Չորեքշաբթի , 27 Մայիսի 2026

«Հրապարակ». Իշխանական քարոզչամեքենան կեղծել է IRI-ի հաղորդած տվյալները

«Հրապարակ». Իշխանական քարոզչամեքենան կեղծել է IRI-ի հաղորդած տվյալները

Wed, 27 May 2026 10:15:45 +0400


Սկիզբը՝ այստեղ

Թերեւս, սա է բացատ­րու­թյունը, թե ինչու էր Փաշինյանն անցյալ շաբաթ, խելագարված, Երեւանի փողոցները չափչփում, ում վրա ասես՝ բղավում։ Կարծում եմ՝ այն, որ Սամվել Կարապետյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինքը դրան չի խոչընդոտելու, հետեւաբար՝ հնարավոր է, որ Կարապետյանն էլ կազմավորելու է հաջորդ կառավարությունը, Փաշինյանը գիտակցել է դեռ անցյալ տարեվերջին, երբ Սամվել Կարապետյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Սակայն մի բան է Սամվել Կարապետյանի՝ իշխանության գալու հնարավորությունը գիտակցելը, բոլորովին այլ բան է իրականությանը բախվելը, որ այդպես պատահում է։ Դա ոչ միայն Սամվել Կարապետյանի մտածված, ծրագրված ընտրարշավից է տեսանելի, երբ իր գիտակից եւ հավասարակշիռ դիրքորոշմամբ Կարապետյանն ակնհայտորեն Արեւմուտքին նախընտրող, Փաշինյանին մերժող հսկայական ընտրազանգվածին բերում է ընտրության մասնակցելու տրամադրության եւ հավակնում է նրանց ձայներին։ Այդ տեղաշարժը IRI-ն է արձանագրում՝ ի դեմս ամենադինամիկ ընդդիմադիր մրցակցին հասանելի՝ քվեների 44% ռեսուրսի՝ Փաշինյանի 32%-ի դիմաց։

Ավելին, IRI-ի փետրվարին անցկացված եւ հրապարակված հարցախույզում, որտեղ հեռախոսազանգեր ստացած քաղաքացիների ավելի մեծ տոկոսն է համաձայնել մասնակցել հարցախույզին՝ 22%, Փաշինյանին ընտրող քաղաքացիների թիվը եղել է 32%-ից շատ ավելի ցածր՝ 24%: Հասկանալի է, մայիսին ոչ թե Փաշինյանի վարկանիշն է բարձրացել (ինչը տարօրինակ կլիներ), այլ հարցախույզի մասնակիցների տոկոսն է նվազել՝ 22%-ից 16%, ինչի արդյունքում էլ պրոնիկոլական դիրքորոշում ունեցողների տեսակարար կշիռը հարցվողների թվում մեծացել է։
Փաշինյանի ձայները 24%-ի՞ն ավելի մոտ կլինեն, թե՞ 32%-ին, կերեւա հունիսի 7-ին։ Թե Սամվել Կարապետյանը չկողմնորոշված կամ իր ընտրությունը բացահայտելուց հրաժարվող 44% ռեսուրսի որ մասը կհաջողի դարձնել «Ուժեղ Հայաստանի» ձայներ, նույնպես կերեւա հունիսի 7-ին։ Մաղթենք, որ Սամվել Կարապետյանը տանի բոլոր 44% ռեսուրսային ձայները, Նիկոլ Փաշինյանն էլ գիտակցի, որ 24-32% ձայներով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը եւ ընդդիմադիր օթյակը խորհրդարանում՝ ինքը եւ ՔՊ-ն ավելի մեծ ծառայություն կարող են մատուցել Հայաստանին, քան իշխանության ղեկին գտնվելով են կարողացել անել։ ՔՊ-ն իշխանությունում միայն խորացնում է ներհասարակական անտագոնիզմը, մինչդեռ խորհրդարանական ընդդիմության դերում կդառնա այն անվտանգային բարձիկը, որը թույլ չի տա Հայաստանի խոտորում պրոարեւմտյան քաղաքական կուրսից։ Կարապետյանը կկարողանա հավասարակշռել, սակայն չի կարողանա շեղվել։ IRI-ի հարցախույզի տվյալները (դժվար է ասել՝ որքանով իրական, որքանով կամային) այդ սցենարն են ուրվագծում։

Այժմ վերջինը, փաշինյանական քարոզչամեքենայի կեղծարարությունները IRI հարցախույզի թեմաներով։ Որտեղից էր քարոզչամեքենան Փաշինյանի՝ իբր 38% վարկանիշ ունենալու սուտը գեներացրել եւ նետել լրատվադաշտ՝ մարդկանց մոլորեցնելու համար։ Քանի որ IRI-ի հարցախույզն անցկացրել է Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում տեղակայված հայաստանյան մի ընկերություն՝ Breavis անվանումով, որի հիմնական հաճախորդների թվում է ՀՀ կառավարությունը, նրանք այնպիսի հարցեր եւ գրաֆիկաներ են ներառել հարցախույզի մեջ, որը հետո ՀՀ իշխանական քարոզչամեքենային թույլ տա ցուցանիշներ մանիպուլացնել եւ հասարակությանը մոլորեցնել։

38%-ն ի՞նչ թիվ է։ IRI-ի հարցախույզի 31-րդ էջին (հոդվածին կից կայքում տեղադրվում է) «Ասացեք, խնդրեմ, Դուք ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում» հարցն է եւ IRI-ի հարցմանը մասնակցած 16% քաղաքացիների պատասխանները։ Ինչպես տեսնում ենք էջից, ՀՀ քաղաքացիների 16%-ի 32%-ն ընտրում է Փաշինյանին։

Հարցախույզի 35-րդ էջին (հոդվածին կից կայքում տեղադրվում է) նույն՝ «Ասացեք, խնդրեմ, Դուք ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում» հարցն է, որին պատասխանում են արդեն ոչ թե հարցմանը մասնակցած 16% քաղաքացիները, այլ այդ 16%-ից միայն նրանք, ովքեր ասել են, թե իրենք, մեծ հավանականությամբ, կմասնակցեն հունիսի 7-ի ընտրությանը (Spontaneous response։ among those who say they are Very likely to vote, n=1,186): Այդ խումբը կազմում է 16%-ի 79%-ը (հարցախույզի 30-րդ էջ, հոդվածին կից կայքում տեղադրվում է)։ Այդ 79%-ի 38%-ն է, որ ընտրում է Փաշինյանին։

Ձեռնածությունը, կարծում եմ, ամենքն ընկալեցին, հարցը հաշվարկով եւ դիտավորությամբ կրկնվել է հարցախույզի մասնակիցների ավելի փոքր սեկտորի համար, որպեսզի Փաշինյանին կողմ ձայների ավելի մեծ թիվ ստացվի եւ որեւէ էջի վրա երեւա։ Հետո արդեն՝ երկրորդ քայլով իշխանական քարոզչամեքենան դա կեղծարարությամբ հասարակությանը մատուցել է որպես հայաստանցիների կողմից Փաշինյանին տրվող ձայներ։ Հարց-ձեռնածություն հնարավոր է եղել հարցախույզում ներառել, հետո էլ իշխանական քարոզչամեքենային մանիպուլացնել եւ տարածել որպես Փաշինյանին հայաստանցիների աջակցություն, շնորհիվ այն բանի, որ հարցախույզն անցկացնում է Երեւանում գործող հայաստանյան կազմակերպություն, որի գլխավոր հաճախորդների թվում է ՀՀ կառավարությունը։
Մյուս՝ ավելի ցնցող կեղծիքը․ IRI-ի հարցախույզի 8-րդ էջում (հոդվածին կից կայքում տեղադրվում է) այսպիսի հարց է․ «Ընդհանուր առմամբ, Ձեր կարծիքով՝ Հայաստանն ընթանում է ճի՞շտ ուղղությամբ, թե՞ սխալ»։ IRI-ի հարցմանը մասնակցած 16% քաղաքացիների 61%-ը, ինչպես տեսնում ենք, պատասխանել է, թե երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 28%-ը՝ թե ընթանում է սխալ ուղղությամբ։ Այնուհետեւ նույն էջի վրա, ըստ կուսակցական նախընտրությունների, պատասխաններ են ներկայացված։ ՔՊ-Փաշինյան նախընտրողների 95%-ը գտնում է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ, Սամվել Կարապետյան-«Ուժեղ Հայաստան» նախընտրողների 83%-ը գտնում է, որ Հայաստանն ընթանում է սխալ ուղղությամբ։

Ահա, այս տվյալները (մի կողմ թողնենք` որքանով հավատարժան կամ ոչ), ինչպե՞ս է կեղծել Հայաստանի իշխանական քարոզչամեքենան։ Նրանք «Արմենպրեսով» տարածել են լուր՝ «IRI-ի նոր հարցման մասնակիցների 61 տոկոսը կարծում է, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ» վերնագրով (հասանելի է hղումով), որում ասվում է․ «Մասնակիցների 95 տոկոսը կարծիք է հայտնել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 2 տոկոսը՝ սխալ, 3 տոկոսը չգիտի կամ հրաժարվել է հարցին պատասխանելուց։ Հարցման մասնակիցների միայն 9 տոկոսն է համարում, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 83 տոկոսը պատասխանել է, որ կուսակցությունը սխալ ուղղությամբ է ընթանում, 8 տոկոսը չգիտի կամ հրաժարվել է հարցին պատասխանելուց»։
Ահա, այս կարգի բարոյազրկություն, ստախոսություն եւ կեղծարարություն։ Իսկ ամենաէականը՝ այս կարգի փուչիկներ փչելու ու դրանցից կախվելու հուսահատություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սատանային չբզբզելու ժամանակը

Սատանային չբզբզելու ժամանակը Tue, 26 May 2026 18:45:37 +0400 Որոշել ես մի այնպիսի բան անել, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով