Կիրակի , 2 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Սատանան էլ Փաշինյանի պես Աստծո խոսք էր օգտագործում՝ կործանման համար

«Հրապարակ»․ Սատանան էլ Փաշինյանի պես Աստծո խոսք էր օգտագործում՝ կործանման համար

Tue, 09 Jun 2026 10:15:26 +0400


«Հրապարակի» զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է:

– Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ, որպես նախընտրական խոստում, իր ընտրողներին հավաստիացրեց, որ երբ վերընտրվի, Վեհափառի հարցը նորից օրակարգ է բերելու եւ փոխելու է Եկեղեցու փաստացի ղեկավարին այլ անձով: Թե Սահմանադրության որ օրենքով է Փաշինյանը նման բան խոստացել, դա հարցի մյուս կողմն է, սակայն այժմ, երբ նա վերընտրվել է, չկա՞ մտավախություն, որ կարող է նորից հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա եւ այս անգամ հաջողել:

– Նախ ասեմ, որ նրա հաղթանակը փաստ չէ, ընտրությունները կեղծվել են: Ոչ մի ընտրության ժամանակ ես չեմ հիշում, որ հանձնաժողովի անդամներին ուղարկեն տուն, ասեն` գնացեք քնեք, առավոտյան կգաք հաշվարկը շարունակելու: Նման բան երբեք չի եղել, բոլոր ժամանակներում քվեարկությունն ավարտվել է ուշ գիշերին: Ես մեծ կասկածներ ունեմ, որ այդ ընդմիջումներն արվել են ընտրակեղծիքների նպատակով:

– Որտե՞ղ են եղել նման դեպքեր, Գյումրիո՞ւմ:

– Ընդհանուր՝ ես նման տեղեկություններ եմ ստացել: Տեղամասեր են եղել, որտեղ քվեարկությունը կիսատ են թողել, առավոտյան են շարունակել: Ամեն դեպքում, ես հակված եմ հավատալու, որ ընտրությունները կեղծվել են, եւ հույս ունեմ, որ ընդդիմադիր ուժերն այս անգամ կկարողանան հասնել հաջողության եւ կհասնեն իշխանափոխության:

– Փաշինյանն ընտրություններից հետո` մինչեւ ԿԸՀ-ն նախնական արդյունքները կհրապարակեր, հենց գիշերն ասուլիսով հանդես եկավ եւ այն մեկնարկեց սաղմոսով: Նա փորձում է հանրությանը ներկայանալ իբրեւ որպես հավատացյալ քրիստոնյա, ինչի՞ է ուզում հասնել դրանով: Մենք տեսնում ենք, որ նրա արարքները, մեղմ ասած, հավատացյալ մարդու արարքներ չեն:

– Սատանան էլ էր սաղմոսներով խոսում Քրիստոսի հետ: Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ուզում է սատանային նմանվել եւ շարժվում է այդ ոճով: Նա Աստծո խոսքով խաբում է ժողովրդին, սատանան էլ Աստծո խոսքով է խաբում մարդկանց, հատկապես նրանց, ովքեր իմաստնություն չունեն: Սատանան էլ, Փաշինյանի պես, ոչ թե փրկության համար էր Աստծո խոսք ասում, այլ՝ կործանման:

– Այնուամենայնիվ, եթե Նիկոլ Փաշինյանը որեւէ գնով, կլինի կեղծիքների միջոցով, թե արդար ընտրությունների արդյունքում, դարձավ վարչապետ, Եկեղեցին կդնի՞ հարվածի տակ, կկարողանա՞ Եկեղեցու դեմ քայլերում հաջողել:

– Առաքելական եկեղեցին անխորտակելի է, որովհետեւ Եկեղեցու գլուխը Քրիստոսն է: Այդ մարդն իրեն քրիստոնյա է հռչակել, բայց նա քրիստոնյա չէ: Երկու միտք է արտահայտել, որոնք բացահայտում են այս մարդու ոչ քրիստոնյա լինելը: Առաջինն այն միտքն է, որ Եկեղեցին թուլացնում է պետությունը, եւ այն մարդու կողմից ստեղծված կառույց է: Իշխանական շրջանակներն ասում են` երբ Եկեղեցին հզորացել է, պետությունը սկսել է թուլանալ: Եկեղեցու եւ պետության միջեւ մրցակցություն են փորձում մտցնել եւ ուզում են հանրությանը համոզել, որ Եկեղեցին թուլացնում է պետության հիմքերը, դրա համար պետք է Եկեղեցին թուլացնել, որպեսզի ուժեղանա պետականությունը: Սա արդյո՞ք հավատացյալ քրիստոնյա մարդու ասած խոսք է: Եթե նա մտածեր, որ Եկեղեցին աստվածային կառույց է, երբեք նման հայտարարություններ չէր անի: Պետականությունը թուլանում է մարդկանց մեղքերի ու սխալների արդյունքում, Եկեղեցին միշտ օգնել է՝ հաղթահարելու այն փուլերը, երբ վտանգի տակ է եղել Եկեղեցին, բայց քանի որ մենք գործ ունենք ոչ հավատացյալ մարդկանց հետ, հետեւաբար, նրանց մտածողությունը սա է: Այս մարդկանց պայքարը ոչ թե հոգեւորականների դեմ է, այլ հենց Հայ առաքելական եկեղեցու, եւ դա ակնհայտ է: Մյուս արտահայտությունն էլ այն է, որ մենք պետք է Եկեղեցին վերադարձնենք Քրիստոսին, պետք է օգնենք Քրիստոսին եւ այլն: Այս հայտարարություններն էլ արել է Եկեղեցու վրա հարձակման ժամանակ: Այս հայտարարությունից ստացվում է, որ Քրիստոսն ունի օգնության կարիք, դա նշանակում է, որ Քրիստոսը թույլ էր, նրա ձեռքից խլել էին Եկեղեցին, իսկ ինքը Քրիստոսից ավելի ուժեղ է, կարող է Եկեղեցին վերադարձնել Քրիստոսին: Սա հերետիկոսություն է: Նա Քրիստոսին չի ընդունում որպես Աստծո որդի: Քրիստոսն ասում է` այն, ինչ տվեց ինձ Հայրը, ոչ ոք չի կարող խլել….

– Հնարավո՞ր է, որ նորից տիրադավ հոգեւորականներին ակտիվացնեն, թե՞ նրանք զղջում են:

– Տիրադավների մեջ, ամեն դեպքում, կան կրթվածներ, եւ նրանք մշտապես դեմ են արտահայտվել իշխանություններին, սակայն գնացին իշխանությունների հետեւից: Եթե Փաշինյանն ակտիվացնի, գուցե ակտիվանան: Նրանք մտել են Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գարշելի ժամանակներում ենք ապրում, մանրախնդիր, լկտի ու հաբրգած իշխանությունների օրոք

Գարշելի ժամանակներում ենք ապրում, մանրախնդիր, լկտի ու հաբրգած իշխանությունների օրոք Sat, 01 Aug 2026 16:55:26 …