Տոնական օրվա մտորումներ՝ Հայկական պետականության պատմության մասին
Thu, 28 May 2026 17:15:47 +0400

Մայիսքսանության տոնական օրվա առիթով թերեւս տեղին է խոսել առհասարակ մեր պետականության եւ պատմության հետ կապված որոշ հարցերի մասին։ Գուցե մասնագետները ինձ հետ չհամաձայնեն, բայց կարծում եմ, որ Աստված մեզ բախտավորություն է շնորհել ազգերի ընտանիքում։ Այո, համաձայն եմ՝ դարեր շաունակ տեսել ենք ցավ, տառապանք ու կորուստներ, նաեւ՝ Ցեղասպանություն, բայց այդ ամենով հանդերձ՝ մի քանի հնարավորություններ ենք ունեցել պետականություն ստեղծելու կամ վերստեղծելու։ Ամեն ազգի չէ, որ նման բախտ է վիճակվում։ Ընթերցողը կհիշի, որ տարիներ առաջ քրդերն Իրաքում հանրաքվե նախաձեռնեցին ու փորեցին ստեղծել քրդական պետություն։ Աշխարհը չընդունեց ու փորձը մնաց ձախողված կամ կիսատ։ Մեր դեպքում Աստված ավելի «շռայլ» է գտնվել։ Երվանդունիների Հայաստանից մինչեւ Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստանից մինչեւ Առաջին Հանրապետություն կամ Խորհրդային Հայաստան ու այսօրվա Հայաստանի Հանրապետույուն, մենք ստեղծել, կորցրել ու վերստեղծել ենք պետականություն։
Իհարկե՝ ինչպես հիմա է ընդունված ասել՝ անկախության ու ինքնիշխանության տարբեր մակարդակներ ենք ունեցել, սակայն ամեն դեպքում՝ կարողացել ենք պետականաստեղծ ազգի մեր համբավը պահպանել։ Սա կարեւոր համբավ է ու ամեն ազգի չէ որ տրված է։ Ու հիմա, երբ աշխարհակարգի փոփոխման համատեքստում, գտնվում ենք լուրջ վերադասավորումների հորձանուտում, վերստին առարկայական է դառնում պետականության հարատեւության ապահովման ու պահպանության հարցը։ Ու կրկին հռետորական հարց է առաջանում, թե որքանով ենք մենք դասեր քաղել անցյալից, որքանով ենք հետեւություններ արել անցյալի թե հաջողություններից, թե ձախողումներից։
Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, մեծ հաշվով պրոդուկտն է Խորհրդային Հայաստանի։ Ամեն ինչով ՀՀ-ն ՀԽՍՀ իրավահաջորդն է ու ժառանգության տերը։ Իսկ ՀԽՍՀ-ն դա ռուսական պրոյեկտ է, եթե այդպես կարելի է ասել՝ ստեղծված Առաջին Հանրապետության փլատակների վրա։ Որքան էլ փախչենք դրանից, պատմական փաստ է։ Ու ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչու ենք մենք հիմա փորձում խուսափել ռուսների հետ մեր ունեցած համատեղ պատմությունից, ինչու ենք զբաղված ռուսների դեմոնիզացիայով կամ ինչու չենք կարող լեզու գտնել ռուսների հետ։ Այն դեպքում, երբ միջնադարից սկսած հարաբերություններ ենք ունեցել որպես պետություն չունեցող եւ օտար կայսրությունների տիրապետության տակ գտնվող ժողովուրդ՝ Ռուսաստանի հետ։ Ես հասկանում եմ, որ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են վարել բալանսավորված քաղաքականություն, փորձում են հավասարակշռել արտաքին քաղաքականությունը, դրանում տեսնելով նաեւ հայկական պետականության հարատեւությունը։ Արշակունիների ժամանակ էլ է նման փորձ եղել։ Սակայն չեմ հասկանում, թե ինչ կարիք կա առանց ռեալ այլընտրանքների գոյության եղած կամուրջներն այրելը ռուսների հետ։ Գիտենալով ընդ որում, որ գուցե ռուսները կարող են լավ դաշնակից չլինել, բայց ռուսները հաստատ ահավոր վատ թշնամիներ են։ Այլ խոսքով՝ ինչ իմաստ ունի, եթե չգիտես, որ երկուշաբթի նոր աշխատանքի ես անցնելու, դրան նախորդած ուրբաթ օրը ունեցածդ աշխատավայրում կրճատման դիմում գրելը։ Հատկապես, երբ Առաջին Հանրապետության դասը կա կապված այն բանի հետ, որ «Արեւմուտքը մեծ հաշվով թքած ունի մեզ վրա եւ մի գեղեցիկ օր կարող է պայմանավորվել Ռուսաստանի հետ, ու մենք ենք անիմաստ որպես «խուրդա՝ խուրդվելու գնանք»»։ Հատկապես, որ Արեւմուտքը դա չի էլ թաքցնում, եւ վրացիների հայտնի օրինակը կա․ երբ վրացական գործող քաղաքական մեծամասնությունից բարձրաստիճան ներկայացուցիչների ասել են, թե պետք է, որ Վրաստանը երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ։ Ու երբ պատասխան են ստացել Թբիլիսիից, թե իրենք չեն կարող ռուսների հետ պատերազմել, իրենց կկոտորեն, Արեւմտյան պատասխանը եղել է այսպիսին՝ «հոգ չէ, դուք չորս միլիոն եք, հո բոլորիդ չեն կարողանա կոտորել, տակը մի բան կմնա էլի վրաց ժողովրդից»։
Նաեւ՝ չեմ հասկանում պատմության որոշ պարզ ճշմարտությունները հաշվի չառնելը։ Եթե ժամանակին՝ 1441 թվականին, օրվա մահմեդական իշխանավորները թույլ չտային, որ Ամենայն Հայոց կաթողիկոսությունը երբեմնի Կիլիկյան Հայաստանից վերադարձվեր Հայաստան, ապա խիստ կասկածելի է, թե Հայաստանի Հանրապետության տարածքում հիմա առհասարակ հայություն կլիներ, որպես բնակչության մեծամասնություն կամ առհասարակ՝ լուրջ տոկոսային կշռով բնակչություն, որի բազայի վրա՝ արդեն 200-250 տարի անց՝ տեղի՝ ժամանակակից կրոնական եւ աշխարհիկ հայկական էլիտան մտածեր հայկական պետականության վերականգնման համար եւ Իսրայել Օրուն ուղարկեր բանակցությունների՝ այն ժամանակվա աշխարհի «գեոպոլիտիկ ուժային կենտրոնների» մոտ այդ օրակարգով։ Կաթողիկոսության վերադարձը նպաստեց, որպեսզի հայությունն էլ աստիճանաբար վերադառնա իր պատմական բնօրրան՝ համախմվելով Հայրապետական Աթոռի շուրջ։ Ես հասկանում եմ իհարկե, որ Հայաստանի գործող իշխանություններն ուզում են ունենալ իրենց ենթակա կրոնական վերնախավ։ Սակայն չեմ հասկանում թե ինչու Հայաստանի գործող իշխանությունները Խորհրդային Հայաստանի դասը չեն քաղում։
Խորհրդային Հայաստանում գոնե սկսած 1940-ական թվականներից եւ Արցախի հարցն է եղել եւ Արեւմտյան Հայաստանի։ Իհարկե՝ Մոսկվան ոչ մեկին է ընթացք տվել, ոչ մյուսին, բայց նույնիսկ կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաները այդ հարցերը քննարկել են։ Ու Առաքելական եկեղեցին այդ ամենում ամենեւին էլ լուսանցքային դերում չի եղել։ Մի կողմից Երեւանը ի դեմս ՀայԿոմԿուսի վերնախավի, հյուրընկալել է «եղբայրական Բաքվից» ժամանած պատվիրակության, ընթացել Մոսկվայի գծած «ժողովուրդների եղբայրության» գծով, մյուս կողմից՝ փոքր ինչ հնարավորության դեպքում փորձել «հայկական խնդիրները» բարձրաձայնել կամ արծարծման թեմա դարձնել։ Ու դժվար թե օրինակ Մոսկվան Յակոբ Զարոբյանին, Անտոն Քոչինյանին կամ Կարեն Դեմիրճյանին համարեր «ռեւանշիստ» կամ «սեպարատիստ» կամ «նացիոնալիստ»։ Խնդիրը ճկունության կամ դիվանագիտական հմտության գործադրման մեջ է։ Ու հիմա, երբ օրինակ Ս․ Էջմիածնում խոսում են Արցախի մասին, դա լիովին նորմալ է, որովհետեւ ժամանակին էլ խոսել են ապրիլի 24-ի մասին, նախքան 65 թվականի ապրիլյան «մեծ պոռթկումը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր