Չորեքշաբթի , 27 Մայիսի 2026

Չճանաչել ամերիկացիների նշանակման օրինականությունը

Չճանաչել ամերիկացիների նշանակման օրինականությունը

Wed, 27 May 2026 18:15:44 +0400


Արեւմուտքը մեծացնում է ճնշումը հայ հասարակության վրա․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան է գալիս, որպեսզի ցույց տա, որ Հայաստանում իշխանության հարցը որոշողը ոչ թե հայ ընտրողներն են, այլ՝ իշխանության արեւմտյան տերերը, եթե իրենք որոշեն, որ Փաշինյանը մնալու է, ուրեմն հենց այդպես էլ լինելու է: Բայց Մարկո Ռուբիոյի այցը ցույց է տալիս նաեւ, որ ԱՄՆ իշխանություններն այնքան էլ վստահ չեն իրենց դրածոյի հաղթանակի մեջ, եթե վստահ լինեին, այցի անհրաժեշտություն չէր լինի:
Ամերիկացիների եւ, ընդհանրապես, գերտերությունների համար արժեքներն ու սկզբունքները որեւէ նշանակություն չեն ունեցել: Հայտնի են ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի խոսքերը՝ ասված Նիկարագուայի բռնապետ Անաստասիո Սամոսայի մասին․ երբ նրան հարցրել են, թե ինչպես է վերաբերվում նրա չարագործություններին, Ռուզվելտը պատասխանել է. «Գուցե նա իսկապես շանորդի է, բայց մեր շանորդին է»: Սրա միակ իմաստն այն է, որ մեզ ծառայող վարչախմբերի պարագլուխների գործած հանցագործությունների նկատմամբ մենք հանդուրժող ենք, պատրաստ ենք աչք փակել: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին. ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում շատ լավ գիտեն, թե ինչպիսի հակամարդկային բռնապետություն է կառուցում Փաշինյանը, բայց ոչ միայն աչք են փակում դրա առաջ, այլեւ սիրահոժար աջակցում են այդ ռեժիմի վերարտադրությանը: Ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքներն այն գործիքներն են, որոնք գործադրվում են որպես միայն անհնազանդ իշխանությունների դեմ պայքարում ճնշում գործադրելու միջոց, մյուս բոլոր դեպքերում դրանք անպետք են եւ մոռացված:

Ընդհանրապես, ցանկացած իշխանության հիմքը դրա լեգիտիմությունն է, օրինականությունը: Լեգիտիմության աղբյուրը սեփական հասարակությունն է, երբ հասարակությունն ընդունում է, որ ինքն է ձեւավորել այդ իշխանությունը եւ դրան տվել որոշակի ժամանակով իրեն կառավարելու լիազորություններ: Այդ լեգիտիմությունը խարսխված է հասարակության կողմից ընտրությունների` դրանց պաշտոնական արդյունքները ճանաչելու վրա: Երբ հանրային գիտակցությունն ընդունում եւ ճանաչում է, որ ընտրությունների հրապարակված արդյունքներն իրականում արտահայտում են իրենց ընդհանրական քվեարկությունը, դրանով ճանաչում է նաեւ իշխանության օրինականությունը: Եթե 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հասարակությանը կամ գոնե դրա մեծամասնությանը հնարավոր եղավ համոզել, որ ընտրությունների արդյունքներն օրինական են, որ իսկապես մեծամասնությունը քվեարկել է Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, հիմա դա այլեւս անհնար է անել:

Փաշինյանի քարոզարշավի ընթացքը, երբ մարդիկ իր ներկայությամբ արտահայտում են մերժողական վերաբերմունք, երբ այդ հավաքների մասնակիցների մեծ մասը պարտադրաբար եւ ճնշման միջոցով բերված պետական աշխատողներ են ու անչափահաս դպրոցականներ, հազարավոր շարքային մարդկանց հրապարակային արտահայտած բացասական դիրքորոշումը, ընդդիմադիր կուսակցությունների հանդիպումներին հավաքվող տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունը ցույց են տալիս, որ ռեժիմը կորցրել է իր հանրային վստահությունը: Ինչ արդյունք էլ հրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե դրանով հռչակվի Փաշինյանի եւ ՔՊ-ի հաղթանակը, միեւնույն է` մարդիկ, հասարակությունը համոզված են լինելու, որ ընտրությունների արդյունքը կեղծվել է, որ իրենք քվեարկել են այլ կուսակցությունների օգտին, իսկ պաշտոնական արդյունքով արձանագրվել է այլ բան: Ընտրություններով ռեժիմը զրկվելու է ներքին լեգիտիմությունից, քանի որ հասարակությունը մերժելու է՝ ճանաչել իշխանության օրինականությունը, հրաժարվելու է ճանաչել նրանց կառավարելու իրավունքը:

Ահա՝ այստեղ է, որ ի հայտ են գալիս տարբեր տեսակի մարկոռուբիոները, կայակալլասները եւ ուրսուլաֆոնդերլայենները: Ներքին լեգիտիմությունը կորցրած ռեժիմը փորձում է ստանալ արտաքին լեգիտիմություն: Եթե ներքին լեգիտիմության աղբյուրը հասարակությունն է, ապա արտաքին լեգիտիմության աղբյուրը տարբեր երկրներ ու դրանց ղեկավարներ են, որոնք հայտարարում են, որ ճանաչում են այս կամ այն ռեժիմի օրինականությունը, հենց այդ ռեժիմին են ճանաչում Հայաստանի օրինական ներկայացուցիչ՝ անկախ նրանից, թե սեփական հասարակությունն ինչպես է վերաբերվում այդ ռեժիմին: Փաշինյանի միակ հույսը մնացել է արտաքին աջակցությունը, որ իրեն կառավարելու լիազորություն տա, ոչ թե սեփական հասարակությունը, այլ ինքը նշանակվի դրսից, արտաքին ուժեր ճանաչեն իրեն Հայաստանի իշխանություն:

Արդյո՞ք արեւմտյան աջակ­ցությունը բավարար է, որ Փաշինյանը կարողանա վերարտադրվել, կարողանա կեղծիքով եւ բռնությամբ պահել իշխանությունը: Ամեն ինչ կախված է հասարակությունից եւ հատկապես՝ ընդդիմադիր առաջնորդներից: Եթե նրանք միասնաբար չճանաչեն կեղծված ընտրությունների արդյունքները եւ հասարակությանն ըմբոստության ու դիմադրության կոչ անեն, ռեժիմը չի դիմանա, անկախ այն բանից, թե ինչ կասեն ամերիկացիները կամ եվրոպացիները: Խնդիրն այն է, որ իշխանության արեւմտյան տերերը փորձելու են ճնշում գործադրել նաեւ ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ, նրանց եւս համոզել՝ ճանաչել իրենց դրածոյին, ճանաչել իրենց նշանակման օրինականությունը: Հիմա արդեն պարզ է, որ Հայաստանի ընդդիմությունը պատրաստ է ընդդիմանալ արտաքին թելադրանքին եւ չճանաչել ամերիկացիների ու եվրոպացիների որոշման օրինականությունը: Գոնե ինձ այդպես է թվում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչի մասին էր իրականում Ռուբիոյի այցը․ Դավիթ Անանյան

Ինչի մասին էր իրականում Ռուբիոյի այցը․ Դավիթ Անանյան Wed, 27 May 2026 11:58:51 +0400 Մարկո …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով