Երկուշաբթի , 22 Հունիսի 2026

Նամակ ռուսաց թագավորին

Նամակ ռուսաց թագավորին

Tue, 16 Jun 2026 15:15:27 +0400


Հարգելի եւ անմոռանալի Վլադիմիր Վլադիմիրովիչ

Աշխարհի ծագերից շնորհավորական ուղերձներ են գլխիս թափվում։ Միայն Դուք եք լռում։ Վիրավորված եմ։ Ի վերջո, երկու հարյուրից ավելի հեռախոսազրույց ենք ունեցել, սեղան ենք նստել՝ թաս թասի խփել: Դժվա՞ր է հեռախոս վերցնել՝ Ձեր գործընկեր Նիկոլ Վովաեւիչին շնորհավորել։ Հասկանալի է՝ դա բառերի փունջ է, բայց քաղաքականության մեջ բառերն ավելի թանկ են, քան՝ բանակները։ Մի քանի բառ, եւ մեր լրատվամիջոցները գիտեն, թե ոնց բացատրեն ժողովրդին, որ դա պատմական իրադարձություն է։
Կասկածո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին։ Այն անցել է մեզ հատուկ ժողովրդավարության ավանդույթներով։ Բողոքում են, դատարաններ են դիմում, թվեր են համեմատում, քվեներ վերահաշվում։ Դուք էլ գիտեք՝ քաղաքականության մեջ որոշիչը հայտնաբերված սխալը չէ, այլ՝ այն, թե ով է հաշվողն ու որոշողը՝ սխալը սխա՞լ է, թե՝ ոչ։ Չէ՞ որ վերջում սխալ գտնողներն են սխալ դուրս գալիս։ Պետությունն է որոշում, թե որն է ճշմարտությունը: Պետությունն էլ, բարեբախտաբար, ես եմ։

Մենք մեր քաղաքացիներին տվել ենք ազատություն։ Նրանք ազատ էին ընտրել՝ ինչ առաջարկել էինք։ Ժողովրդավարությունն այն համակարգն է, որտեղ բոլորի կարծիքը լսվում է, բայց որոշիչ է մնում ճիշտ կարծիքը։ Ինձ մեղադրում են, թե հասարակությունը բաժանվել է մասերի։ Մի մասը սիրում է ինձ, մյուս մասը չի սիրում։ Այսինքն՝ հասարակության երկու հատվածն էլ զբաղված է ինձնով։ Ավելի մեծ ազգային համախմբում չի կարող լինել։

Պողպատե մանդատը շատ հետաքրքիր բան է։ Սկզբում այն տրվում է ժողովրդի կողմից, հետո արդեն մանդատն է բացատրում բոլորին, թե «ո՛վ է ինքը»։ Ես անկեղծ կխոսեմ մեր ընդհանուր ռազմավարական հաջողությունների մասին։ Երեք հարյուր տարի շարունակ Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի ուսերին։ Ամեն սերունդ մի նոր խնդիր է ստեղծել. անվտանգություն, սահմաններ, պատերազմներ, դաշնակցային պարտավորություններ, Ղարաբաղ։ Ես որոշել եմ այդ անարդարությունը քոքից վերացնել։ Ղարաբաղի հարցը փակված է: Հիմա նույն հետեւողականությամբ առաջ ենք շարժվում մյուս ուղղություններով։ Արդյունաբերությունն էլ չի շնչում։ Գյուղատնտեսությունը դառնում է պատմական հիշողություն։ Բանակի մասին քաղաքացիներն անցյալ ժամանակով են խոսում։ Հաջողվել է ձեւավորել համընդհանուր կասկածի մթնոլորտ։ Պետական ինստիտուտները դարձել են այնքան ճկուն, որ ցանկացած քաղաքական քամու ուղղությամբ թեքվում են։ Ուրիշները քանդում են դարերով, մենք դա արեցինք մի քանի տարում։

Եթե վաղը Հայաստանը վերածվի հերթական դատարկ տարածքի, Ռուսաստանը ստիպված չի լինի մտածել Հայաստանի անվտանգության մասին։ Եթե հայերը շարունակեն հեռանալ հայրենիքից, նրանք կհարստացնեն տարբեր երկրների աշխատաշուկաները։ Մեծ մասը կտեղափոխվի ՌԴ։ Աշխատասեր են, խելացի, հարմարվող: Օգտակար քաղաքացիներ են։ Հայաստանից դուրս նրանք շատ ավելի քիչ անհարմարություններ կստեղծեն։ Հետեւաբար, խնդրում եմ իմ գործունեությունը դիտարկել ոչ թե որպես հակառուսական, այլ բացառիկ ռուսամետ։ Ես ոչ թե բարդացնում եմ Ռուսաստանի կյանքը, այլ ազատում եմ հայկական հարցից։ Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք ինձ, գազը թանկացրեք, ապրանքաշրջանառությունը կրճատեք, մաքսատուրքերը բարձրացրեք: Դրանք այլեւս վտանգավոր չեն մեր ծրագրերի համար։ Վտանգավոր կլինեին, եթե մեր նպատակը հայկական պետության հզորացումը լիներ։ Բայց այդպիսի նպատակ, բարեբախտաբար, չունենք եւ չենք ունեցել: Այնպես որ՝ շնորհավորեք ինձ։

Ձեզ միշտ նվիրված՝ Նիկոլ Վովաեւիչ

Գրառեց
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆԸ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի վարքագիծն ու հայտարարությունները իր պարտության մասին են

Փաշինյանի վարքագիծն ու հայտարարությունները իր պարտության մասին են Sat, 20 Jun 2026 19:15:17 +0400 «Հրապարակի» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով