«Հրապարակ». Վթարային շենքում արթնանալն ու չգործելը հավաքական անպատասխանատվություն են
Sat, 20 Jun 2026 11:45:20 +0400

Հարցազրույց քաղաքագետ Նվարդ Մանասյանի հետ
– Կայացան ԱԺ ընտրությունները, ի՞նչ սպասենք՝ հաշվի առնելով ընտրությունների արդյունքները։
– Պայմանական ընտրություններից հետո երբեք սպասելիք չի լինում: Այս ընտրությունները պայմանական էին այնքանով, որքանով ազատ խոսքն այս տարիների ընթացքում որեւէ արտահայտչամիջոց եւ հարթակ չի ունեցել, եղել են պարտադրված 2 հակառակ եւ ծայրահեղ թշնամական ճամբարներ, որոնց միջեւ ՀՀ քաղաքացին ստիպված է եղել դիրքորոշվել: Սակայն ես այս տարաբախտ անցյալն արդեն ուզում եմ փակել եւ թողնել պատմությանը: Այս օրերին շատ էի հիշում Մոնթե Մելքոնյանի մասին պատմությունը, երբ զավթված, հայաթափվող Արցախում հայկական զինված միավորումների հետ քննարկել էր հաղթանակի մարտավարությունը: Առաջարկում եմ՝ մենք էլ հիմա կենտրոնանանք մեր հաղթանակի վրա, եւ բոլորովին կարեւոր չէ, թե ինչ սպասենք ԱԺ-ից, իրական գործընթացներն այլեւս զարգանալու են այդ շենքից դուրս՝ առաջնորդվելով մեր երկրի հիմնարար օրենքի՝ Սահմանադրության սկզբունքներով:
– Ի՞նչ կարող է անել իշխանությունն իր 64 մանդատով եւ ո՞ւր է ուզում տանել երկիրը։
– Սահմանադրության արտոնած 3/5 մեծամասնությամբ իշխող ուժը կարող է ամեն ինչից առավել այնպես ձեւափոխել սահմանադրական օրենքները, որ մենք գլորվենք հանրապետականության քողի ներքո թաքնված բռնապետության հատակը: Պետք է նշեմ, որ հետընտրական իշխանական շրջանակի հռետորաբանությունը միանձնյա ձեւավորվող տոնայնություն է, նշմարում է այն հնարավոր չակերտավոր հեղափոխական ուղղությունը, որը սնանկացավ անցյալ հազարամյակում: Չեմ ուզում մանրանալ․ այդ հռետորաբանությամբ, գուցե հակասական հնչի, իշխանությունը հայտնվել է ծուղակում: Ատելության երկարատեւ քարոզը չի կարող կառավարելի մնալ, այն չնայած ուղղորդված ստեղծվել էր, ավելի շուտ՝ էսկալացվել, հաշվի առնելով անցյալի սխալներն ու անարդարությունները, սակայն նույն արդյունավետությամբ չի աշխատում, երբ իշխանության լծակները տնօրինում ես երկարատեւ 8 տարի: Այդ ատելության մթնոլորտում շատ դյուրին է նետն ուղղել դեպի օրվա կառավարիչներն ու մահացու գրկախառնության մեջ խեղդվել ու խեղդել հանրապետությունը: Բացատրեմ, թե ինչպես: Թափ առնող ատելությունը կառավարելու մղմամբ՝ իշխող ուժը ստիպված եղավ գնալով ավելի բեւեռացնել հասարակությունն այնքան, որ մենք հասել ենք բռնության ավելի կոշտ ձեւերին դիմելուն: Պատահական չէ, որ իշխանությունը մահու չափ սարսափում է հակազդման որեւէ դրսեւորման հեռանկարից՝ այնքան, որ ծիծաղելի է, բայց մարդիկ սովորական հայերեն բառերի համար լրացուցիչ բացատրություն են տալիս, որպեսզի անհարկի հարցաքննության չենթարկվեն: Նման բան հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ՝ 1905-ին ցարական Ռուսաստանում էր, երբ բառերի արգելված ցանկ էր կիրառվել: Մենք այդ կետին շատ մոտ ենք: Մինչ այդ մենք այլեւս չենք կարող դիտողի դերում նայել, թե ինչպես է մսխվում ժողովրդի ստեղծարար ներուժը: Եվ ինչ էլ անեն ԱԺ-ում հայտնված ուժերը, պետության տեսանկյունից այլեւս էական չէ: Որքան շուտ հասկանանք դա, այնքան շուտ կազատվենք այդ կեղծ փակուղուց: Հավատացեք, դա մեր երկրի ու բնակչության մի փոքրիկ հատվածն է, մենք իրականում ավելի շատ, բազմազան ու գունեղ երազանքներ ունենք, եւ ժամանակն է՝ խոսելու դրանց մասին առանց կաշկանդման: Սա մեր երկիրն է, ու մենք ոչ մի տեղ արտագաղթելու մտադրություն չունենք: Ես դիմում եմ այս պահին մեզ կարդացողների այն հատվածին, որն այս զգացողությամբ է արթնանում իր հայրենիքում եւ գոհունակությամբ ու երջանկությամբ է կառուցում իր կյանքը մոլորակի փոքրիկ այս կտորի վրա:
– Ժողովուրդն իր ընտրությունն արել է։ Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։
– Ժողովուրդն արել է ավելին, քան միայն իր ընտրությունը, 2 կռվող, անհանդուրժող, փոքրոգի բալիկների, չափն անցնող գզվռտոցից ծնված մահացու թշնամությանն ասել է իր իմաստուն ՈՉ-ն ու բաժանել է այս երկուսին իրարից: Ժողովուրդն իր իմաստնությամբ եւս մեկ անգամ ցույց է տվել, որ անգամ այս փոթորկվող շրջանում երկիրը ճոճող տարբեր ուղղություններից եկող ազդակներին կարողացել է դիմակայել իր կայունացնող դիրքորոշումներով, որի համար տարբեր կողմերից ինչ պիտակ ասես՝ ստացել է ու լուռ տարել: Ժողովուրդը գործել է իր հավաքական իմաստնության լավագույն դրեւորմամբ: Փոխաբերական իմաստով՝ մի այնպիսի նշաձող է այսօր սահմանված այս քվեարկությամբ, թույլ տվեք այն ընտրություն չանվանեմ, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն այդ լիգայից դուրս են մնացել: Ու ես չգիտեմ, թե ինչ կարող են իրենք անել: Թերեւս հետեւել այս իմաստնությանն ու ժողովրդի կողմից իրենց փոխանցած փխրուն հավասարակշռությունը պահելու հետընտրական ջանքեր գործադրել:
– Ինչո՞վ բացատրել Փաշինյանի խուճապն ու հիստերիան, ինչո՞ւ է այդպես սպառնում։
– Ես քաղաքագետ եմ, ինձ համար դժվար է դիմանկարի ժանրում որեւէ բան առաջարկել: Կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանում աննախադեպ ու շատ գեղեցիկ հորիզոն է նշմարվում: Ամենայն հավանականությամբ, մենք ճահճուտից դուրս գալու շեմին ենք: Հայաստանում 2018-ին ժողովուրդը կարողացավ պետության շարունակվող զավթումը կասեցնել թավշյա հեղափոխությամբ, վստահել մի խումբ առաջամարտիկների ու օրվա իշխանությանը տալ բացառիկ վստահության քվե, հնարավորություն՝ ժողովրդավարական գործընթացներն անդարձելի դարձնելու համար: Բայց այս վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ անարդարության մերժումը հարցին լուծում չբերեց: Մենք մերժման շրջափուլի ավարտին ենք հասել ու որպես իմաստուն ժողովուրդ հասկանում ենք, որ երկրորդ անգամ մերժելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ անհատական մակարդակում բոլորս մերժված ենք: Մեզ մնացել է վերացարկվել մեր սեփական ես-ից, եւ մտածել այն երազանքի մասին, որն այս տարիների ընթացքում այդպես էլ իրականություն չդարձավ:
– Փաշինյանն ասում է՝ «եռագլուխը» պատերազմ է սադրել։ Հավանական պատերազմի մեղքը բարդելու է ընդդիմության վրա՞։
– Ես կառաջարկեմ շատ չսեւեռվել Փաշինյանի խոսքերի վրա, կարծում եմ՝ ինքն էլ, ընդդիմության առաջնորդներն էլ բոլորիս աջակցության կարիքն ունեն: Մենք պատմական իրադարձությունների շեմին ենք: Կարծում եմ՝ այդ բառապաշարից վերացարկվել է պետք ու հասկանալ, որ պատերազմը մենք սադրում ենք պառակտիչ խոսույթին տրվելով: Մի պահ պատկերացրեք, որ հայ ժողովրդի մահացու ու անդրդվելի թշնամին եք: Ե՞րբ է լավագույն պահը, որի ընթացքում որպես թշնամի կարելի է գործել ու ծնկի բերել ժողովրդին: Ակնհայտ է, որ եթե հանրությունն անվերջ պառակտված է ու գործում է ատելության մեջ: Այդ իմաստով պատերազմ սադրում են նախ ատելությունը սփռող հիմնական դերակատարները եւ այդտեղ՝ օրվա իշխանությունը, հետեւաբար, այսօր ՔՊ-ն կրում է պատասխանատվության մեծագույն բեռը՝ որպես օրինակելիության ակնկալվող սուբյեկտ ու երկրում օրակարգ պարտադրող քաղաքական միավոր: Այս իմաստով կարծում եմ՝ Փաշինյանը խոր մոլորության մեջ է, ու շատ ափսոս: Արդարության համար ասեմ, որ մեզնից յուրաքանչյուրը, որն այս պահին չի կարողանում չտրվել պահի գայթակղությանն ու չավելացնել ատելությունը եւս մեկ նոտայով, մոտեցնում է պատերազմը: Այդ իմաստով մենք՝ բոլորս, ունենք մեղքի մեր բաժինը: Այս հատակից այլեւս մեզ մնացել է միայն մեկ ելք՝ քայլ դեպի լույս, դեպի վերելք ու մաքրագործում: Հետեւաբար, ես չեմ ուզում մեզ բաժանել Փաշինյանի, Քոչարյանի, Կարապետյանի, Պետրոսյանի, Սանասարյանի, մյուսների:
– Փաշինյանը խոսում է կաշառքով ձայն ստացած ընդդիմության մասին, կոչ է անում դուրս գալ հրապարակ, հեղափոխություն անել… Հնարավո՞ր են նոր ընտրություններ, երբ թույլ չի տա հիմնական ընդդիմադիր ուժերին՝ մասնակցել ընտրություններին։
– Կարծում եմ՝ շատերս ենք սխալվել, երբ լավ չենք հասկացել, թե ով է երկրում ինքնիշխանը: Ժողովուրդը դուրս կգար, եթե հեղափոխության անհրաժեշտություն լիներ: Դա որեւէ քաղաքական գործիչ, որքան էլ ինքնավստահ լինի, պատվիրել չի կարող: Հեղափոխության համար որեւէ հիմք չկա: Մերժվածներիս մերժելու բան այլեւս չի մնացել: Վերջապես, երկրում դեռեւս չեն սպառվել ինքնիշխանի ձեռքի տակ գտնվող սահմանադրական գործիքները: Մեկ էլ կարծում եմ, որ սադրանքների տրվել պետք չէ, օրակարգը սահմանում է ժողովուրդը, եւ պետք է զգոն լինել: Մեր անկատար Սահմանադրությունը, ի հեճուկս իր խրթին կարգավորումների, մեզ թողել է փառահեղ վերջնախաղի հնարավորություն: Մենք այս պահին տնօրինում ենք սահմանադրական 2/3 մեծամասնությունը, եւ որեւէ կողմ պետք է գա մեր դուռն ու մեկիկ-մեկիկ խնդրի մեր համաձայնությունը: Հեղափոխությունն այս անգամ փողոցային բնույթ չի կրելու, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը, ամեն բան մերժելուց հետո, վերջապես առերեսվելու է սեփական ես-ի ու այն մյուսների հետ չափայնության մեջ դնելու անխուսափելիության հետ: Հիմա շատ լավ պահ է՝ առավոտյան արթնանալու եւ հարցնելու, թե ով ենք ու ինչ ենք ուզում այս կյանքից: Եվ եթե մեզ այդ հարցերի պատասխանը հուզում է, այս աշխարհագրական դիրքից նայելով, մենք չունենք այլեւս որեւէ այլ տարբերակ, քան մեր հայրենիքի մասին պատկերացումների տարուբերումն ու համատեղ կյանքի կազմակերպումը: Սահմանադրությունն այսքան մաշկին մոտ ու հասարակ բան է, որն ինչպես այլ դեպքերում է պատահում, որոշ մասնագետներ չափից առավել են սրբացնում ու գաղտնագրում, հավանաբար՝ սեփական կարեւորությունն անհարկի շեշտադրելու համար:
– Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով. «մեզ առավելագույնը մնաց 1 տարի»։
– Այս 2 կողմում ժողովված անբանակցելի չարաճճիներին այս պահին հավասարակշռության բերած ժողովուրդը շատ ժամանակ չունի: Համակարգի քայքայումը մտել է որոշիչ փուլ: Երբ որեւէ կառուցվածքում դիմադրության կետերի քանակը փոքրանում է, մեծանում է փլուզման վտանգը: Փոխաբերական իմաստով, վթարային շենքում արթնանալն ու չգործելը հավաքական անպատասխանատվություն է: Բոլոր նրանք, ովքեր սա տեսնում են, պետք է գործեն, ու բացարձակ կարեւոր չէ՝ քաղաքական գործիչ են, թե տնային տնտեսուհի: Եթե այս արձանագրումն արել ենք, պետք է լծվենք նոր շենքի նախագիծն ու շինարարությունն առանց հապաղման մեկնարկելու գործին: Եթե ՍԴ-ում վիճարկվեն այս չակերտավոր ընտրության արդյունքները, ու դա ձգվի մինչեւ աշուն, դրանից հետո ընդդիմությունը պետք է վճռական որոշում կայացնի: Իշխող ուժը կայացրել է վճռական որոշում եւ վերցրել մանդատները: Ըստ այդմ, իշխանությունն ընդունում է այս ընտրությունների լեգիտիմությունը: Այդ ամենի ֆոնին տարօրինակ են հնչում ընտրակաշառքի մասին պնդումները: Եթե դա իսկապես որոշիչ ազդեցություն ունեցած լիներ, պետք է վերանշանակվեին նոր ընտրություններ: Մանդատները վերցնելու դեպքում ժողովրդին մնալու է շատ քիչ ժամանակ՝ արագացող քայքայման պայմաններում: Անխուսափելիորեն, բռնապետության ձգտող քաղաքական համակարգը գալու է մեր համաձայնության հետեւից, այն ստանալու ճանապարհին առանց խտրականության կիրառելով ձեռքի տակ եղած բոլոր թույլատրելի, անթույլատրելի, ոչ էթիկական ու անգամ օրինականության անվան տակ թաքնված ապօրինությունները՝ մեր համաձայնությունը կորզելու համար: Մենք պետք է այդ պահին ունենանք 2 բան: Առաջինը․ պետք է հաղթահարած լինենք պառակտվածությունը: Երկրորդը․ պետք է պատկերացում ունենանք, թե ինչ պետություն ենք կառուցում, ու Սահմանադրության մեջ ինչ ամրագրումներ պետք է ներառվեն եւ ինչու: Միակ լուծումը ես տեսնում եմ արտախորհրդարանական՝ համաժողովրդական համախմբման մեջ: Մենք ենք մեր ճակատագրի տնօրենը: Ես շատ կուզեմ, որ պատմության էջերում մեզ նայող մեր ժառանգները հպարտությամբ համակվեն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր