Կարևոր որոշումներ են կայացվելու․ Պուտինը՝ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովի մասին
Fri, 29 May 2026 10:30:00 +0400

Մայիսի 29-ին Աստանայում կանցկացվի ԵԱՏՄ գագաթնաժողովը։
Հայաստանն այս ներկայացուցչական հավաքին ներկայացնելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու և դա բացատրել է քարոզարշավով իր զբաղվածությամբ։
Ավելի վաղ տեղեկություններ են շրջանառվել, որ այսօր մեկնարկելիք գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ։
Հավելենք, որ Երևանի կողմից ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի նախընտրության թեման վերջին օրերին դարձել է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ բուռն քննադատությունների առիթ։
Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարեց Ղազախստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ կայացվելիք մի շարք կարևոր որոշումների մասին․
«Գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ կընդունվեն, որոնք ուղղված են մեր ինտեգրացիոն համագործակցության խորացմանը»,- ռուս-ղազախական բանակցություններից հետո ասել է ՌԴ ղեկավարը։
Պուտինը նշել է ԵԱՏՄ-ում Ղազախստանի հաջող նախագահությունն այս տարի։ Ռուսաստանի առաջնորդը պետական այցով Ղազախստանում է մայիսի 27-29-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր