Հինգշաբթի , 11 Հունիսի 2026

Չորս ստուգում, որոնցից վախենալու պատճառ չպետք է ունենա իշխանությունը

Չորս ստուգում, որոնցից վախենալու պատճառ չպետք է ունենա իշխանությունը

Wed, 10 Jun 2026 21:15:37 +0400


Ընտրություններն ավարտվել են։ Հաղթողները շտապում են հայտարարել ժողովրդական վստահության մասին, պարտվածները՝ խախտումների։ Սոցիալական ցանցերում մեկը մյուսին մեղադրում է ստելու, կեղծելու, խաբելու մեջ։ Բայց կա մի պարզ հարց. մի՞թե հնարավոր չէ ճշմարտությունը պարզել։ Ընտրությունների նկատմամբ վստահությունը կառուցվում է ոչ թե պաշտոնական հայտարարություններով, այլ ստուգելի փաստերով։ Եթե կան հարցեր, որոնք հնարավոր է ստուգել, բայց չեն ստուգվում, ապա հասարակությունն իրավունք ունի շարունակել կասկածել։ Իմ դիտարկումներով՝ այսօր գոյություն ունի առնվազն չորս հարց, որոնց պատասխանները հնարավոր է ստանալ փաստաթղթերի, տվյալների համադրմամբ եւ տեխնիկական վերլուծությամբ։ Եթե իշխանությունը վստահ է արդյունքների օրինականության մեջ, թող բացի տվյալները։ Եթե ընդդիմությունը վստահ է իր մեղադրանքների մեջ, թող պահանջի ամբողջական ստուգում։ Եթե նշված չորս ուղղություններով ստուգումներ չեն կատարվում, հասարակությունն իրավունք ունի շարունակել կասկածել։

Առաջին հարցը. մահացածները չեն ընտրում, այդ դեպքում ինչո՞ւ են ցուցակներում

Վանաձորի 23/25 ընտրատեղամասում ես ընտրացուցակում հայտնաբերեցի իմ ծնողների անունները։ Հայրս մահացել է 26 տարի առաջ, մայրս՝ 7 տարի առաջ։ Եվ սա եզակի դեպք չէ։ Գրող Աշոտ Միրզոյանը գրել է վաղուց մահացած իր հարեւանի մասին, որը շարունակում էր մնալ ընտրացուցակում։ Դերասանուհի Արսինե Նավասարդյանը խոսել է 25 տարի առաջ մահացած հարազատի անվան մասին։ Սոցցանցերում նման պատմությունները հարյուրավոր են։ Հարցը հետեւյալն է. եթե պետությունը գիտի մարդու մահվան մասին, եթե մահվան փաստը գրանցվում է պետական ռեգիստրներում, ապա ինչո՞ւ է մարդու անունը մնացել ընտրացուցակում։ Այդ մարդկանց անվան դիմաց կա՞ն մասնակցության նշումներ, ստորագրություններ։ Նրանք «մասնակցե՞լ» են ընտրություններին։ Ես փորձեցի պարզել՝ արդյոք իմ ծնողների անվան դիմաց ստորագրություններ կայի՞ն։ Ինձ թույլ չտվեցին ծանոթանալ քվեարկության մատյանին, ինչը կասկածի տեղիք է տալիս։ Հասարակությունն իրավունք ունի ստանալ հստակ պատասխան։ Այս հարցը կարելի է լուծել շատ պարզ ճանապարհով։ Ընդդիմությունը, դիտորդները պետք է պահանջեն մահացած քաղաքացիների տվյալների համադրում ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հետ։ Եթե ոչ մի համընկնում չի հայտնաբերվում՝ հրաշալի։ Եթե հայտնաբերվում են, ապա հանրությունը պետք է իմանա այդ մասին, որովհետեւ ժողովրդավարությունը չի կարող հիմնվել «հավատացեք մեզ» սկզբունքի վրա։

Երկրորդ հարցը. կրկնակի եւ բազմակի քվեարկությունների հնարավորությունը

Տարիներ շարունակ ընտրություններից հետո հնչել են կասկածներ կրկնակի կամ բազմակի քվեարկությունների վերաբերյալ։ Այսօր նման ստուգումը տեխնիկական առումով չափազանց պարզ է։ Բավական է համադրել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ամբողջական ցուցակները միմյանց հետ։ Եթե նույն անձը հայտնվում է մեկից ավելի տեղամասերում, համակարգը դա կգտնի։ Այն, ինչ մի ժամանակ ամիսների աշխատանք էր պահանջում, այսօր կարող է իրականացվել ժամերի ընթացքում։ Ուրեմն ինչո՞ւ դա չի արվում։ Եթե կրկնվող ստորագրություններ չկան, ապա իշխանությունը միայն կշահի այդ ստուգումից։ Եթե կան, հասարակությունը պետք է իմանա դրանց ծագումը։

Երրորդ հարցը. զինվորականների քվեարկությունները

Ընտրություններից հետո հանրության ուշադրությունը գրավեցին զինվորականների մասնակցության վերաբերյալ տեղեկությունները։ Հատկապես քննարկվում էին որոշ տեղամասերում ուշ ժամերին արձանագրված քվեարկությունները։ Կարելի է անվերջ վիճել քաղաքական գնահատականների շուրջ։ Բայց շատ ավելի օգտակար է ստուգել փաստերը։ Եթե առկա են ընտրողների ամբողջական ցուցակները, ապա հնարավոր է պարզել՝ արդյոք որեւէ զինվոր հայտնվե՞լ է մեկից ավելի տեղամասում։ Եթե պարզվի՝ ոչ, ապա ստուգումը միայն կուժեղացնի վստահությունը։

Չորրորդ հարցը. Թուրքիայում տպագրված հայկական անձնագրերի պատմությունը

Մի քանի տարի առաջ հանրությունը տեղեկացավ Թուրքիայում տպագրված հայկական անձնագրերի աղմկահարույց պատմության մասին։ Տեղեկություններ հրապարակվեցին, քննարկումներ եղան, քրեական գործերի մասին խոսվեց։ Հետո կեսբերան հերքումներ տարածեցին, ու լռություն տիրեց։ Բայց հարցերը մնում են անպատասխան։ Ի՞նչ անձնագրեր էին դրանք, քննություն ընթացա՞վ։ Բացահայտվե՞լ են պատասխանատուները, թե՞ ամեն ինչ ծածկադմփոց արեցին՝ գնաց։ Եթե պատմությունն ավարտված է, հասարակությունն իրավունք ունի ծանոթանալ արդյունքներին։ Ամենակարեւորը՝ նման հարցերի շուրջ լռությունը չի վերացնում կասկածները։

Խոսք ընդդիմությանը

Հարգելի ընդդիմադիր գործիչներ, հազարավոր մարդիկ ձեզ հավատացել են, եկել են ձեր հետեւից։ Հազարավոր մարդիկ իրենց ձայնը տվել են այն համոզմամբ, որ դուք պայքարելու եք մինչեւ վերջ։ Ուրեմն մի՛ սահմանափակվեք հայտարարություններով։ Մի՛ բավարարվեք մամուլի ասուլիսներով։ Պահանջեք տվյալներ, համեմատական վերլուծություններ արեք։ Պահանջեք փորձաքննություններ։ Պահանջեք ստուգել յուրաքանչյուր կասկածելի հանգամանք։ Եթե չեք պահանջում ստուգում, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ինչո՞ւ։ Ժողովրդավարությունը չի սկսվում քվեատուփի մոտ եւ չի ավարտվում ընտրությունների օրը։ Ժողովրդավարությունը շարունակվում է ընտրություններից հետո եւ հաջորդ ընտրություններից շատ առաջ, քաղաքացին պահանջում է պատասխաններ, իշխանությունն ու ընդդիմությունը պարտավոր են դրանք տալ։

Արհեստական բանականությունը կարող է օգնել

Այսօր հաճախ խոսում են ԱԲ-ի վտանգների մասին, սակայն այն կարող է ծառայել նաեւ ժողովրդավարությանը։ Տվյալների խոշոր բազաների համեմատությունը, կրկնությունների որոնումը, մահացած անձանց տվյալների համադրումը, ընտրողների ցուցակների ստուգումը կարող են ժամանակակից համակարգերը կատարել շատ արագ։ Եթե համապատասխան տվյալներ տրամադրվեն իրավասու մասնագետներին, հնարավոր կլինի ստանալ առավել հստակ պատկեր եւ պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնք տարիներ շարունակ հասարակության մեջ անվստահություն են ծնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դիտարկումներ՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների մասին

Դիտարկումներ՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների մասին Wed, 10 Jun 2026 19:53:12 +0400 «Նոր ուժ» կուսակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով