«Հրապարակ». Հետապնդումները ցանկալի էֆեկտ չեն տալիս․ մարդիկ այլեւս չեն վախենում
Fri, 05 Jun 2026 08:45:21 +0400

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» ամփոփիչ հանրահավաքը մեծ արձագանք է գտել իշխանական եւ իշխանամերձ շրջանակներում։ Չնայած իշխանության պատժիչ գործիքակազմի կիրառմանը եւ վախի մթնոլորտին, որոնք այս ամիսներին ձերբակալությունների միջոցով փորձել է հաստատել Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության հրապարակի բազմամարդ հանրահավաքով ընդդիմադիր ուժը, ըստ տարբեր գնահատականների, ապացուցեց, որ Հայաստանում փոփոխությունների պահանջ է ձեւավորվել։ Սրբազան պայքարից հետո այն ամենաբազմամարդ հանրահավաքն էր, որը, ի դեպ, հիշեցնում էր 2021-ի նախընտրական հավաքը՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից հրավիրված։
Թե նախընտրական հանրահավաքներն ու քարոզարշավն ընտրական պրոցեսի վրա ինչ ազդեցություն են գործում՝ զրուցեցինք քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանի հետ: Նրա գնահատմամբ՝ նախօրեի հանրահավաքն ընդդիմադիր ուժի՝ մեկ տարուց ավելի իրականացրած քաղաքականության կուլմինացիան էր, որը կարելի է հաջողված համարել: Փաստորեն, տեւական պասիվությունից հետո մենք ազդեցիկ հանրահավաքի ականատես եղանք, ինչի վառ ապացույցն էին նաեւ դրան հաջորդած խուզարկություններն ու ձերբակալությունները․ «Իշխանությունը երեկվա հանրահավաքից հասկացավ, որ նախորդ շրջանում իր իրականացրած հետապնդումներն ու ճնշումներն իրենց համար ցանկալի էֆեկտ չեն տվել, եւ մարդիկ շարունակում են աշխատել, չվախենալ գալ հանրահավաքի: Թերեւս այս պատճառով է, որ հանրահավաքից ժամեր անց՝ հաջորդ օրը, որոշեց, որ լրացուցիչ գործիքակազմ կիրառի, որ մարդիկ ընտրություններին չմասնակցեն, հեռու մնան ընտրական գործընթացից եւ չկարողանան իրավիճակ փոխել ընտրությունների միջոցով»։
Չնայած նախկինում էլ ենք ընդդիմադիրների կազմակերպմամբ նման բազմամարդ հանրահավաքների ականատես եղել, եւ ընտրությունների արդյունքներն էլ ոչ թե հանրահավաքով, այլ քվեախցիկի ներսում են որոշվում, քաղաքագետը կարեւորում է, որ, անկախ ձեւավորված բիրտ միջավայրից, մարդիկ պատրաստ են պայքարի․ «Հանրահավաքը ցույց տվեց տրամադրությունները, եւ ընդհանուր որոշում, որ կա հասարակության մոտ, դա փոփոխությունների որոշումն է։ Ես համոզված եմ, որ, նախ, Նիկոլ Փաշինյանն այլեւս չունի հանրության աջակցությունը, ինքը վաղուց դա անվերադարձ կորցրել է։ Երկրորդ համոզմունքս էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու հարցում այլեւս չի հենվում ժողովրդական աջակցության վրա, նա այլ գործիքներով է փորձելու մեծամասնության հասնել՝ ճնշումներ, վախի մթնոլորտ։ Գյուղերից տեղեկություններ են ինձ փոխանցում, որ դպրոցի տնօրենները կամ վարչական ռեսուրս ունեցող այլ անձինք, իմանալով, որ այս կամ այն մարդը չի քվեարկելու Փաշինյանի օգտին, հորդորում են նրան ընդհանրապես չմասնակցել ընտրությանը։ Հետեւաբար, այո, Փաշինյանը կորցրել է հանրային աջակցությունը, եւ երեկվա հանրահավաքն էլ դրա ապացույցներից մեկն է»։
Քաղաքագետի խոսքով՝ լավ է, որ հանրության մեծ մասը կողմնորոշվել է Սամվել Կարապետյանի օգտին․ «Նոր ուժ է, մոտեցումներն ու խոստումներն էլ այնքան ծայրահեղական չեն, որ հանրության համար ընդունելի չլինեն, հանրահավաքը նաեւ ընդդիմադիր հիմնական տրամադրվածության կողմնորոշման ցուցիչն էր: Իհարկե, այլ ընդդիմադիր ուժեր էլ շեմը կհաղթահարեն, բայց համոզված եմ, որ առաջատարը հենց այս ուժն է»։
Հարցրինք ընդհանուր նախընտրական քարոզարշավի ընթացքի եւ ընտրողի վրա ազդեցության մասին՝ արդյո՞ք ֆավորիտ ընդդիմադիրների նկատմամբ հանրության վերաբերմունքից կարելի է եզրահանգել ընդդիմության միասնական հաղթանակի մասին։ «Քարոզարշավից դժվար է նման կանխատեսում անելը, բայց ես չէի ասի նաեւ, որ մեր ընդդիմությունը լավագույն քարոզարշավն իրականացրեց։ Ավելին ասեմ` թերություններն ու բացթողումներն ավելի շատ են, քան կարելի էր սպասել»: Անգամ եթե համեմատում ենք սկանդալներով ուղեկցվող իշխանության քարոզարշավի՞ հետ։ «Եթե համեմատում ենք իրավիճակի պահանջներին, որում հայտնվել ենք։ Հաճախ ընդդիմությունը ստեղծված իրավիճակին ոչ համարժեք մոտեցումներ է դրսեւորում, որոնք չեն առնչվում խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են մեր երկրի, փրկության առջեւ։ Սրություն չկա, պայքարի մթնոլորտ, որպես այդպիսին, շատ ուշ զգացվեց՝ վերջին երկու-երեք օրերին»: Բայց արդյոք դժվար չէ՞ ՔՊ-ին համարժեք ցածրակարգ քարոզարշավ իրականացնելը։ «Ցանկացած իշխանության դեմ պայքարելը դժվար է, մանավանդ որ երկար տարիների անհաջողություն ես ունեցել, բայց այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է փորձել։ Սա մեղադրանք չէ, ցանկություն է, որ եթե որոշումն այն է, որ ընտրությունների միջոցով պետք է իշխանություն փոխել, ուրեմն շատ ավելի սուր, անզիջում, հետեւողական պայքար է պետք մղել։ Խոսքը նույն լեքսիկոնի կիրառումը չէ, ինչ իշխանությունն է անում` դրա անհրաժեշտությունը չկա, ճիշտ հակառակը՝ ընդդիմությունն այս առումով շահեկանորեն տարբերվում է իշխանությունից, որովհետեւ պատասխանատու է իր խոսքի համար, պետության եւ ժողովրդի հանդեպ հարգանք է դրսեւորում, եւ շատ կարեւոր է, որ ընդդիմությունը չիջավ իշխանության մակարդակին, ես ավելի հետեւողական աշխատանքի մասին էի նշում, շեշտադրության փոփոխություններ, իհարկե, այս պահին արդեն կան, բայց՝ մի փոքր ուշացած»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր