյմերի կերպարի մարմնավորումն է, որ Մյորֆիին բերում է համաշխարհային ճանաչման նոր մակարդակ։ Գիտնականի կերպարը մարմնավորելու համար դերասանը խիստ նիհարում է, շատ է աշխատում պատմական նյութերի վրա, փորձում է ցույց տալ ոչ միայն իր հերոսի ինտելեկտը, այլ նաեւ ներքին ողբերգականությունը։ Քննադատները նրա խաղն անվանում են «մագնիսական» եւ «հիպնոսային»։

2024-ին Մյորֆին ստանում է «Օսկար»՝ լավագույն դերի համար՝ դառնալով առաջին իռլանդացին, որն այդ կատեգորիայում ստանում է նման բարձր մրցանակ։ Միլիոնավոր երկրպագուների համար, սակայն, նա շարունակում է մնալ Թոմաս Շելբին՝ Peaky Blinders սերիալից։ Սառը հայացք, զուսպ պահվածք եւ շարժուձեւ, չոր խոսվածք, ներքին լարվածություն. այս գծերի շնորհիվ էլ Թոմասի կերպարը դառնում է կուլտային։ Հետաքրքիր է այն, որ նախապես սերիալի ստեղծողները կասկածել են, թե այդ դերի համար արդյոք Մյորֆին հարմա՞ր է։ Ասում են, որ անձնական ինքնավստահության շնորհիվ է Մյորֆին այդ դերը ստացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել

500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Sun, 04 Oct 2026 …